Ադրբեջանցիները իրենց են վերագրում Արցախում կառուցված մահմեդական դամբարանները
Ադրբեջանական մշակույթ այդ դարերում չէր կարող լինել, քանզի ադրբեջանցի ժողովուրդ` որպես այդպիսին, չկար:
Ճարտարապետ Սամվել Կարապետյանն իր կազմակերպության աշխատակիցների հետ այս տարի ևս մեկ ամիս ացկացրել է Արցախում` ուսումնասիրելով հայկական հնագույն մշակութային արժեքները. այս անգամ նրա դիտակետում հայկական կամուրջներն էին: Եվ հոկտեմբերին հայ ընթերցողի սեղանին կդրվի «Արցախի կամուրջներ» գիրքը, որում կներկայացվեն շուրջ 95 կամուրջեր` համապատասխան լուսանկարներով ու պատմությամբ:
Չնայած հիմնական նպատակը եղել է կամուրջների ուսումնասիրությունը, սակայն ճարտարապետի գլխավորած խումբը միաժամանակ կատարել է նաև շատ արժեքավոր այլ աշխատանքներ. ուսումնասիրվել են Արցախի մահմեդական հուշարձանները, քանզի ճարտարապետի համոզմամբ, այդ աշխատանքը շատ կարևոր է զուտ քաղաքական տեսանկյունից:
Խնդիրն այն է, որ դեռ խորհրդային տարիներին ադրբեջանցիները, ուսումնասիրելով Արցախում կառուցված մահմեդական հուշարձանները, իրենց սովորույթի համաձայն դրանք յուրացրել ու վերագրել են իրենց` հայտարելով որպես ադրբեջանական, ինչն ակնհայտորեն սուտ է և հեռու իրականությունից:
«Հուշարձանի մահմեդական լինելը դեռ չի նշանակում, որ այն ադրբեջանական է»,- նկատում է Սամվել Կարապետյանն ու շարունակում ներկայացնել Արցախում պահպանված մահմեդական հուշարձանների պատմությունը:
Եվ այսպես. այն կարելի է բաժանել երեք ժամանակաշրջանի: Առաջին, մահմեդական հուշարձաններն ի հայտ են եկել 14-րդ դարասկզբին: Դրանք թուրքմենական` ակոյունլու և կարակոյունլու ցեղերի հուշարձաններն են, և, որ կարևոր է, կառուցված են բացառապես հայ ճարտարապետների ձեռքով:
«Խաչեն գետի հովտում մի դամբարան կա, որը Եղվարդի Սուրբ Աստվածածին եռահարկ եկեղեցու ճարտարապետ Շահիկ վարպետի ձեռքի գործն է: Տարիների տարբերությամբ` մի տեղում եկեղեցի է կառուցել, մեկ այլ տեղում մահմեդական դամբարան»,- ասում է Սամվել Կարապետյանը:
Մահմեդական հուշարձանների պայմանական երկրորդ փուլը պատկանում է պարսկական մշակույթին: Արցախում պահպանվում են բոլոր մահմեդական հուշարձանները, իսկ մզկիթներից ամենահինը Գանձակի մզկիթն է` կառուցված 1620թվականին պարսից Շահ Աբասի արքայի կողմից, ապա դրան հաջորդում է 18-րդ դարի կեսի կառուցված Շուշիի մզկիթը: Եթե քոչվոր-նվաճող ցեղերի դեպքում շինարարները միայն հայերն էին, ապա 16-18-րդ դարի մահմեդական հուշարձանները տիպիկ պարսկական են, սակայն ոչ երբեք ադրբեջանական: Նույնիսկ ծիծաղելի է խոսել մի բանի մասին, որը, գոնե այդ շրջանում առհասարակ գոյություն չի ունեցել. Այս կամ այն ժողովրդի մշակույթը ինչպե՞ս կարող է գոյություն ունենալ, եթե այդ ժողովուրդն ինքը դեռ գոյություն չի ունեցել, իսկ ադրբեջանական մշակույթ այդ դարերում չէր կարող լինել, քանզի ադրբեջանցի ժողովուրդ` որպես այդպիսին, չկար:
«Ադրբեջանցի ժողովուրդը վերջին 100 տարում 3 անգամ գիր փոխեց, մինչ օրս էլ որոնումների մեջ է: Դարասկզբին գրում էին թուրքատառ, դարակեսին ռուսատառ, այժմ էլ անցել են լատինատառին: Դա մի «ազգ» է, որը դարասկզբին կովկասյան թաթար էր կոչվում, հետո ադրբեջանցի, այսօր առավել հանդիպող ադրբեջանցի թուրքեր, ապա ազերի (ինչը իրանական ցեղերից մեկի լեզվանվանումն է իրականում), չէր կարող նման մշակույթ ունենալ: Ադրբեջանցիներին իրենց սեփական որոնումներում հաջողություն ենք մաղթում, թող իրենց ազգանվանումը, գիրն ու մեկդարյա պատմությունը կարողանան ճշտեն»,- ասաց Սամվել Կարապետյանը:
Պարսկական հուշարձանների ձևը հուշում է, որ դրանք պարսիկ վարպետների ձեռքի գործերն են, սակայն որոշ մանրամասներում նկատելի է նաև հայ շինարարի միտքի արգասիքը:
«Այդ մահմեդական հուշարձանները հայ ճարտարապետության գոհարներն են, քանի որ ստեղծվել են հայ շինարարների կողմից: Ապացույցները բազմաթիվ են, օրինակ, կառույցի հատակագիծը խաչ է, մանրաքանդակները` զարդանախշեր, գոտիները` տիպիկ հայկական են: Դամբարան կա, որ հայկական եկեղեցի է և արտաքուստ բոլորովին չի տարբերվում եկեղեցուց, բայց ներսում տեսնում ենք, որ արևելք-արևմուտք առանցքը բացակում է, խորան չունի: Հայ ճարտարապետները, որոնք միայն եկեղեցի էին կառուցել, այլ կերպ վարվել չէին կարող, քան մզկիթը կամ դամբարանը գրեթե եկեղեցու սկզբունքով կառուցելը»,- ներկայացրեց պարոն Կարապետյանը:
Ճարտարապետի խումբը Խաչենում հանդիպել է կենդանակերպ քանդակների` գծապատկերի տեսքով, որը նույնությամբ կրկնում է Եղվարդի բարձրաքանդակը: Այդ հուշարձանները հայ մարդուն այնքան հոգեհարազատ են, որ Կարապետյանն իր ուսումնասիրողների խմբով ոչ մի օտար զգացողություն չի ունեցել:
Արցախում առկա մահմեդական հուշարձանների երրորդ փուլը պայմանականորեն համարվում է ադրբեջանական: Իրողությունը դարձյալ այն է, որ դրանց մի մասը հայ ճարտարապետների կառուցած դամբարանների անհաջող կրկնօրինակներ են: «Կան մի քանի շենքեր, որից հստակ երևում է, որ հայ վարպետն է կառուցել: «Խորհրդային տարիներին նորաստեղծ ադրբեջանական գյուղերը կառուցվել են արցախցի քարտաշ–շինարար հայ վարպետների ձեռքով: Ինչպես ասացինք, այդ գյուղերն ի հայտ են եկել խորհրդային տարիներին, քանի որ մինչ այդ քոչվորներ էին, իսկ վերջիններս գյուղեր չէին հիմնում: Պարզապես, սկզբում ցարական, ապա Խորհրդային իշխանությունները ադրբեջանցիների նախնիներին` կովկասյան թաթար քոչվեր ցեղերին, ստիպեցին անցնել նստակյաց կյանքի»:
Սամվել Կարապետյանը նաև հավաստեց, որ ադրբեջանաբնակ անգամ խոշոր գյուղերը չեն ունեցել մզկիթներ: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին կառուցված մզկիթ-դամբարանները կառուցողական -ճարտարապետական իմաստով ամենանվազ արժեքն ունեն, աղքատ են, վատ կառուցված, քանի որ կառուցելու հմտություն չեն ունեցել: Շատ վայրերում մզկիթը արցախցու տան դասական կրկնօրինակումն է:
Արցախցիների տները թաղակապ են եղել, իսկ երկրորդ հարկը եվրոպական ձև է ունեցել: Ամենահին թաթարական, այլ կերպ ասած` ադրբեջանական մզկիթը ի հայտ է եկել 1868-1870թվականին, որը արցախցու տան առաջին հարկի կրկնօրինակն է: «Հավանաբար նստակեցության անցած խաշնարածները արցախցուն խնդրել են արցախցու տան նման մի շինություն կառուցել, միակ տարբերությունն էլ այն է, որ մի փոքրիկ խորան կա այդ կառույցում, որը նայում է դեպի մեքքա»:
«Մի բան պիտի լավ հասկանանք. մեր հողի վրա, մեր տան մեջ կառուցված ամեն ինչը մենք պետք է լավ ուսումնասիրենք ու ներկայացնենք աշխարհին: Դա շատ կարևոր է, երբ մենք հստակ փաստերով այսօր ցույց ենք տալիս, որ ադրբեջանցին միայն 19-րդ դարում է անցել նստակյացության, այն էլ ստիպողաբար: Մենք դրանով կանխում ենք ադրբեջանցու` սեփական նորաթուխ պատմությունը մինչև 14-րդ դար և ավելի հնացնելու փորձերը»,– ասաց Սամվել Կարապետյանը:
Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ












