Խորհրդային Ադրբեջանն իրավունք չուներ անկախանալու խորհրդային Ադրբեջանի «սահմաններում»
1991 թ.-ին ԽՍՀՄ-ի փլուզման ընթացքում նախկին Խորհրդային Ադրբեջանական Հարապետությունը միակն է եղել միութենական հանրապետությունների շարքում, որ իրավունք չի ունեցել անկախություն ձեռք բերել Խորհրդային Ադրբեջանի սահմաններով: «Կային միջազգային իրավական արգելքներ, մասնավորապես, գործող միջազգային պայմանագրեր, որոնց շրջանցումով Ադրբեջանը չէր կարող հռչակվել որպես ինքնավար պետություն նախկին Խորհրդային Ադրբեջանի սահմաններում: Մասնավորապես, մի կողմից գործում էր մի որոշում, մյուս կողմից`Կարսի պայմանագիրը, որով Նախիջևանի տարածքն ընդամենը տրված էր խորհրդային Ադրբեջանին ` որպես ինքնավար մարզ: Ուստի, Խորհրդային Ադրբեջանն իրավունք չուներ անկախանալու Խորհրդային Ադրբեջանի սահմաններով: Նա այդ իրավունքը չուներ նաև այն պատճառով, որ վերջինս հրաժարվել էր լինել Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ»,- ասում է Քաղաքական հետազոտությունների ակադեմիա Հ/Կ ղեկավար` Ալեքսանդր Մանասյանը: Ըստ նրա, Կարսի պայմանագիրը մինչ օրս գործում է, և վերջերս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքում Երևանի, Անկարայի, Մոսկվայի հայտարարություններից, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև ստորագրված արձանագրություններից բխում է, որ այն ընդունվում է որպես հիմք տարածաշրջանային նոր հարաբերությունների կարգավորման համար: «Փաստորեն, Նախիջևանն այսօր օկուպացված տարածք է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից հրաժարված Ադրբեջանական Հանրապետության կողմից: Այստեղից բխում է, որ Ադրբեջանի հետ հակասության մեջ մտած հայկական երկու կողմերից որևէ մեկը` կամ Ստեփանակերտը, կամ Երևանը, պետք է բարձրաձայնեն Կարսի պայմանագրում ամրագրված Նախիջևանյան թնջուկի հետ կապված խնդիրների մասին”,- հայտարարում է փիլիսոփայության դոկտոր Ալեքսանդր Մանասյանը:
Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ












