Գլխավոր » Լրահոս

Վրաստանում ադրբեջանական համայնքի առաջնորդին դատապարտել են չորս ու կես տարվա ազատազրկման

Օգոստոս 11, 2009թ. 18:22

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական մամուլը, սույն թվականի մարտին ձերբակալված Վրաստանի ադրբեջանցիների ազգային վեհաժողովի (ՎԱԱՎ) նախագահ Դաշգին Գյուլմամեդովը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման: Ադրբեջանի իշխանությունները մեղադրել են իրենց վրացաբնակ հայրենակցին խաբեբայության և պաշտոնական անձի լիազորությունների ինքնավերագրման մեջ:

Նշենք, որ 2001 թվականին հիմնադրված ՎԱԱՎ-ը բավական ակտիվ գործունեություն է ծավալում Վրաստանի Քվեմո-Քարթլիի (ըստ ադրբեջանցիների` Բորչալու) և Դմանիսի ադրբեջանաբնակ շրջաններում: Գյուլմամեդովի ղեկավարած կազմակերպությունը բազմից բարձրացրել է Վրաստանում ադրբեջաներեն լեզվին պետական կարգավիճակ տալու խնդիրը, ինչպես նաև այդ երկրի տարածքում ադրբեջանական հեռուստատեսություն հիմնելու հարցը: Բացի այդ, տեղի ադրբեջանցիների շրջանում ՎԱԱՎ-ի օրեցօր մեծացող ազդեցությունը Վրաստանի ներքաղաքական կյանքում ակտիվություն ցուցաբերելու հիմք էր նախապատրաստում Գյուլմամեդովի համար: 2008 թվականի աշնանը նա հայտարարել էր Վրաստանում ադրբեջանական քաղաքական կուսակցություն ստեղծելու իր մտադրության մասին:
Ադրբեջանի իշխանությունների կողմից Դաշգին Գյուլմամեդովի ձերբակալությունն ակնհայտորեն անակնալ էր նրա կողմնակիցների համար: Պաշտոնական Բաքվի այդ քայլը ՎԱԱՎ-ի ակտիվիստները մեկնաբանեցին` «Վրաստանում ադրբեջանցիների ազգային շարժումը ճնշելու Ադրբեջանի կառավարության գաղտնի ծրագրի առկայությամբ»: Դրանից զատ, լուրեր են շրջանառվում այն մասին, թե Գյուլմամեդովը ձերբակալվել է Վրաստանի ղեկավարության խնդրանքով:
Պետք է նշել, որ երկու վարկածներն էլ իրենց մեջ պարունակում են ճշմարտության մեծ չափաբաժին: Կատարվածը հերթական անգամ հուշում է, որ պաշտոնական Թբիլիսին շարունակում է կիրառել հարևան երկրների ղեկավարությունների ձեռքով իր ներազգային խնդիրները լուծելու քաղաքականություն: Բավական է հիշել Վահագն Չախալյանի հետ կապված միջադեպը, երբ Հայաստանում ձերբակալվեց, իսկ այնուհետև երկրից արտաքսվեց ջավախահայության երիտասարդ առաջնորդը: Այս «օպերացիան» իրականացնելու համար Վրաստանի ղեկավարությունը բավական մեծ ջանքեր էր գործադրել: Արդյունքում, սակայն, Վրաստանը հնարավորություն ստացավ էլ ավելի ուժեղացնել ճնշումները Սամցխե-Ջավախքի հայության նկատմամբ: Կասկածից վեր է, որ Գյուլմամեդովի դատապարտումը նպաստելու է Վրաստանում ադրբեջանցիների նկատմամբ ճնշումների քաղաքականության վերսկսմանը:
Ինչ վերաբերվում է պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը, ապա պետք է նշել, որ Ադրբեջանում խուսափում են Վրաստանի իրենց հայրենակիցների չափից շատ ակտիվացումից: Խնդիրը նրանում, որ այդ ակտիվցումը կարող է ազգամիջյան հակասություն առաջացնել երկու երկրների միջև, ինչը կսահմանափակի Վրաստանի տարածքում ադրբեջանական էթնոսի հետագա տարածման հեռանկարները: Պաշտոնական Բաքուն հիանալի գիտակցում է, որ հարաբերությունների կառավարելի սրության պարագայում ադրբեջանցիներն ավելի լավ են յուրացնում Վրաստանի արևելյան շրջանները: Իսկ հնարավոր հակամարտությունը երկու երկրների միջև կառաջացնի նոր սահման, որից այն կողմ ադրբեջանցիներն այլևս չեն կարող անցնել: Դա է պատճառը, որ Ադրբեջանի ղեկավարությունը կփորձի զսպել ազգային պայքարը Վրաստանում այնքան ժամանակ, որքան որ անհրաժեշտ է ավելի շատ տարածքներ ադրբեջանացիներով բնակեցնելու համար:
armarlur.com


Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`