Արկադի Կարապետյան. «Պատերազմի ժամանակ որևէ մեկիս մտքով չէր անցնում, որ որոշ ժամանակ անց պետք է խոսք գնա ազատագրված տարածքների վերադարձի մասին»
«Մեզ մեր հայ գրականությունն է դաստիարակել: Մեզ մեր ծնողները չեն ասել, թե ինչ պետք է անենք, երբ հայրենիքը օրհասական վիճակում է: Բայց հայ զինվորը օրհասական պահին ինքն է ելքը գտել, քանի որ խաղասեղանին դրված է եղել հայրենիքի ապագան»,- Երևանի տարբեր բուհերի մի խումբ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի պաշտպանության բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը, ով առավել հայտնի է Ագո անունով:
Երբ նրան հարցրեցին իր անցած մարտական ուղու մասին, նրա դեմքին խորհրդավոր ժպիտ հայտնվեց, կարծես մի պահ ընկավ հուշերի գիրկը,ապա խորը հոգոց հանեց: Ագոյի յուրաքանչյուր երկրորդ բառը կամ Աստված է կամ Հայրենիք:
Այս հայրենանվեր զինվորն այն բացառիկ անհատներից է, ով օրհասական պահին երբեք չի հիասթափվում և կայուն է իր համոզմունքներում: Այսօր մինչ շատերը փորձում են ենթադրել, թե ինչ ընթացք կստանա հայ-թուրքական վերջին արձանագրությունները և ինչի կհանգի Արցախի հարցը, Ա. Կարապետյանը պարզապես հավատում ու վստահում է ժամանակին մարտադաշտում իր կողքին թշնամու դեմ կռիվ տված այն անձանց , ովքեր այսօր զինվորական տարբեր պաշտոններ են զբաղեցնում:
Այսօր կան քաղաքական գործիչներ, ովքեր պնդում են, թե մեր պատմական հողերը ազատագրում էինք` հետագայում թշնամու բերանը փակելու և այն վերադարձնելու հաշվարկով: Մինչդեռ Ագոն անհեթեթություն է համարում նման մոտեցումը. « Ոչ ոք իր կյանքն անիմաստ չէր վտանգի, չէր զոհի օտարի հողի կամ տարածքի համար, որևէ մեկի մտքով չէր անցնում, որ ազատագրված մեր տարածքներն ինչ-որ ժամանակ պետք է վերադարձնենք, այնպես որ նման խոսակցություններն անիմաստ են»:
Արցախի պաշտպանության բանակի առաջին հրամանատար Ագոն նաև նկատեց, թե քարոզչական, դաստիարակչական առումով լուրջ բացթողումներ ունենք. մինչ օրս չենք հրատարակել գրքեր, ուր ամբողջությամբ կներկայացվի ու կմեկնաբանվի Արցախյան մեր հաղթանակները. «Բոլորը զարմացած են, թե ինչպես կարելի էր «բաց ձեռքերով» դեմ գնալ հզոր ռազմուժին ու հաղթել: Մենք հաղթեցինք, որովհետև կռվում էինք հանուն արդարության»:
Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ












