Հայերի և հույների տների վրա նոր նշաներ են հայտնվել
Ստամբուլի Շիշլի Ֆերիքյոյի թաղամասից բացի սկսել են դարձյալ տարօրինակ նշաներ հայտնվել նաև Բաքըրքյոյի հայկական Սաքըզաղաջ թաղամասում: Այստեղ գտնվող որոշ հայաբնակ բնակելի շենքերի մուտքերին այսօր կրկին երեք գույնով նշաներ էին արվել:
Եթե անցած շաբաթ Ֆերիքյոյում ի հայտ եկած նշանները հայերի շրջանում միայն անհանգստություն էին առաջացրել, ապա այսօր այն վախի ու լուրջմտահոգության պատճառ են դարձել:
Քաղաքապետարանը և ոստիկանությունն այս կապակցությամբ տեղեկացրել են, որ սկսված հետաքնությունը որևէ արդյունք չի տվել: Երկու շաբաթ առաջ խնդիրը նույնիսկ քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության պատգամավոր Սեբահաթ Թուրնջելը խորհրդարանի օրակարգ էր մտցրել և բացատրություն պահանջել Ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայից, որը մինչ օրս որևէ պատասխան չի տվել:
Ավելին, մտահոգիչ երևույթը դեռ երկրի համապատասխան մարմինների կողմից կանխված չէ: Ստամբուլի հայերը կառավարությունից պահանջել են պարզել, թե իրականում ովքեր են այդ նշաների հեղինակները, շեշտելով, որ իրենք Թուրքիայում իրենց ապահով չեն զգում:
Քրիստինե ՄԵԼՔՈՆՅԱՆ












