«Մենք անհամբերությամբ սպասում ենք այն օրվան, երբ անկախ Արցախի դրոշը հպարտորեն կծածանվի աշխարհի բոլոր մայրաքաղաքներում», ասված է Ամերիկացի կոնգրեսականներ Ֆրենկ Փալլոնի եւ Մարկ Քիրքի ուղերձում
ԼՂՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 18-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենկ Փալլոնը եւ Մարկ Քիրքը շնորհավորական ուղերձ են հղել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին: Ուղերձում ասված է. «Թույլ տվեք շնորհավորել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /Արցախի/ ժողովրդին եւ անձամբ Ձեզ` անկախության 18-րդ տարեդարձի առթիվ: Այդ պատմական օրը խորհրդանշում է ևս մեկ կարևոր փուլ Լեռնային Ղարաբաղի ազատության ու անկախության ճանապարհին: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը հայտարարեց ազատ, ժողովրդավարական պետություն կառուցելու իր ձգտման մասին եւ անսասանորեն հետեւում է իր նպատակին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը /Արցախը/ հաջողությամբ զարգացնում է ժողովրդավարությունը եւ իրականացնում ազգերի ինքնորոշման իրավունքը: Ձեր ջանքերն այդ ուղղությամբ, հատկապես տարբեր մարտահրավերների պայմաններում, արժանի են հիացմունքի: Մենք այսուհետ էլ կշարունակենք աջակցել պատերազմի հետեւանքով տուժած Արցախի տնտեսության վերականգնման, ժողովրդավարության ամրապնդման, շարունակական զարգացման եւ բարգավաճման համար կայուն հիմքի ստեղծման գործին:
Անցած 18 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը /Արցախը/ ապացուցել է իր նվիրվածությունը ազատության, խաղաղության եւ ժողովրդավարության համամարդկային արժեքներին: Մենք գնահատում ենք ձեր ավանդը տարածաշրջանային կայունության պահպանման գործում եւ վստահեցնում ենք, որ կողմնակից ենք Արցախի անվտանգության ապահովմանն ու զարգացմանը:
Ազատության ճանապարհին մենք ձեզ հետ ենք եւ պաշտպանում ենք անկախության միջազգային ճանաչմանը հասնելու ձեր ձգտումը: Մենք անհամբերությամբ սպասում ենք այն օրվան, երբ անկախ Արցախի դրոշը հպարտորեն կծածանվի աշխարհի բոլոր մայրաքաղաքներում,-նշել են ամերիկացի կոնգրեսականներ Ֆրենկ Փալլոնը եւ Մարկ Քիրքը Արցախի հանրապետության 18-րդ տարեդարձի կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում:
Թեգեր` Արցախ, Մարկ Քիրք, Ֆրենկ Փալլոնե












