Գլխավոր » Լրահոս

Այսօր մեզանից պահանջվում է` հմուտ և ճկուն դիվանագիտության բանեցում

Սեպտեմբեր 4, 2009թ. 18:04

Այսօր` սեպտեմբերի 4-ին, Ժուռնալիստների տան սրահում ,

«ԱրմԱր» վելուծական կենտրոնը կազմակերպել էր քննարկում «Ղարաբաղյան հիմնախնդրի իրավական հիմքերը» թեմայով: Քննարկմանը հրավիրվել էին քաղաքագետներ Ալեքսանդր  Մանասյանն ու  Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Ասենք, որ քննարկումը համընկել էր լրատվամիջոցների դաշտում «ԱրմԱր» ինտերնետային Կայքի նորամուտին:

Հենց այս առումով էլ ընդգծվեց նորաստեղծ «ԱրմԱր» էլեկտրոնային թերթի դերն ու նշանակությունը: Քաղաքագետները բարի երթ մաղթեցին «ԱրմԱր»-ին այս գործում:

«ԱրմԱր»ի գլխավոր խմբագիր Արմինե Սիմոնյանը նկատեց, որ սկսած 1991 թվականից` ղարաբաղյան հիմնախնդրում գերտերությունները որդեգրեցին մի մոտեցում, որով անտեսվեց ու արհամարհվեց իրավական փաթեթը, և այն գնահատվեց բացառապես իբրև քաղաքական խնդիր: Հետևանքը եղավ այն, որ «մոռացության» մատնվեցին հայկական կողմի համար այնքան արժեքավոր իրավական փաստերն ու միջազգայնորեն ճանաչված փաստաթղթերը, և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ամբողջությամբ հայտնվեց քաղաքական շահերի կիզակետում: Հետևապես, այսօր ընթացող բանակցային գործընթացում որքանո՞վ է  կարևորվում իրավական փաթեթը:

Մինչ հարցին անդրադառնալը պրոֆեսոր Մանասյանը հատկապես կարևորեց լրագրողների պատրաստվածությունն այս խնդրում և խնդրեց լրագրողներին առավել տեղեկացված լինել ղարաբաղյան խնդրի պատմական և իրավական հիմքերին:

Ըստ Ալեքսանդր Մանասյանի. «Գոյություն չունի միջազգային կամ ԽՍՀՄ որևէ օրենսդրական հիմք, որով Ղարաբաղը կարող է դիտվել որպես Ադրբեջանի մաս: ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանը իբրև պետություն ձևավորվել է ապօրինի, ինչպես որ արհեստականորեն կազմավորվել էր ԽՍՀՄ կազմում, հետևաբար, Ադրբեջանը Ղարաբաղի նկատմամբ որևէ իրավունքի հավակնել չի կարող: 1991-1992թթ. Լեռնային Ղարաբաղը իբրև պետություն կայացել է Ադրբեջանին չպատկանող տարածքում: Ադրբեջանի ճանաչումը քաղաքական ակտ է և իրավական ուժ չունի: Պետք է նկատի ունենալ, որ գերտերություններն Ադրբեջանը ճանաչելով այդ սահմաններով` դրանով հակամարտության ծագման հիմք են ստեղծել»: Ըստ բանախոսի, երբ մենք անտեսում ենք հիմնախնդրի իրավական հարթությունը, և այն  դիտարկում ազգերի ինքնորոշման իրավունքի տեսակետից, դա նշանակում է, որ խնդիրն ինքնին տեղափոխում ենք սխալ հարթություն և ինքներս զրկում մեզ կարևոր հաղթաթղթից: Բանակցային գործընթացում  ի սկզբանե հարցը քննվում է և պատմական, և իրավական սխալ հարթությունում: Այս քաղաքական սխալն, ի դեպ, կատարվել է դեռ ՀՀՇ իշխանության տարիներին` 90-ականների սկզբից: Այսօր, թերևս, այս հարցում փոքր-ինչ առաջընթաց կա, այնուամենայնիվ, այն շատ հեռու է բավարար համարվելուց:

Պարոն Մանասյանը կարևորեց, որ Մադրիդյան սկզբունքներում առաջին անգամ բացակայում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ամրագրումը: Կան մեզ համար վտանգավոր այլ կետեր, սակայն հմուտ դիվանագիտություն բանեցնելու դեպքում հնարավոր է Մադրիդյան սկզբունքները դարձնել մեզ համար բարենպաստ հիմք:

Քաղաքագետ Լևոն ՄելիքՇահնազարյանը, նախ, ցավով նկատեց, որ մեր հասարակությունը` լայն առումով, և’ քաղաքացիները, և’ դիվանագետները, դեռևս հստակ դիրքորոշում չունեն ղարաբաղյան հակամարտության հարցում, ինչը աններելի է: Պարոն Մելիք- Շահնազարյանը նշեց, որ   այսպես կոչված «հարակից շրջանների» հանձնումն այն մեկնաբանությամբ, թե իբր այնտեղ հայեր չեն բնակվել, նշանակում է արդարացնել Թուրքիայի և Ադրբեջանի` հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանությունն այն տարածքներում, որտեղ այսօր հայեր չեն ապրում:

Քաղաքագետը վկայակոչեց մի շատ կարևոր փաստաթուղթ. ՄԱԿի Անվտանգության Խորհրդի 1993թ. բանաձևում խոսք չկա Հայաստանի` իբրև ագրեսոր երկրի մասին, ավելին, Հայաստանը այդտեղ ներկայացված է ընդամենը որպես Ղարաբաղում հարգված պետություն: Հիշյալ բանաձևում խնդիրը ներկայացված է որպես տեղային կոնֆլիկտ և ոչ իբրև Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ: Սա  կարևոր մի փաստ է, որը հայկական կողմը պարտավոր է  հնարավորինս հաճախ օգտագործել բանակցային գործընթացում: Մինչդեռ Ադրբեջանը, օգտվելով հայկական կողմի «մոռացկոտությունից» ու համանախագահների անտարբերությունից (ոչ մեկը չի բացում-կարդում այն)` հիշյալ բանաձևը շահարկում է` այն օգտագործելով ամբողջությամբ  աղավաղված տարբերակով: Ահա թե ինչու, Լևոն Մելիք-Շահնազարյանը լրագրողներին կոչ արեց չանտեսել այս կարևոր փաստաթուղթը և հարկ եղած դեպքում բարձրաձայնել դրա մասին:

Քննարկումը չէր կարող շրջանցել օգոստոսի 31-ի հայ-թուրքական վերջին արձանագրությունները: Քաղաքագետները  նկատեցին, որ  արձանագրություններում ակնառու են   դիվանագիտական հեղհեղուկ ձևակերպումները. Օրինակ գրված է. «Վերահաստատելով երկու երկրների միջև գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը` սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով». Ոչ միայն միտքն է անավարտ, այլ, ինչպես հայտարարեցին երկու քաղաքագետները. «Ասվածում ոչ մի հստակություն չկա,  քանի որ նման պայմանագրեր առհասարակ չկան և պարզ չէ` խոսքը ինչի մասին է»:

Ինչ վերաբերում է Կարսի պայմանագրի վերարծարծմանը, ապա այն անուղղակիորեն առկա է արձանագրություններում: Ըստ Լ. Մելիք- Շահնազարյանի, պատահական չէ, որ փաստաթղթի վավերացումը նախատեսված է վեցշաբաթյա ժամկետում, որը համընկնում է 1921 թվականին Կարսի պայմանագրի կնքման օրվան: Ա. Մանասյանը սակայն նկատեց, որ Կարսի պայմանագիրն ունի, մասնավորապես, Նախիջևանին վերաբերող կետեր, որի մասին մենք ևս պետք է բարձրաձայնենք և այս փաստարկը  «առաջ մղենք` թուրքերի հնարավոր շահարկումների դեպքում»:

Ընդհանուր առմամբ, կարևորելով դիվանագիտական ասպարեզում կշռադատված և բանիմաց ուղու ընտրությունը, բանախոսները կոչ արեցին լրագրողներին ավելի պատասխանատու վերաբերվել ղարաբաղյան խնդրում իրենց դերին: Այս առումով նրանց կողմից կարևորվեց տեղեկատվական պատերազմում մեր պատրաստվածությունը և ակտիվությունը, ինչին առայժմ Ադրբեջանը մասնակցում է ամբողջ ճակատով ու ֆինանսկան հզոր միջոցներով:

Հենց այս առումով էլ ընդգծվեց նորաստեղծ «ԱրմԱր» էլեկտրոնային թերթի դերն ու նշանակությունը: Քաղաքագետները բարի երթ մաղթեցին «ԱրմԱր»-ին այս գործում:

Քրիստինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`