Նախ Ցեղասպանությունը ճանաչեք, հետո բարեկամության հուշարձան կկառուցեք
Թուրքական «Միլլիեթ» թերթը տեղեկացրել է, որ Սվասի կոնգրեսի 90 ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը խոսել է հայ-թուրքական համատեղ հուշարձան կառուցելու գաղափարի մասին:
Նախարարն ասել է, որ այս պահին դեռ կոնկրետ որոշում չկա, սակայն կա մեծ ցանկություն: Էրթուղրուլ Գյունայը կոչ է արել աշխատել այդ ուղղությամբ. համատեղ հուշարձաններ կառուցել, համատեղ գիտական աշխատանքներ իրականացնել, մի խոսքով, նպաստել հայ և թուրք մշակութային կապերի հաստատմանն ու զարգացմանը:
Եվրոպայի աչքին քաղաքակիրթ երևալու, անցյալի արյունոտ դեմքը թաքցնելու համար թուրք պաշտոնյաներն սկսել են տարօրինակ ցանկություններ հնչեցնել:
Ինչպես հայտնի գրողն է ասել, այս ամենը կլիներ զավեշտական, եթե այդչափ ողբերգական չլիներ: Հայ ժողովրդին իր բնօրրանում ցեղասպանության ենթարկած, նրա պատմական հայրենիքը յուրացրած, հայի ստեղծած մշակույթը հիմնահատակ ավերած ու նենգաբար յուրացրած թուրքը փոխարեն մտածի իրականացրած ոճրի ճանաչման-ընդունման մասին, հայտարարում է «բարեկամության հուշարձան» կառուցելու մասին:
Գուցե մենք` հայե՞րս ենք մեղավոր, որ մեզ մանկուրտի տեղ են դրել:
armarlur.com












