Գլխավոր » Լրահոս, Վերլուծական, Վրաստան

Հայ-վրացական հարաբերությունների ներկայիս փուլը

Սեպտեմբեր 5, 2009թ. 18:48

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկկողմանի հարաբերությունները կարգավորելու մասին երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների տարածած հայտարարությունը կարծես թե ստվերեց հայ-վրացական հարաբերություններում օրեցօր սրացող իրավիճակը: Մինչդեռ վերջին շրջանում Հայաստանի հանդեպ վարած Վրաստանի ագրեսիվ քաղաքականությունը երկու երկրներին կանգնեցրել է  բարդ իրավիճակի առաջ:

Օգոստոսի 26-ին հայկական մամուլը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ վրաց սահմանապահները հատել են Հայաստանի սահմանը և  իրենց հսկողության տակ վերցրել Շիրակի մարզի սահմանամերձ Բավրա գյուղի համայնքային հողերը: Մի քանի օր անց, տեղեկատվություն հայտնվեց նաև այն մասին, որ Վրաստանի սահմանապահ զորքերը նման գործողություններ են իրականացրել նաև Լոռու մարզի Պրիվոլնոե գյուղին հարող տարածքներում (խոսքը վերաբերվում է Պրիվոլնոե գյուղի և Վրաստանի կազմում գտնվող հայկական Աղքյորփի գյուղերի միջև ընկած անտառապատ բլուրներին, – Հ.Մ.-Շ.): Պաշտոնական Երևանի և Թբիլիսիի ներկայացուցիչները դեռ հրապարակավ ոչ մի  մեկնաբանություն չեն տվե այս խնդրին` հայտարարելով, որ երկու երկրների միջև ընթանում է սահմանների ճշգրտման գործընթաց և մինչև այդ գործընթացի ավարտը պետք չէ նման միջադեպերին մեծ նշանակություն տալ: Սակայն, չնայած մեկնաբանությունների նման պասսիվությանը, իրականում Հայաստանի և Վրաստանի ղեկավարների միջև բավական ծանր խոսակցություններ են տեղի ունեցել այս կապակցությամբ:

Սեպտեմբերի 2-ին վրացական մամուլը տեղեկատվություն տարածեց այն մասին, որ հայ-վրացական սահմանում սպանվել են երեք վրացի սահմանապահներ: Վրացական մամուլն այդ փաստը միանգամից ներկայացրեց որպես Հայաստանի հետ սահմանային վեճերի հետևանք` կարծիք հայտնելով, որ վրացիները զոհվել են հայ-վրացական փոխհրաձգության արդյունքում: Մինչդեռ պաշտոնական Թբիլիսին շատ կտրուկ արձագանքեց վրաց լրատվամիջոցների կողմից տարածված այդ հաղորդագրությանը: Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն մեղադրեց նման լուրեր տարածող վրաստանյան լրագրողներին «կլինիկական ապուշությամբ» տառապելու մեջ: Վրաց սահմանապահների մահվան փաստը պաշտոնական Վրաստանը մեկնաբանեց այս կերպ` նրանք զոհվել են թուրք-վրացական սահմանում, այնուհետև տեղեկատվություն տարածեց այն մասին, որ սահմանապահներին գնդակահարել է` այդ պահին նրանց մոտ գտնվող չորրորդ զինծառայողը:

Այս խճողված իրավիճակը հուշում է այն մասին, որ  հարևան երկու երկրների միջև առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց վրա աչք փակել անկարող ենք:

Բազմիցս առիթ ենք ունեցել խոսել Հայաստանի և Վրաստանի միջև առկա խնդիրների մասին: Այն, որ երկու երկրների կառավարություններն ամեն կերպ փորձում են եղածը քողարկել հայ-վրացական «դարավոր եղբայրության» լոզունգի ներքո, դրանից հարցն ամենևին էլ չի հեշտանում: Ավելին, ներկայումս հայ-վրացական հարաբերություններն հիշեցնում են անցած դարասկիզբը, երբ 1918 թվականի դեկտեմբերին հայկական հողերին տիրելու վրացիների ձգտումը քիչ էր մնում կործաներ իրենց իսկ մայրաքաղաք Թբիլիսին:

Ընդհանրապես պետք է նշել, որ հայկական կողմը միշտ շատ մեծ կարևորություն է տվել հայ-վրացական հարաբերությունների բարիդրացիությանը: Դա պայմանավորված է եղել ոչ միայան այն հանգամանքով, որ Վրաստանի տարածքով են անցնում Հայաստանի առևտրատնտեսական ճանապարհների հիմնական մասը, այլև նաև այն հանգամանքով, որ թուրք-ադրբեջանական թշնամանքով շրջափակված հայ ժողովրդին պարզապես անհրաժեշտ է քիչ թե շատ լոյալ տրամադրված հարևանի առկայություն: Բացի այդ, նշված հարցում քիչ դեր չի խաղում նաև հայերի պատմական հիշողությունը, որը վրաց ժողովրդին միշտ ընկալել է փոքր եղբոր կարգավիճակով: Սակայն Վրաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու Հայաստանի ձգտումն առաջինիս կողմից բազմիցս ընկալվել է իբրև Հայաստանի հանդեպ ճնշումներ գործադրելու լավ հնարավորություն: Արդյունքում ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ, երբ երկու երկրների միջև «գոյություն ունեցող բարիդրացիական հարաբերություններն» իրականում մեծ վնաս են հասցնում հայ ժողովրդին:

Ի վերջո, Վրաստանի օրեցօր ագրեսիվացող քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ այլևս հնարավոր չէր աչք փակել «դարավոր բարեկամի» նման` ոչ բարեկամական քայլերի վրա: Վերջին ամիսների ընթացքում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները մի քանի անգամ բարձրաձայնել են իրենց դժգոհությունը պաշտոնական Թբիլիսիի հանդեպ: Մասնավորապես, ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը Վրաստանին մեղադրեց իր աշխարհագրական դիրքը չարաշահելու և Հայաստանի համար ապրանքների տարանցման բարձր գներ սահմանելու մեջ, ասելով, որ «ապրանքների փոխադրումն աշխարհի ցանկացած կետից Փոթի կամ Բաթումի փաստացի կրկնակի էժան է, քան Փոթիից և Բաթումիից դեպի Հայաստան»: Իսկ, ԱԳՆ կենտրոնական ապարատի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների հավաքին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ «Մենք պետք է լուրջ ջանքեր գործադրենք վիրահայությանը հնարավոր աջակցություն ցույց տալու համար: Ջավախքի նկատմամբ մեր վարած քաղաքականության տրամաբանությունը, բովանդակային առումով, պետք է բխի «ինտեգրում առանց ձուլման» սկզբունքից: Ինտեգրումն այս դեպքում պետք է ենթադրի վիրահայերի` Վրաստանի արժանապատիվ, հարգված քաղաքացիների համբավի ամրապնդումը: Կարծում եմ, որ հայերենը Վրաստանում մարզային լեզու ճանաչելու, Հայկական առաքելական սուրբ եկեղեցու գրանցումն ապահովելու, Վրաստանի հայկական հուշարձանների պահպանմանն ուղղված քայլերը Վրաստանում միայն նպաստելու են հայվրացական բարեկամության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի խորացմանը: Այս բոլոր հարցերում մենք պետք է լինենք նրբանկատ, բայց հետևողական և սկզբունքային»:

Հայաստանի դիրոքորոշման այսպիսի կոշտացումը միանգամից լուրջ անհանգստություններ առաջացրեց ինչպես Վրաստանում, այնպես էլ նրա դաշնակից երկրներում: Վրաստանի և ԱՄՆ-ի դիվանագիտական շրջանակներն արդեն իսկ սկսել են ակտիվորեն քննարկել հայ-վրացական հարաբերությունների հեռանկարներին վերաբերվող հարցեր: Այդ քննարկումները Վրաստանի համար էլ ավելի մեծ նշանակություն ունեն, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումն ամբողջովին կփոխի Վրաստանի տեղն ու դերը Հարավային Կովկասում: Բացի այդ, պաշտոնական Թբիլիսիին լուրջ անհանգստություններ են պատճառում նաև ռուսաստանյան և արևմտյան մի շարք ազդեցիկ լրատվամիջոցների հրապարակած տեղեկություններն այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը հաջորդելու է Վրաստանի հարցի քննարկումը Հայաստանի, Թուրքիայի և Ռուսաստանի կողմից` ինչը կարող է Վրաստանի մասնատման պատճառ դառնալ:

Ելնելով այդ վտանգներից, Թբիլիսիում, ըստ երևույթի, որոշել են մի քիչ փոխել Հայաստանի հետ հարաբերությունների ռազմավարությունը: Համենայն դեպս այդպիսի տպավորություն կարելի է ստանալ սեպտեմբերի 4-ին Երևան ժամանած Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի խոսքերից: Նա նույնսիկ հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է քննարկել հայերենին Սամցխե-Ջավախքում պետական լեզվի կարգավիճակ տալու հեռանկարը:

Սակայան, վստահորեն կարելի է պնդել, որ Վրաստանի քաղաքականությունը հիմնովին փոփոխություններ չի կրի: Պաշտոնական Թբիլիսին այսօր պարզապես փորձելու է սիրաշահել Հայաստանի ղեկավարությանը` հույս ունենալով, որ հետագա քաղաքական գործընթացները հնարավորություն կընձեռեն Հայաստանի հետ հարաբերություններում դարձյալ անցնել հին մարտավարությանը: Մի բան ակնհայտ է. վրացական կողմը միշտ խուսափել է Սամցխե-Ջավախքի հայկական գործոնից և ամեն ինչ կանի դրանից ձերբազատվելու համար:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա մեր դիվանագիտության գլխավոր գերակայությունը պետք է դառնա այն, որ Վրաստանը լուծում տա նախագահ Սերժ Սարգսյանի բարձրացրած հիմնախնդիրներին: Հայաստանի համար այս հարցերն իսկապես սկզբունքային նշանակություն ունեն: Գտնվելով պատերազմական իրավիճակում Ադրբեջանի հետ` պաշտոնական Երևանն ուղղակի պարտավոր է ճանապարհներ ապահովել զինուժը տեխնիկական և այլ միջոցներով բավարարելու համար: Հայաստանի համար այդ ճանապարհն անցնում է Սամցխե-Ջավախքով և Վրաստանով: Եվ այն փաստը, որ Վրաստանի անհեռատես և անհավասարակշռված քաղաքականության պատճառով փաստորեն փակվել են Հայաստանի ցամաքային ճանապարհները, միանգամայն անընդունելի է: Հայկական կողմը պետք է հասկացնել տա վրացիներին այն պարզ ճշմարտությունը, որ մեր դիվանագիտության կոշտացումն ամենևին էլ կապված չէ հայ-թուրքական բանակցային գործընթացի հետ: Այստեղ հարցերն ավելի խորքային են և վերաբերվում են հայ ժողովրդի ազգային շահերին: Ուստի անհրաժեշտ է, որ Հայաստանը երբեք չհրաժարվի Վրաստանում իր ազգային շահերը պաշտպանելու քաղաքական կոշտ միջոցներից:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ


Թեգեր`

Դիտել Լրահոս, Վերլուծական, Վրաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`