ՀՀ արտգործնախարարը չի տարբերում սահմանը միջանցքից
Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ անխափան կապը, որը պետք է ապահովվի Հայաստանի և Արցախի միջև, ինչը նաև նախատեսված է մադրիդյան փաստաթղթով, կարող է ներկայանալ ամենևին էլ ոչ ցամաքային ճանապարհի տեսքով, առավել ևս, երկու հանրապետությունների միջև գործող սահմանի տեսքով։
Հայկական լրատվամիջոցները մեջբերել են լրագրողի հարցադրումները նախարարին, որոնց պատասխանելով էլ Նալբանդյանը հանդես է եկել այդ սենսացիոն հայտարարությամբ:
Լրագրողի հարց նախարարին. «Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում հստակ նշված է, որ Ղարաբաղը Հայաստանի հետ պետք ունենա սահման։ Ձեր երեկվա ելույթում դուք խոսեցիք միջանցքի մասին։ Ինչ որ բան փոխվե՞լ է։ Եթե այո, ապա ինչո՞ւ Հայաստանի հանրությունը չգիտե»։
Նախարարի պատասխանը. «Հստակորեն ասվել է, որ պետք է լինի անխափան կապ Հայաստանի և Ղարաբաղի միջև։ Այդ կապը, այսինքն՝ կոչեք դա միջանցք…, բայց երբևէ մի պատկերացրեք, որ դա ինչ-որ ճանապարհ է։ Այդպես չէ։ Կապ Հայաստանի և Ղարաբաղի միջև»։
Լրագրողի հարց. «Գիտեք, սահմանը և կապը տարբեր բաներ են։ Հստակեցրեք՝ միջա՞նցք է, թե՞ սահման»։
Նախարարի պատասխանը. «Երբ որ պայմանավորվածությունները ձեռք բերվեն, և հնարավոր լինի հրապարակել պայմանավորվածությունների արդյունքները այդ հարցի շուրջ, այն ժամանակ հնարավոր կլինի ձեզ տալ ավելի շատ մանրամասներ։ Բայց այսօր ես ասում եմ,որ խոսքը անխափան կապի մասին է, այլ ոչ թե ինչ-որ ճանապարհ բուն իմաստով։ Հասկանու՞մ եք, այսինք, խոսքը ճանապարհի մասին չէ, այլ Ղարաբաղի և Հայաստանի միջև անխափան կապի մասին»։
Փորձելով փրկել իր ղեկավարի պատիվը` երեկ News.am կայքին տրված մեկնաբանության ժամանակ ՀՀ ԱԳՆ Մամլո քարտուղար Տիգրան Բալայանն ասել է, որ Նալբանդյանն ի նկատի ուներ, որ Հայաստանի և Արցախի միջև չի լինի ինչ-որ նեղ ճանապարհ, այլ ցամաքային սահման:
Ըստ երևույթին, Նալբանդյանի համար դժվար էր ի մի բերել մտքերը և այդ պարզ հանգամանքը բացատրել լրագրողներին:












