Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Վերլուծական

ՀՀ նախագահի պատասխան այցի համար նախադրյալներ արդեն ստեղծվել են. թերեւս դա է Շվեյցարիա-Հայաստան-Թուրքիա համատեղ հաղորդագրության ամենաշոշափելի արդյունքը

Սեպտեմբեր 4, 2009թ. 16:42

Օգոստոսի 31-ին Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը, Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները հանդես եկան համատեղ հաղորդագրությամբ, որտեղ հրապարակվում են Հայաստանի եւ Թուրքիայի հանրապետությունների միջեւ «Դիվանագիտական հարաբերություններ հաստաստելու» եւ «Երկկողմ հարաբերությունները զարգացնելո» մասին զույգ արձանագրությունները` իրագործման ժամանակացույցն ու տարրերը մատնանշող հավելվածով:

Հրապարակված հավելվածը, ըստ երեւույթին, այն «ճանապարհային քարտեզն» է, որի մասին արձանագրվել էր Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի` ապրիլի 22-ի միաժամանակյա համատեղ հայտարարությամբ, առանց դրույթները պարզաբանելու: Օգոստոսի 31-ի հաղորդագրությամբ` հայկական և թուրքական կողմերը համաձայնել են ներքին քաղաքական խորհրդակցությունները սկսել վերոհիշյալ երկու արձանագրությունների շուրջ, իսկ արձանագրությունները  «խելամիտ ժամկետում» երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակ են սահմանել: Խորհրդակցություններն ավարտվելու են 6 շաբաթվա ընթացքում, որից հետո արձանագրությունները ստորագրվելու և ներկայացվելու են երկու երկրների խորհրդարանների վավերացմանը:

Կհաջողվի՞ 6 շաբաթվա խորհրդակցություններով հաղթահարել հայ-թուրքական հարաբերությունների 18-ամյա վաղեմություն ունեցող չկարգավորվածությունը, ցույց կտա ժամանակը: Բայց որ դրանց անցկացման համար սահմանված 6-շաբաթյա ժամկետը լրանում է հոկտեմբերի 14-ին նշանակված Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային պատասխան հանդիպումիցմեկ օր առաջ, իսկ համատեղ հաղորդագրությունը` արձանագրություններով հանդերձ թուրքական կողմի ստանձնած պարտավորվածությունները կատարելու այն  «ձգտում» են, որոնց բացակայության մասին BBC-ին տված հարցազրույցում արտահայտվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, փաստ է:

Այսինքն` պարտավորվածությունների առումով ինչ-որ քայլ արդեն կատարվել է, ուստի և նա կարող է Թուրքիա գնալ: Չգնալու դեպքում նախագահ Սարգսյանը ոչ միայն կհայտնվի իր սկզբնավորած հայ-թուրքական երկխոսությունը ձախողելու դերում, այլեւ առիթ կտա Թուրքիայի ազգային մեծ ժողովին, որ չվավերացնի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ երկկողմ հարաբերություններ զարգացնելու մասին արձանագրությունը:

Համենայն դեպս, Շվեյցարիա-Հայաստան-Թուրքիա համատեղ հաղորդագրության թերեւս ամենաշոշափելի արդյունքը ՀՀ նախագահի պատասխան այցի համար ստեղծած նախադրյալն է: Ինչ վերաբերում է զույգ արձանագրություններին, ապա դրանք, նպատակամղված լինելով Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, ի չիք են դարձնում հայկական կողմին դեռեւս 1991-ին առաջադրված թուրքական նախապայմանները: Այլ կերպ` Թուրքիան այդ արձանագրություններով ակամա հայտարարում  է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Հայաստանին նախապայմանների առաջադրումից հրաժարվելու մասին: Այդ ընթացքում ամբողջությամբ խախտվում են Թուրքիայի միջոցով Հայաստանին մեկուսացնելու, իսկ մեկուսացումը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակին ծառայեցնելու Ադրբեջանի քաղաքական բոլոր հաշվարկները:

Չի բացառվում, որ Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, հաստատումը խրախուսող միջազգային ուժերը, ի դեմս ԱՄՆ-ի ու Եվրոմիության, նպաստեն տարածաշրջանային նախագծերին Հայաստանի ներգրավվածությանը: Թերեւս այս ներգրավվածության հեռանկարի հավանականությամբ պետք է պայմանավորել Շվեյցարիա-Հայաստան-Թուրքիա համատեղ հաղորդագրությանը Ադրբեջանի սանձարձակ հակազդեցությունը և «դավաճան» այն պիտակը, որը նա արձանագրությունների առնչությամբ կպցրել է Թուրքիային:

Սեպտեմբերի 1-ի համարում  «Վաթան» թերթը, անդրադառնալով ադրբեջանական հակազդեցությանը, դա բնութագրել էր հետեւյալ ուշագրավ վերնագրով. «Դավաճանություն. Աշխարհը գոհ է, Ադրբեջանը` մտահոգ». Ադրբեջանի մտահոգությունները պատճառաբանվում են նրանով, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրություններում չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ոչ էլ որևէ ձեւակերպում կա Ադրբեջանի «օկուպացված տարածքների» մասին:

Ի տարբերություն Ադրբեջանի, թուրքական ընդդիմությունը Ժողովրդա-հանրապետական եւ Ազգայնական շարժում կուսակցությունների գլխավորությամբ` դավաճանության մեջ է մեղադրում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ նրա կառավարությանը; Համատեղ հաղորդագրությունը նրանք համարում են միակողմանի զիջում «Թուրքիայի նկատմամբ թշնամական քաղաքականություն» որդեգրած Հայաստանին, իսկ արձանագրությունները որակում են «Թուրքիայի ազգային շահերի ոտնահարման» դրսևորում:

Այս կուսակցություններին «մտահոգում» է նաև արձանագրություններում  «Թուրքիայի նկատմամբ Հայաստանի թշնամական քաղաքականությունը», «Կարսի պայմանագրի և դրա վերահաստատման անհրաժեշտությունը», այդ թվում  «այսպես կոչված Հայոց ցեղասպանության հայկական պնդումների» մասին հստակ ձեւակերպումների բացակայությունը: Հատկանշական է, որ հայաստանյան ընդդիմությունն էլ, համարելով արձանագրությունները Թուրքիային միակողմանի արված զիջում, հենց Կարսի պայմանագրի վերահաստատման եւ Հայոց ցեղսապանության հարցի քննարկման «պարտավորվածության» համար քննադատում է Հայաստանի ղեկավարությանը, թե այս հարցերում տուրք է տալիս թուրքական տեսակետներին:

Քանի որ Հայաստանում եւ Թուրքիայում ընդդիմադիր ուժերը ունենալով հակադիր մոտեցումներ, իրենց երկրի ղեկավարներին քննադատում են հակառակ կողմի տեսակետներին ընդառաջելու միևնույն մեղադրանքով, ուստի խնդիրը ոչ այնքան արձանագրությունների բովանդակությունն է, որքան դրույթների տարաբնույթ մեկնաբանություններին տեղիք տվող ձեւակերպումը, որն իր մեջ որոշակի ռիսկ է պարունակում:

Հայաստանի համար բավականին ռիսկային պետք է դիտարկվի առաջին` արձանագրության «բարիդրացրական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականությունից ձեռնպահ մնալու» դրույթը, այն առումով, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելը կամ ճանաչման հարցի ընդգրկումը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում Թուրքիայի տեսանկյունից չի կարող համապատասխանել «բարիդրացիական հարաբերությունների ոգուն»: Նույնը կարելի է ասել «երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը» նախատեսող դրույթի մասին: Այս դրույթը, ըստ թուրքական կողմի, ինքնաբերաբար ենթադրում է Կարսի պայմանագրի վերահաստատումը, որքան էլ արձանագրություններում չհիշատակվի դրա մասին, ինչպես չի հիշատակվում Հայոց ցեղասպանության հարցը:

Հիշատակված չէ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, սակայն թուրքական կողմը դեռևս «ներքին քաղաքական խորհրդակցությունները» չսկսած հայտարարում է, որ արձանագրությունները կներկայացվեն Թուրքիայի ազգային մեծ ժողովի քննարկմանը, այն դեպքում, եթե առաջընթաց արձանագրվի ղարաբաղյան հիմնահարցում: Այս առումով չափազանց մտահոգիչ է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի նախազգուշացումը ԱՄՆ պետքարտուղարին, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի արտգործանախարարներին. «Որոշակի քայլ թեև կատարվել, սակայն դա կիսատ կմնա, եթե չարագացվի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Կարգավորման համար դուք պետք է համոզեք Հայաստանին»: Այլ կերպ, որքան էլ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հնարավորություն տան, այս արձանագրությունները Հայաստանի համար մտահոգիչ դրույթներ են պարունակում: Թերևս ներկա փուլում ամենամտահոգիչը` դրույթները յուրովի մեկնաբանությամբ սեփական շահերին ծառայեցնելու թուրքական կողմի նկրտումներն են:

Հակոբ ՉԱՔՐՅԱՆ


Թեգեր` , ,

Դիտել Թուրքիա, Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`