Վրաց-ռուսական տեղեկատվական պատերազմը և Հայաստանը
2008թ-ի վրաց-ռուսական հինգօրյա բախումը ցույց տվեց, որ այս տարածաշրջանում պատերազմները այլևս նույնը չեն լինելու, ինչպես նախորդ խոշոր բախումների ժամանակ են եղել: Փոփոխություններն եղել են ինչպես ռազմական, այնպես էլ տեղեկատվական ոլորտում և դրանց ուսումնասիրությունն ու վերլուծությունը շատ կարևոր է մեզ համար` իբրև սառը պատերազմի մեջ գտնվող երկրի` որպես սխալների բացառման հիմք: Ռազմական փոփոխությունները թողնելով ռազմական վերլուծաբաններին, մենք կանդրադառնանք տեղեկատվական ոլորտի փոփոխությունների որոշ դրույթների:
Հնգօրյա պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեդիայի դաշտում հայտնվող տեղեկատվությունը անխուսափելիորեն ազդում է միջազգային և տեղական քաղաքականության վրա:
«Կարևոր է ոչ թե տեղեկատվության ճշմարտացիությունը, այլ դրա մատակարարման օպերատիվությունը: Խեղդիր հակառակորդին տեղեկատվության ծավալով, մեղադրիր նրան կեղծարարության, անճշտության մեջ, բռնիր նրա փոքր սխալները և կհաղթես»[1]:
Տեղեկատվական պայքարում «սառը պատերազմի» ռազմավարությամբ էին շարժվում ավանդական ԶԼՄ-ը (հեռուստատեսություն, մամուլ, ռադիո), որոնք լուսաբանման ընթացքում սկսեցին բացահայտ միմյանց վարկաբեկել ու միակողմանի լուսաբանել , ինչը հիշեցնում էր սառը պատերազմը, երբ ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը իրարամերժ տեղեկատվություն էին տարածում: Չնայած դրան` որոշ լրատվամիջոցներ պահպանեցին հավասարակշռությունը: Քարոզչական հարուստ ավանդույթներ ունեցող BBC–ի ռուսական ծառայությունը միանշանակ հակառուսական չէր, որովհետև դա կարող էր վարկաբեկել բրիտանական լրատվամիջոցը ռուսական լսարանի առջև[2]։
Տեղեկատվական պայքարի նորարարություններ եղան համացանցային պայքարի և միջազգային PR կազմակերպությունների ներգրավվումը հակամարտության մեջ, որոնց կանդրադառնանք ստորև:
Ավանդական ԶԼՄ-ը վրաց-ռուսական ռազմական բախման ընթացքում
Ավանդական ԶԼՄ-ում Վրաստանի օգտին տեղեկատվական պայքարը սկսել էին վրաց-ռուսական բախումից դեռ շատ առաջ, երբ արևմտյան ԶԼՄ-ը Սահակաշվիլիի վարչակարգն ու Վրաստանը դիտարկում էին որպես տարածաշրջանի «դեմոկրատիայի կղզի», իսկ Աբխազիայի և Օսեթիայի անկախության համար պայքարը` «անջատողականություն»[3]:
Մ. Սահակաշվիլին վրացական բանակին Հարավային Օսեթիա ներխուժման հրաման տալուց մեկ ժամ առաջ հայտարարեց, թե հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով: Այսպես սկսվեց վրաց-օսական ռազմական բախման տեղեկատվական աջակցությունը ռազմական գործողությունների ընթացքում:
Վրաստանի հետ կարծես համաձայնեցրած գործեցին նաև արևմտյան և ամերիկյան ԶԼՄ-ները, որոնք օլիմպիական խաղերի մասին ռեպորտաժները դադարեցրին և անդրադարձան պատերազմին այն ժամանակ, երբ արդեն ռուսական զորքերն անցել էին հակագրոհի[4]:
Լոնդոնյան The Times-ը օգոստոսի 8-ին պատերազմին անդրադարձող իր հոդվածում Հարավային Օսեթիան անվանեց Վրաստանի տարածք, իսկ օսերին սեպարատիստներ, որոնց աջակցեց Ռուսաստանը, երբ Վրաստանը հարձակվեց ապստամբների վրա[5]:
The New York Times–ը նույնպես գում էր, թե Հարավայի Օսեթիան կոնֆլիկտային տարածք է, որտեղ ծաղկում է սեպարատիզմը և Վրաստանը ստիպված էր այնտեղ զորքեր մտցնել, որպեսզի ապահովի իր անվտանգությունը: Բացի այդ այստեղ Վրաստանի գործողությունները ներկայացվում են որպես պատասխան օսական ագրեսիային, որոնք առաջինն են սկսել կրակել վրացիների վրա:
The Washington Post-ը իր խմբագրականում կոչ էր անում փրկել Վրաստանին`
այդ նուրբ դեմոկրատական երկրին Ռուսաստանի ճիրաններից: Այստեղ նշվում է, որ եթե Վրաստանին Ռուսաստանը ճնշի, դա նախադեպ կդառնա այլ հետսովետական հանրապետությունների համար:
Նման ոճով էին աշխատում նաև արևմտյան հեռուստաընկերությունները: BBC-ն իր լրատվականը պատերազմի երկրորդ օրը սկսում է հաղորդագրությամբ, թե ռուսական օդուժը ռմբակոծում է վրացական Գորի քաղաքը: Հեռուստակայանի լրագրողը տեղից հաղորդում է ռուսական հարվածների մասին:
Մեկ այլ անգլիական հեռուստաալիք` Sky News-ը, օգոստոսի 8-ին իր լուրերը սկսում է 7 վրացի վիրավորների և վրացական գյուղերի ռուսների ռմբակոծության մասին հայտնելով: Միևնույն ժամանակ ցուցադրվում են կադրեր համազարկային կրակի վրացական կայանքներից, որոնք ռմբակոծում են Ցխինվալը[6]:
Տեղեկատվական պայքարում Fox News-ը թույլատրեց բացթողումներ: Երբ հաղուրդումներից մեկին հրավիրված 12 տարեկան օսուհին և նրա մորաքույրը ուղիղ եթերով հստակորեն ասացին, թե Ցխինվալը ռմբակոծել են վրացիները իսկ իրենց փրկել են ռուսական զորքերը: Այդ պահին հաղորդավարի մոտ սկսվեց հազի նոպա և անմիջապես գովազդ դրվեց[7]:
Սահակաշվիլին հակամարտության հենց առաջին օրը հարցազրույց տվեց CNN-ին և դարձավ արևմտյան ԶԼՄ-ների գլխավոր հյուրը: Նա նույնիսկ վրաց ժողովրդին ուղղված կոչերը արտասանում էր անգլերեն` Եվրամիության դրոշի ներքո[8]:
Իսկ ռուսական ԶԼՄ-ները գերազանցապես խոսում էին վրացիների գործած ավերածությունների և վայրագությունների մասին, ինչպես նաև պարբերաբար անդրադառնում էին արևմտյան մամուլի վրացամետ դիրքորոշումներին և ապացուցում էին նրանց կողմնակալությունը: Դա էր ռուսական տեղեկատվական քաղաքականության հիմնական սխալը, որովհետև արևմտյան ԶԼՄ-ները հսկայական զանգվածի կարծիքի ձևավորման աղբյուր էին, իսկ ռուս ԶԼՄ-ների կողմից դրանց ոչ օբյեկտիվության մասին հաղորդումները չէին հասնում նպատակին, որովհետև կշիռ չունեին արևմտյան ԶԼՄ-ների ազդեցության տարածքում: Դրան հակառակ` Սահակաշվիլին պարբերաբար ելույթ ունենալով արևմտյան ԶԼՄ-ներով, ավելի արդյունավետ էր ազդում հանրային կարծիքի վրա:
Զինված պայքարի վերջից ռուսական կողմն էլ սկսեց պարբերաբար շփումը արևմտյան ԶԼՄ-ների հետ[9]: Սակայն արևմուտքի տեղեկատվական դաշտում ռուսական կարծիքի տարածման դեմ քայլեր էին արվում: Սեպտեմբերի երեքին Վ. Պուտինի հարցազրույցը գերմանական ARD հեռուստաալիքին մոնտաժվեց և «տհաճ» հատվածները հանվեցին: Գերմանական հեռուստաալիքի եթերից ՌԴ վարչապետը հայտարարեց. «Ի՞նչ է, մենք չե՞նք կարող պաշտպանել մեր քաղաքացիներին Հարավային Օսեթիայում: Իսկ եթե մենք պաշտպանե՞նք մեր կյանքերը` մեզանից կվերցնե՞ն մեր երշիկը: Եթե պետք է ընտրություն անենք երշիկի և կյանքի միջև, մենք ընտրում ենք կյանքը»[10]: Սակայն Պուտինի այս և շատ այլ մտքեր Եվրոպական ամենահեղինակավոր հեռուստաընկերություններից մեկը մոնտաժեց և չթույլատրեց եթեր: 30 րոպեանոց հարցազրույցից հեռարձակվեց 9 րոպեն: Միայն բլոգերների բողոքից և համացանցում ամբողջական հարցազրույցի տարածումից հետո հեռուստաալիքի ղեկավարությունը խոստովանեց գրաքննության փաստը և պարտավորվեց ցուցադրել ամբողջական հարցազրույցը (առավոտյան ժամը վեցին)[11]: Բացի այդ ARD-ն հարցազրույցի ամբողջական տեքստը չտեղակայեց նաև կայքում:
Շատ քիչ արևմտյան և ամերիկյան լրատվամիջոցներում հաղթահարեցին լրագրության կանոնները և տեղ գտան օբյեկտիվ լուսաբանումներ: Սակայն նման դեպքերը անմիջապես քննադատվեցին և պատժվեցին: Օրինակ, ամերիկյան NBC հեռուստաալիքը խիզախեց քննադատել ԱՄՆ-ին Վրաստանի նկատմամբ կողմնապահության և նրան զինելու համար և արժանացավ խիստ քննադատության FOX ալիքի կողմից: Լրագրող Բիլլ Օ’եյլին հայտարարեց. «NBC հեռուստաալիքների տեսքով Պուտինը ԱՄՆ-ում ունի հինգերորդ շարասյուն: Ռուսաստանը պետք է ուրախանա նման ալիքների գոյությամբ, որոնք ուզում են «վատ տղաների» լավը»[12]:
Միևնույն ժամանակ արևմտյան հեռուստաալիքները երբեք չցուցադրեցին վրացիների ավերածությունները ցուցադրող կադրեր, որոնք գտավ և ցուցադրեց «Вести-24»-ը:
Հայկական հեռուստատընկերությունները պատերազմը հիմնականում լուսաբանում էին ռուսամետ կամ էլ չեզոք, չնայած կային դեպքեր, երբ շատ մանրամասն լուսաբանվում էր արևմտյան և վրացի գործիչների հայտարարությունները, որոնք ընդգծված հակառուսական բնույթի էին (Արմենիա): Իսկ թերթերում վրացական տեսակետին ավելի շատ անդրադառնում էր ընդդիմադիր մամուլը:
Հակամարտության սկզբից Վրաստանի տարծքում արգելվեցին ռուսական հեռուստաալիքները և փակվեցին ռուսական կայքերը,[13] հետագայում ընդհանրապես փակվեց ինտերնետ կապը: Թբիլիսին արգելափակեց իր տարածքում ոչ միայն ռուսական հեռուստակայանների, այլև համեմատաբար հավասարակշռված Euronews–ի հաղորդումները[14]։
Վրաստանի կողմից քարոզչական հստակ քաղաքականությունը շարունակվեց ողջ հակամարտության ընթացքում: Երբ վրացական զորքերը մտան Ցխինվալ, անմիջապես նրանց մուտքը փառաբանող, հզորությունը ցուցադրող տեսահոլովակներ նկարահանվեցին և տարածվեցին, ստեղծեցին մեդիակենտրոններ, որոնք ռազմական գործողությունների տարածքից անընդհատ տեղեկատվություն էին տարածում: Սահակաշվիլին սիստեմատիկ ելույթներ էր ունենում միջազգային լրատվամիջոցներով, դիպուկ համեմատությունների միջոցով ՌԴ գործողությունները զուգորդվում էր բացասական երանգավորում ստացած պատմական այլ դեպքերի հետ (Աֆղանստան, Չեխոսլովակիա) և այլն[15]:
Միջազգային լոբբիստական խմբերը և PR կազմակերպությունները
Վրաստանին տեղեկատվական պայքարում աջակցում էին միջազգային խոշոր լոբբիստական խմբեր և PR կազմակերպություններ:
Scheunemann & Associates և Orion Strategies LLC ֆիրմաները, որոնց ղեկավարն է Ռենդի Շունեմանը (Randy Scheunemann), վրաց պետության կողմից ստանում է պատվերներ[16]: Շունեմանը նախկինում աշխատել է «Իրաքի ազատության կոմիտեի» տնօրեն[17], որը ԱՄՆ-ի Իրաք ներխուժման լոբբինգով էր զբաղվում: Շունեմանը նաև սենատոր Մաքկեյնի գլխավոր խորհրդականն է միջազգային հարաբերությունների գծով[18], Շունեմանը իր խոստովանմամբ աջակցում էր Վրաստանին ՆԱՏՕ մտնելու համար[19]: 2008-ի սկզբին նա հայտարարել է, թե այլևս չի աշխատում Վրաստանի համար, սակայն նրա ֆիրմաները շարունակում են գործել[20]:
Վրաստանի համար էր աշխատում նաև PR կազմակերպության` Aspect Consulting-ի աշխատակից Պատրիկ Վորմը (Patrick Worm)[21]: Այս կազմակերպության կենտրոնական գրասենյակը գտնվում է Բրյուսելում: Պատրիկ Վորմը Թբիլիսիի կենտրոնի հյուրանոցի իր համարից պարբերաբար նյութեր էր ուղղարկում կենտրոն, որտեղից դրանք տարածվում էին ողջ աշխարհով:
Մի խումբ բելգիացի PR-իստներ հակամարտության սկզբից պարբերաբար այդ խնդիրները լուսաբանող լրագրողներին էլեկտրոնային նամակներ էին ուղղարկում իրադարձությունների մասին տվյալներով` բնականաբար համապատասխան վրացական տեսակետին[22]:
Տեղեկատվական պատերազմի համացանցային կողմը
Վրաց-ռուսական հինգօրյա պատերազմն ապացուցեց, որ համացանցը նույնքան կարևոր և նույնիսկ ավելի օպերատիվ տեղեկատվական պայքարի ճակատ է, որքան ավանդական ԶԼՄ-ներն են: Շատ դեպքերում բլոգներն ու ֆորումները փոխարինեցին ավանդական ԶԼՄ-ներին և վերջիններս ստիպված տեղեկատվությունը բլոգերից էին վերցնում:
Պատերազմի առաջին օրից տեղեկատվական հակամարտության առաջապահ դիրքերում հայտնվեցին բլոգերը: Ռուսալեզու բլոգերների մի մասը միավորվեց Ռուսաստանի շուրջ և իրենց դրսևորեց որպես հայրենասեր, իսկ մի մասն էլ կատարեց «5-րդ շարասյան» դեր և պաշտպանեց Վրաստանի շահերը[23]:
Բախման սկզբից անմիջապես անհասանելի դարձան Վրաստանի նախագահի, արտգործնախարարության, արդարադատության նախարարության, այլ նախարարությունների և մի քանի տեղական-լրատվական կայքեր[24]:
Այդ պայմաններում Վրաստանի ԱԳՆ-ն ստեղծեց բլոգ, որի միջոցով էր տեղեկատվություն տարածում:
Օգոստոսի 12-ին մի շարք կայքեր արդեն հասանելի էին. վրացական իշխանությունները դրանք տեղափոխեցին Գերմանիա և ԱՄՆ[25]: Մ. Սահակաշվիլու կայքը տեղափոխվեց ԱՄՆ, Tulip Systems ամերիկյան կազմակերպության սերվերների վրա, սակայն գրոհները չդադարեցին:
Գրոհներ եղան նաև ռուսական, օսեթական և աբխազական կայքերի վրա (www.osradio.ru, www.cominf.org, www.osinform.ru, kommersant.ru, lenta.ru և այլն ), սակայն լուրջ հետևանքներ չթողեցին[26]:
Երկկողմ հարձակումները հիմնականում տեղի էին ունենում այսպես կոչված DDoS (Distributed Denial of Service) գրոհների միջոցով, որոնք իրենցից ներկայացնում են մեծ քանակությամբ հարցումների միջոցով սերվերի խափանում: Հարցումներն ուղարկվում են մի քանի տասնյակ հազար համակարգիչների կողմից, որոնց նախօրոք վարակում են վիրուսով: DDoS գրոհներ կարելի է պատվիրել, 24 ժամվա համար վճարելով մոտ 500 դոլարից սկսած[27] (այս գինը աստիճանաբար իջնում է):
Վրաստանում ինտերնետ կապի մենաշնորհը CoucasusOnline ընկերությանն է պատկանում, որն անմիջապես արգելեց ինտերնետը ողջ Վրաստանի տարածքում ներքին գործերի նախարար` Եկատիրինա Զգուլադզեի այն հայտարարությունից հետո, թե Վրաստանում նկատվում են ապատեղեկատվության տարածման դեպքեր, և քանի որ նման գործողությունները ռազմական դրության ժամանակ հանցագործություն են համարվում, իրավապահ մարմինները կանխարգելիչ միջոցառումներ կիրականացնեն[28]:
Որոշ ժամանակ անց միջազգային կազմակերպությունների ճնշման ներքո, որոնք վնասներ էին կրում Վրաստանում ինտերնետի բացակայության պատճառով, ինտերնետ կապը վերականգնվեց, սակայն արգելված մնացին ru դոմեյնով կայքերը և ռուսական հեռուստաալիքները:
Վրացիներին համացանցային պայքարում աջակցում էին նաև միջազգային խոշոր ռեսուրսներ, ինչպիսիք youtube.com-ն է: Օգոստոսի տասնմեկին բլոգոսվերայում տարածվեց տեսանյութ, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես է Սահակաշվիլին փախչում ռուսական ինքնաթիռների ձայնից: Անմիջապես փորձեր եղան այդ տեսանյութը youtube.com կայքում տեղադրել, բայց, ի զարմանս տեղադրողների, այն կայքում մնում էր մի քանի րոպե[29]: Մեկ այլ դեպքում յություբը արգելափակեց 12 տարեկան աղջկա` Fox News-ով հեռարձակված հարցազրույցի դիտողների թվի ցուցադրումը:
Վրաց-ռուսական տեղեկատվական պատերազմը և Հայաստանը
Վրաց-ռուսական տեղեկատվական պայքարում տեղեկատվական հարվածներ եղան նաև հայերի ուղղությամբ: Օգոստոսի 9-ին ապատեղեկատվություն տարածվեց, թե Վրաստանի տարածքը ռմբակոծվում է ՀՀ-ի տարածքից թռած ինքնաթիռներով[30]: Անմիջապես ՀՀ ՊՆ կողմից հերքվեցին այդ լուրերը[31], որովհետև նման տեղեկատվությունը կարող էր Վրաստանի ներսում հակահայկական տրամադրությունների ալիքի պատճառ դառնալ: Բացի այդ խոսքը Մառնեուլի շրջանի ռմբակոծման մասին էր, ինչը նաև նպատակ ուներ Ադրբեջանում հակահայկական տրամադրություների զարգացման առիթ դառնալ:
Նման լուրերը հատկապես ադրբեջանական լրատվամիջոցների կողմից էին տարածվում: Ողջ հակամարտության ընթացքում նրանց կողմից Վրաստանում հակահայկական տեղեկատվական հոսքի առաջացման մի քանի փորձեր եղան: Լրատվամիջոցներում ավելի ուշ լուրեր տարածվեցին, թե Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ամերիկյան ռազմական փորձագետներով ինքնաթիռ է վայրէջք կատարել: Այս ապատեղեկատվությունը նույնպես հայկական կողմից արագ հերքվեց [32]:
Չնայած հայկական կողմի հերքումներին` ադրբեջանական ԶԼՄ-ները շարունակում էին նոր առիթներ գտնել հայկական կողմին մեղադրելու համար, և դրանք երբեմն հասնում էին աբսուրդի: Օրինակ, օգոստոսի 12-ին ադրբեջանական Zerkalo պարբերականը գտավ մի գերազանց տեսողությամբ մառնեուլաբնակ ադրբեջանցու, որը Մառնեուլից նկատել էր, որ ռուսական ռմբակոծիչները թռչում են Գյումրիի տարածքից[33]: Ճիշտ է, նման լուրերը քաղաքական գործիչների գործողությունների վրա որևէ ազդեցություն չթողեցին, սակայն հանրային կարծիքի վրա անկասկած ազդեցություն կթողնեն:
Վրաց-օսական բախումը ցուցադրեց տեղեկատվական պայքարի մի շարք նորարարություններ: Դրանցից մեկը բլոգոսվերան էր, որը տեղեկատվական պայքարում լուրջ գործոն եղավ: Պարզվեց` կան շատ բլոգերներ, որոնց համար կարևոր է իրենց երկրի անվտանգությունը և որոնք կամավոր մասնակցում են տեղեկատվական պատերազմին: Հակամարտությունն ապացուցեց, որ բլոգերը հանրային կարծիք ձևավորելու հզոր գործոն են, նրանց անհրաժեշտ է աջակցել և օգտագործել տեղեկատվական պայքարում` ինչպես ԶԼՄ-ներին:
Վրաց-ռուսական տեղեկատվական հակամարտությունից կարելի է հետևյալ հետևությունները կատարել.
- Անհրաժեշտ է համագործակցություն միջազգային PR կազմակերպությունների և միջազգային ԶԼՄ-ների հետ:
- Համագործակցություն բլոգերների հետ:
- Անհրաժեշտ է աչքի առաջ ունենալ վիրտուալ տարածքներ, (բլոգեր, ֆորումներ, սոցիալական ցանցեր) որտեղ հնարավոր լինի այլ երկրների հանրությանը ներկայացնել պատերազմի մասին իրականությունը իրենց լեզվով:
- Անհրաժեշտ է գտնել իրականությունը պատկերող ինչքան հնարավոր է շատ լուսանկարներ և տեսանյութեր հակամարտության վերաբերյալ:
- Ապատեղեկատվություն տարածողներին և պրովակատորներին անհրաժեշտ է ինչքան հնարավոր է շուտ հայտնաբերել և չեզոքացնել, միևնույն ժամանակ հիշելով, որ շատ դեպքերում նրանց գլխավոր խնդիրը շեղելն է:
- Անհրաժեշտ է նույն գաղափարները տարբեր տեղեր արտահայտել տարբեր բառերով: Կրկնությունը ազդեցության լավագույն գրավականն է:
- Սոցիալական ցանցերում պետք է ստեղծվեն թեմատիկ խմբեր, որտեղ անհրաժեշտ է ինչքան հնարավոր է շատ մարդ ներգրավել:
- Անհրաժեշտ է պարբերաբար էլեկտրոնային հասցեներով տեղեկատվություն տարածել:
Վահրամ Միրաքյան
[1] Максим Жаров, Тимофей Шевяков, “Хроники информационной войны”, Москва, издательство “Европа”, 2009г. С. 8
[2] Գագիկ Հարությունյան , «ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՇՈՒՐՋ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ », «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի կայք` http://www.noravank.am/am/?page=analitics&nid=1352
[3] Նմանատիպ վտանգավոր վիճակ է սկսվում նաև արևմտյան մամուլում Հայաստան-Ադրբեջան հակամարտության լուսաբանման հետ կապված: Վերջին շրջանում պարբերաբար արևմտյան շատ հեղինակավոր ԶԼՄ-եր հանդես են գալիս ադրբեջանամետ հրապարակումներով, որոնք հիշեցնում են մի քանի տարի առաջվա վրացամետ հայտարարությունները: Ստորև կներկայացնենք հեղինակավոր միջազգային որոշ պարբերականների հակահայկական հոդվածներից մի քանիսը, որտեղ նկավում է ՀՀ և ԼՂՀ բացասական կերպարի և Արցախի հարցի Ադրբեջանամետ դիրքորոշման ներկայացում. The Economis, «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԱՆՐԻ ՇՐՋԱՆ. Պանրի պատրաստման գաղտնի», http://artmamul.ararat-center.org/?p=28, The Observer, «Ապաստան հայցողի դժոխքը», http://artmamul.ararat-center.org/?p=46, San Francisco Cronicle, «Ապաստանի հայցով գործը վերաբացվել է սղագրական սխալի», guardian.co.uk, «Բանակցություններ սև անցքի շուրջ», http://artmamul.ararat-center.org/?p=43, Le Monde Diplomatique, «Բողոքարկված նախագահական ընտրություններ Երևանում», http://artmamul.ararat-center.org/?p=9 , Eurasia Daily Monitor, «ՀՆԱՐԱՎՈՐ ՄԵՐՁԵՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ», http://artmamul.ararat-center.org/?p=21, Eurasianet.org, «Քրդական հարցը և Լեռնային Ղարաբաղը», http://artmamul.ararat-center.org/?p=31, Globalpolitician.com, «Լարվածություն Լեռնային Ղարաբաղի անկախության շուրջ», http://artmamul.ararat-center.org/?p=33, Newstatesman, «Ծավալապաշտությամբ տառապող լեռնցիները», http://artmamul.ararat-center.org/?p=140 և այլն: Ժամանակին ամեն մի նման հրապարակմանը եթե պետական մակարդակով պատասխան չտրվի` Հայաստանի համար դա կունենա լուրջ հետևանքներ, որը այլ վերլուծության թեմա է:
[4]“Бомбардировка сознания” http://www.vesti.ru/doc.html?id=199787&tid=60353
[5]“Психологическая война вокруг Осетии: мифы и реальность”, http://www.dv-news.com/main.php?publication/view/112118
[6] “В психологической войне все средства хороши”, http://www.vesti.ru/doc.html?id=199981
[7] http://www.compromat.ru/main/saakashvili/osetiafoxnews.htm
[8] http://www.vesti.ru/doc.html?id=199787&tid=60353
[9] Интервью Владимира Путина телекомпании CNN, http://www.vesti.ru/doc.html?id=204729&cid=1
Медведев разъяснил позицию России, http://www.vesti.ru/doc.html?id=204249&cid=1
Интервью Медведева телеканалу “Евроньюс”, http://www.vesti.ru/doc.html?id=206097&cid=1
[10] www.rian.ru/politics/20080829/150805965.html
[11] “Вести.net”: немецкая цензура и “конец света” для компьютеров, http://www.vesti.ru/doc.html?id=206344&cid=1
[12] Максим Жаров, Тимофей Шевяков, “Хроники информационной войны”, Москва, издательство “Европа”, 2009г. С. 16
[13] “Граждан Грузии лишили доступа в Интернет”, http://www.vesti.ru/doc.html?id=201005&cid=1
[14] Գագիկ Հարությունյան , «ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՇՈՒՐՋ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ», http://www.noravank.am/am/?page=analitics&nid=1352
[15] “Грузия проиграла войну с Россией, но сумела выиграть пиар-войну”, http://www.inopressa.ru/times/2008/08/13/10:30:09/pr
[16] http://rawstory.com/news/2008/WSJ_McCain_on_defense_over_ties_0523.html
[17] http://www.sourcewatch.org/index.php?title=Committee_for_the_Liberation_of_Iraq
[18] http://rightweb.irc-online.org/profile/1347.html
[19] “Главный советник Маккейна работал на Грузию – СМИ”, http://www.rian.ru/world/20080809/150222401.html
[20] Շունեմանի մասին ավելի մանրամսը տես տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանի բլոգում` http://ahousekeeper.livejournal.com/272710.html
[21] “Самый главный солдат Грузии – PR-консультант Червь”: шведская газета, http://www.regnum.ru/news/1043190.html
[22] “Грузия выиграла информационную войну с Россией с помощью пиарщиков из Бельгии”,
http://og.ru/news/2008/08/13/41058.shtml
[23] Максим Жаров, Тимофей Шевяков, “Хроники информационной войны”, Москва, издательство “Европа”, 2009г. С.21
[24] http://www.vesti.ru/doc.html?id=200221&cid=1
[25]“Действительно ли Грузия подверглась российским кибератакам?”, http://www.inopressa.ru/lacroix/2008/08/13/16:17:48/cyber
[26] Война: российские СМИ под шквалом DDoS-атак, http://internet.cnews.ru/news/top/index.shtml?2008/08/11/311644
[27] Ավելի մանրամսը DDoS գրոհների մասին այստեղ` http://rian.ru/science/20080813/150352160.html
[28] “Молчание грузин”, http://www.rosbaltsouth.ru/print/512868.html
[29] Максим Жаров, Тимофей Шевяков, “Хроники информационной войны”, Москва, издательство “Европа”, 2009г. С. 22
[30]“Грузия обвиняет Армению в помощи России”, http://www.day.az/print/news/georgia/127032.html
[31] ՀՀ ՊՆ կայք, http://www.mil.am/arm/index.php?page=2&p=0&id=617&y=2008&m=08&d=10
[32] Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ. ՕԴԱՆԱՎԵՐՈՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ ՄՈՒՏՔ ՉԵՆ ԳՈՐԾԵԼ, http://www.panorama.am/am/politics/2008/08/12/mid/
[33] “САМОЛЕТЫ ЛЕТЕЛИ СО СТОРОНЫ ГЮМРИ”, http://zerkalo.az/print.php?id=35089












