Գլխավոր » Լրահոս

Արցախում մեծ թափ է ստացել մանկապարտեզների շինարարությունը

Սեպտեմբեր 7, 2009թ. 18:44

Այն, որ նախադպրոցական կրթության հիմնախնդիրները շարունակաբար կգտնվեն պետական հոգածության ներքո, ԼՂՀ իշխանությունները բազմիցս են հայտարարել:

Վերջին շրջանում  հանրապետության ողջ տարածքում նախադպրոցական հիմնարկների ակտիվ շինարարությունը ոչ միայն ասվածի ապացույցն է, այլև   ոլորտի հետագա  զարգացման լավագույն պայմանը:

Հերթական  մանկապարտեզի բացումը կայացավ այսօր` Մարտակերտ քաղաքում: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ԱԺ փոխխոսնակ Ռուդիկ Հյուսնունցը, բարերար Լևոն Հայրապետյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ու հյուրեր:

Այն սպասված նվեր էր Մարտակերտի բնակիչների համար, քանզի մարտակերտցիներն այս պահին երկար էին սպասել:

«160 տեղանոց մանկապարտեզը համապատասխանում է շինարարական բոլոր նորմերին»»,- վստահեցնում է կապիտալ վերանորոգումն  իրականացրած «Շինվեր» ՍՊԸ  գործադիր տնօրեն Նորայր Հարությունյանը:

Կապիտալ վերանորոգումն իրականացվել է պետական միջոցներով. ընդհանուր արժեքը կազմել է 150 մլն դրամ: Այդ գումարի շրջանակներում կատարված աշխատանքների շնորհիվ Մարտակերի թիվ 1 մանկապարտեզն այսօր ոչ միայն կապիտալ վերանորոգված է, այլև արդեն չունի ջրամատակարարման կամ ջեռուցման  խնդիրներ:

Մանկապարտեզի նորանշանակ տնօրեն Անուշ Մկրտումյանը վստահ է, որ մանկապարտեզի շենքը համապատասխանում է նախադպրոցական կրթության արդի պահանջներին . «Կարող ենք ասել, որ այս մանկապարտեզում ապահովված են նախադպրոցական տարիքի երեխաների կրթության ու դաստիարակության համար անհրաժեշտ և միջազգային չափորոշիչներին համապատասխան  բոլոր պայմանները  »:

Մանկապարտեզի բացումը Մարտակերտում նաև լրացուցիչ աշխատատեղեր է ստեղծել, այն էլ` ոչ փոքրաթիվ: «Մանկապարտեզը շուրջ երեք տասնյակ աշխատակից կունենա»,- մանրամասնեց Անուշ Մկրտումյանը:

Դեռեւս լուծված չէ խաղահրապարակի հարցը: Մանկապարտեզի տնօրենը վստահ է, որ այդ խնդիրն էլ շուտով կլուծվի, որովհետև  երկրի վարչապետն է խոստացել:

«Այսքանով, սակայն, Մարտակերտի շրջանում նախադպրոցական հիմնարկների շինարարությունը չի ավարտվի»,- վստահեցնում է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Օհանյանը:

Առջևում է Առաջաձորի մանկապարտեզի շենքի բացումը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ստեփանակերտ


Թեգեր`

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`