Գլխավոր » Լրահոս

Հայ-թուրքական արձանագրությունը պառակտո՞ւմ է ազգը

Սեպտեմբեր 8, 2009թ. 15:56

«Հայ-թուրքական հարաբերություններ սկսելու մասին արձանագրությունը շատ ավելի լուրջ է, քան դիվանագիտական հարաբերություններ ասվածը: Այն  փաստաթուղթ է, որտեղ անտեսվում է սերունդների  իրավունքը, ազգի արժանապատվությունը, հայ դատի կարևոր բաղադրիչները»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը և հավելեց, որ այս փաստաթղթով ազգի պառակտման հիմքն է դրվում, իսկ այդ վտանգը հարկ է կանխել:

Հ. Մարգարյանն անհանգստացած էր, որ հանրային քննարկումների վերջնական արդյունքն ու նպատակը հստակեցված չէ: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հավաստմամբ կարևորվում են այս թեմայի շուրջ հանրային քննարկումները, այնուամենայնիվ, դեռ հարց է, թե դրանք ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացքի վրա: Հստակ չէ նաև, թե որքանով հնարավոր կլինի կանխել նախաստորագրված փաստաթղթի հաստատումը, և արդյո՞ք հայությունը միասնական «այո» կամ «ոչ» ասելու հնարավորություն կունենա:

Այն հարցին, թե ժողովուրդը կկարողանա՞ կանխել փաստաթղթի ստորագրումը` Հ. Մարգարյանը  պատասխանեց. «Փաստաթղթի ստորագրումը կանխել չկարողանալը չի նշանակի, թե կհամաձայնենք դրա հետ: Եթե մինչև ստորագրելը  մեր իշխանությունը մեր խոսքը չլսի, ապա մեզ անպայման կլսի միջազգային հանրությունը»: Տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն ունի պայմանագիրը հստակեցնող փաթեթ, որը ներկայացվելու է իշխանությանը:

Հրանտ Մարգարյանը դեմ չէ ընդդիմության ներկայացուցիչների հետ համագործակցելուն, սակայն նպատակը պետք է լինի ոչ թե իշխանափոխությունը,այլ հայ-թուրքական համաձայնագրին խոչընդոտելը: ՀՅԴ-ն պատրաստ է ընդունել ազգային քաղաքական և մշակութային գործիչների կողմից արվելիք համագործակցության առաջարկները:  Չի բացառվում նաև ՀՅԴ-«Ժառանգություն» համագործակցությունը,սակայն ՀՅԴ-ն կողմնակից չէ հանրաքվեի գաղափարին, քանզի ունի մտավախություն, որ մեզանում չկա արդար ընտրությունների ավանդույթ: ՀՀ նախագահը պետք է փորձի քաղաքական ուժերի հետ փոխհամաձայնության հիման վրա հասնել ընդհանուր եզրահանգման,  և արդար չէ հանրաքվեի միջոցով պատասխանատվությունը ժողովրդի ուսերին գցելը:

Հ. Մարգարյանն անդրադարձավ նաև փաստաթղթում տեղ գտած մյուս երկու հարցերին` նշելով, որ տարածքային ամբողջականություն ասվածն անշուտ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին է և ոչ թե Ֆրանսիայի:

Իսկ ինչ վերաբերում է պատմաբանների հանձնաժողովին, ապա  այն քննարկելու է հենց Ցեղասպանության հարցը, քանի որ հանձնաժողովի խնդրո առարկան  այլ հարց չի կարող լինել և դա փաստել է անգամ Օբաման` ապրիլի 6-ին Թուրքիա կատարած այցելության ժամանակ:

Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ


Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`