Ադրբեջանցի պատգամավորը սպառնում է Թուրքիային` Քրդական բանվորական կուսակցության հետ համագործակցությամբ համագործակցությամբ
Ադրբեջանի հասարակությունն այդպես էլ չի համակերպվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի հետ: Վերջին օրերի ընթացքում ադրբեջանական մամուլը պարզապես հեղեղվել է Թուրքիայի կառավարության հասցեին հնչեցվող մեղադրական ելույթներով: Սակայն բանը հասել է նրան, որ այդ բանավեճին միացել են նաև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները: Այսպես «Վեստի.ազ» կայքի տեղեկատվությամբ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, «Միասնական Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության ներկայացուցիչ Հուդրաթ Հասանգուլիևը, սուր քննադատության ենթարկելով Թուրքիայի իշխանություններին, ասել է, թե մինչև Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը Թուրքիայի կողմից սահմանի բացումը կհիասթափեցնի ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի ժողովրդին:
«Չնայած այն հանգամանքին, որ Էրդողանը Թուրքիայի կառավարության ղեկավարն է, ես նրան` որպես քաղաքական գործչի, չեմ վստահում: Դրա համար էլ նրա ելույթի ժամանակ չմասնակցեցի խորհրդարանի նիստին: Ես դեռ այն ժամանակ հայտարարեցի, որ նրան չեմ հավատում: Ժամանակը ցույց տվեց, որ Էրդողանը խաբեց»,- ասել է Միլի մեջլիսի անդամն ու հորդորել ադրբեջանցիներին` կոչ անել թուրք եղբայրներին խոչընդոտել գործընթացի հետագա ծավալմանը. «Մենք իրավունք չունենք թույլ տալ նման արձանագրությունների ստորագրում, և մենք ամեն կերպ պետք է խոչընդոտենք դրան: Այդ արձանագրության ստորագրումը ադրբեջանցի թուրքերի հանդեպ հանցագործություն է, դավաճանություն»:
Իր վրդովմունքը բացատրելու համար Հասանգուլիևը հռետորական հարց է հնչեցրել. «Ի՞նչ կանեին մեր եղբայր թուրքերը, եթե մենք համագործակցության պայմանագիր ստորագրեինք Քրդական բանվորական կուսակցության հետ»:












