Համակարգչային, համացանցային ազդեցության և անվտանգության խնդիրներն ու հնարավորությունները
ՀՀ Անվտանգության խորհրդի` 2009թ. ապրիլի 25-ին կայացած նիստում քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ Տեղեկատվական անվտանգության հայեցակարգը: Այն ընդունվեց մեկ տասնամյակից ավել տևած փորձագիտական ահազանգերից և բողոքներից հետո միայն: Հուսանք` այն ինչ-որ դրական հետևանք կունենա և չի կրկնի ՀՀ Ազգային անվտանգության հայեցակարգի ճակատագիրը, քանի որ տեղեկատվական անվտանգությունը ժամանակակից պետությունների անվտանգության համակարգի ամենակարևոր հատվածներից է:
Տեղեկատվական պատերազմները (ՏՊ) շատ մասնագետներ բաժանում են 2 ուղղության` տեղեկատվական-տեխնոլոգիական և տեղեկատվական-հոգեբանական: Առաջինի մարտադաշտը տեղեկատվության ստեղծման ու տարածման տեխնիկական ենթակառույցներն են (համակարգչային ցանցեր, հեռուստառադիոցանցեր և այլն), երկրորդինը` անհատական և զանգվածային գիտակցությունը[1]:
Ստորև կանդրադառնանք տեղեկատվական-տեխնոլոգիական պայքարի երկու ուղղություններից մեկին` համակարգչային ցանցերում տարվող պայքարին:
2007թ. փետրվարի 2-ին ադրբեջանական ցանցահենների (hackers) կողմից վնասվել էին 12 հայկական կայքեր[2]: Գրեթե բոլոր կայքերի վրա դրվել էին նկարներ Խոջալուի այսպես կոչված «ցեղասպանությունից»: Սա հայկական կայքերի առաջին զանգվածաային խափանումն էր և բացահայտեց կայքերի տնօրինությունների անպատրաստվածությունը նման իրավիճակներում: Այդ պատահարից հետո որոշ կայքերի տնօրենների մոտ խուճապ էր: ArmenianHouse.org կայքի տնօրեն Կարեն Վրթանեսյանը գրում է[3]. «Այսօր այդ կայքերից մեկից զանգահարել էին, հարցնում էին` «Ի՞նչ անենք, ծրագրավորողին չենք կարողանում գտնել…»»:
Նմանատիպ վիճակ էր տիրում նաև այլ կայքերի աշխատակիցների մոտ: Կ. Վրթանեսյանն առաջարկում է սեմինարներ անցկացնել կայքերի աշխատակիցների համար` օգնելու նրանց պաշտպանվել ադրբեջանական հարձակումներից:
Նույն տարվա սեպտեմբերին պարզվեց, որ ևս 18 հայկական կայքեր են խափանվել[4], այդ թվում ` մի քանի պետական կայքեր: Հետագայում պարզվեց, որ կայքերը կոտրվել էին մոտ երկու ամիս փաստի հայտնաբերումից առաջ և ողջ ընթացքում ցանցահենության այս դեպքերը ոչ ոք չէր բացահայտել[5]: 2007թ. հայկական կայքերի դեմ ուղղված երրորդ ու վերջին մեծ հարձակումը սեպտեմբերի կեսերին էր, երբ կոտրվել էին 12 կայքեր[6]:
2008թ. օգոստոսը նշանավորվեց ևս մի համակարգչային գրոհով. այս անգամ ադրբեջանցիները խափանել էին Մշակույթի, Կրթության և գիտության նախարարության, Արդարադատության նախարարության և Երևանի Պետական Համալսարանի (ԵՊՀ) պաշտոնական կայքերը[7]:
Երբ Panorama.am-ի թղթակիցը փորձել է պարզել Կառավարության տեղակատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Պետրոս Դեմիրճյանից` արդյո՞ք կառավարությունը չի մշակում ընդհանուր մի ծրագիր, ըստ որի բոլոր նախարարություններին կսպասարկի նույն ընկերությունը, որպեսզի կայքէջերը լինեն միանման և անվտանգությունն ապահովված լինի, Պետրոս Դեմիրճյանը պատասխանել է. «Այդ ուղղությամբ արդեն փորձում ենք քայլեր ձեռնարկել, քանի որ վերջին շրջանում տարբեր դեպքերի ենք ականատես լինում»:
Այս գրոհներից բացի եղել են նաև առանձին կայքերի խափանումներ և դրանք շարունակվում են (2009թ. սկզբին կոտրվել էր «Միտք» վերլուծական կենտրոնի կայքը` www.mitq.org, փորձել էին կոտրել նաև voskanapat.info կայքը):
Կարելի է եզրակացնել, որ ադրբեջանցի և թուրք ցանցահենների` հայկական տեղեկատվական համակարգեր ներխուժելու և կայքերի աշխատանքները խափանելու փորձերը կրում են սիստեմատիկ բնույթ: Երբեմն դրանք կարող են ունենալ լուրջ հետևանքներ: Օրինակ, 2008թ. սկզբին ՀՀ Արտգործնախարարության կայքից ադրբեջանցիները ձեռք էին բերել ներքին օգտագործման համար նախատեսված գաղտնի տեղեկատվություն[8]:
Եթե Հայաստանի կառավարությունում նոր են սկսել մտածել ցանցային անվտանգության համակարգ ստեղծելու մասին, Ադրբեջանը երկրի տեղեկատվական անվտանգության հարցերին բավականին լուրջ ուշադրություն է դարձնում դեռևս 2000-2001թթ.-ից սկսած. Ադրբեջանում պետական մակարդակով պարբերաբար կազմակերպվում են տեղեկատվական անվտանգության թեմայով գիտաժողովներ: 2003թ. սեպտեմբերի 26-ին Ադրբեջանի ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Տեղեկատվական շրջափակման ճեղքում. մոտակա տասնամյակներ»[9] վերնագրով գիտաժողովը, որտեղ քաղաքագիտության դոկտոր, զեկուցող Ռուֆշան Մուսթաֆաևը նշել է. «Վերջին ժամանակներս աշխատանքներ են տարվել մեր երկրի տեղեկատվական վակումը ճեղքելու և համաշխարհային հանրությանը ճշմարտությունը հասցնելու ուղղությամբ»: Ըստ նրա, տեղեկատվական շրջափակման ճեղքման ուղղությամբ տարվող աշխատանքները ամենակարճ ժամանակում պետք է կատարվեն գիտական մակարդակով, և տեղեկատվական պատերազմը միայն պետության գործը չէ, կարևոր է դրանում նաև ժողովրդի մասնակցությունը (իսկ Հայաստանում պատկերը մինչև վերջերս հակառակն էր. այս գործով հիմնականում զբաղվում են անհատները, ոչ թե պետությունը-Վ. Մ.):
2001թ. «Լիազոր» խումբը ներկայացնող հայ ցանցահենները ադրբեջանական «Զերկալո» լրատվական կայքի առաջին էջում տեղադրել էին տեղեկատվություն, թե իբր Հ. Ալիևը համաձայնել է Արցախի վերամիավորմանը Հայաստանին[10]: Դա Ադրբեջանում մեծ աղմուկ բարձրացրեց, նույնիսկ պատճառ դարձավ ադրբեջանական դրամի արժեքի անկմանը, ինչն իր հերթին մի քանի պաշտոնյաների հեռացման պատճառ դարձավ:
Ընդհանրապես, ադրբեջանցիները մեծ ուշադրություն են դարձնում համակարգչային անվտանգությանը: Օրինակ, ըստ համակարգչային մասնագետ Սամվել Մարտիրոսյանի, Ադրբեջանից ուղարկված ու էլեկտրոնային փոստի հայկական հասցեներին հասցեագրված նամակներն արգելափակվում են ադրբեջանական համացանցային պրովայդերների կողմից:
Ինչպես նշեցինք, տեղեկատվական պատերազմը լինում է տեղեկատվական-տեխնոլոգիական և տեղեկատվական-հոգեբանական: Առաջինի և երկրորդի միջև տարբերությունը աշխատանքների մեթոդներն ու նպատակներն են: Առաջինի նպատակը համակարգչային, տեղեկատվական համակարգերն ու կապուղիները կործանելը կամ խափանելն է, իսկ երկրորդի համար այդ տեղեկատվական համակարգերի ոչնչացումը ցանկալի չէ, քանի որ այս պարագայում դրանք օգտագործվում են անհատական և զանգվածային գիտակցության վրա տեղեկատվական-հոգեբական ազդեցություն գործելու համար:
Համացանցային անվտանգությունն այլ երկրներում
Չնայած տեղեկատվական անվտանգությունը այնպիսի ոլորտ է, որտեղ ամեն երկրի համար և նույնիսկ ամեն առանձին դեպքում կարող է պահանջվել առանձնահատուկ մոտեցում, սակայն այլ երկրների` արդեն մշակված մոտեցումների, փորձի ուսումնասիրությունը կօգնի ընկալել հարցի լրջությունը, հասկանալ խնդրի տեսական և գործնական կողմերը և մշակել տեղեկատվական անվտանգության սեփական արդյունավետ հայեցակարգ:
Ռուսաստանի Դաշնությունում տեղեկատվական պատերազմին և համակարգչային անվտանգությանը վերջին տասնամյակում սկսել են մեծ ուշադրություն դարձնել: Դրա պատճառներից էր չեչենական առաջին պատերազմում ՌԴ-ի փաստացի պարտությունը, այդ թվում` տեղեկատվական ոլորտում:
1996թ. հուլիսի 16-ին ՌԴ առաջին նախագահ Բ. Ելցինը պաշտպանության նորանշանակ նախարար Ռադիոնովին Կառավարությանը ներկայացնելու ժամանակ իր ճառում առաջադրեց հետևյալ խնդիրը. «Անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել Տեղեկատվական Պատերազմի ռազմավարության ամբողջական զարգացմանը»[11]:
Նույն տարում ՌԴ Անվտանգության խորհրդի կազմում ստեղծվեց տեղեկատվական անվտանգության գծով միջգերատեսչական հանձնաժողով[12]: Հանձնաժողովի ղեկավար Ա. Վ. Ստարովոյտովը կազմեց ՌԴ տեղեկատվական անվտանգության հայեցակարգը, որն ընդունվեց միայն 2000թ. սեպտեմբերի 9-ին, ՌԴ երկրորդ նախագահ Վ. Պուտինի կողմից: Այդ հայեցակարգում ազգային անվտանգության համար տեղեկատվական ոլորտում կարևորվում է 4 հիմնական ուղղություն[13], որոնցից մասնավորապես չորրորդը վերաբերվում է սույն հոդվածի քննարկման առարկա հաղորդակցական համակարգերի անվտանգությանը:
Չորրորդ կետում ասվում է, որ տեղեկատվության ոլորտում ՌԴ ազգային անվտանգության համար կարևորվում է տեղեկատվական ռեսուրսների պաշտպանությունն անթույլատրելի մուտքերից, տեղեկատվական և տեղեկատվա-հաղորդակցական համակարգերի անվտանգության պահպանումը:
Ռուսաստանի տեղեկատվական անվտանգության սպառնալիքները բաժանվում են արտաքինի և ներքինի: Արտաքին վտանգների աղբյուրների մեջ մտնում են այլ պետությունների ՏՊ տեսությունները, որոնք նպատակ ունեն վտանգավոր ազդեցություն ունենալ այլ պետությունների տեղեկատվական ոլորտի վրա, խախտել տեղեկատվական և տեղեկատվա-հաղորդակցական համակարգերի աշխատանքը, տեղեկատվական ռեսուրսների պահպանությունը: Այսպիսով, նույնիսկ այլ երկների կողմից ՏՊ սկզբունքների մշակման փորձն ընկալվում է որպես վտանգ` ՌԴ համար:
Ըստ ուսումնասիրությունների, Ռուսաստանը համացանցային պայքարի ոլորտում ամենաակտիվ երեք դերակատարներից մեկն է` Չինաստանի և ԱՄՆ-ի հետ [14]: Ռուսական համացանցային պատերազմի ուժերի հզորության ապացույցն էր վրաց-օսական պատերազմը, որի ընթացքում անմիջապես անաշխատունակ դարձավ վրացական համացանցային մեդիա ոլորտը:
Արևմտյան փորձագետների գնահատականներով, միլիոնավոր համակարգիչներ համախմբող ամենախոշոր բոթնետները (վարակված համակարգիչները դառնում են բոթնետ կոչվող խոշոր ցանցեր, որոնք վերահսկվում են ցանցահենների խմբավորումների կողմից) վերահսկվում են ռուսական (օրինակ՝ Russian Business Network (RBN) խմբավորման) և չինական հաքերական խմբերի կողմից, որոնք, ամենայն հավանականությամբ, գտնվում են այդ երկրների հատուկ ծառայությունների ենթակայության ներքո[15]։
ԱՄՆ–ում տեղեկատվական անվտանգությանը վերաբերող օրենքները գործում են վաղուց և դրանք պարբերաբար թարմացվում են[16]: ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի ազգային անվտանգության գծով խորհրդական, նաև համակարգչային ցանցերի անվտանգությունը ապահովող աշխատանքների կոորդինատոր Ռիչարդ Քլարքը դեռ 2000թ.-ին ծրագրային ապահովման խոշորագույն ընկերությունների առջև ելույթ ունենալիս նշեց[17], որ եթե ԱՄՆ-ը ապագայում պատերազմի, ապա զորքերի տեղաշարժը, ինքնաթիռների թռիչքը, մատակարարման երթուղիները հնարավոր է ռմբակոծվեն ոչ թե հրթիռներով, ռումբերով կամ գնդակներով, այլ` բայթերով:
Ժամանակակից բանակի կառավարման մեջ համակարգչային միջոցների օգտագործումը այնպիսի մեծ դեր ունի, որ համաձայն ԱՄՆ ազգային տեղեկատվական համակարգի մի ուսումնասիրության` համակարգչային գրոհները կարող են ամբողջությամբ շարքից հանել կենսապահովման բազմաթիվ համակարգեր, որոնց հետևանքները համեմատելի կլինեն միայն զանգվածային ոչնչացման զենքի կիրառման հետ[18]: «Սքանսեյֆ» (ScanSafe) ընկերության հետազոտությունները ցույց տվեցին, որ էներգետիկ արդյունաբերության ոլորտը վնասարար ծրագրերի առաջնային թիրախն է։ 2009թ. ապրիլի սկզբին ԱՄՆ էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչները խոստովանեցին, որ իրենց համակարգիչները մշտապես ենթարկվում են հաքերային գրոհների[19], որոնք հիմնականում կրում էին լրտեսական բնույթ: Իսկ եթե նմանատիպ գրոհներն ունենան ոչնչացման նպատակ, հնարավոր է` կաթվածահար անեն ԱՄՆ էներգետիկ համակարգը և հասցնեն հսկայական տնտեսական կորուստներ:
1994 թվականից ԱՄՆ-ում սկսվեցին մեծամասշտաբ հետազոտություններ համակարգչային անվտանգության և տեղեկատվական պատերազմների վերաբերյալ: Անց էին կացվում գիտական գիտաժողովներ տեղեկատվական պատերազմների թեմայով` քաղաքական և ռազմական բարձրաստիճան գործիչների մասնակցությամբ[20]: 1995թ. ուսումն ավարտեցին և ծառայության անցան տեղեկատվական պատերազմների մասնագիտացում ստացած առաջին սպաները, որոշ ԲՈՒՀ-երում բացվեցին համապատասխան ամբիոններ:
«Նստեցրեք ինձ մի սենյակում 12 համակարգչային մասնագետների հետ, և ես ավելի մեծ վնաս կարող եմ հասցնել հակառակորդի ենթակառույցներին, քան B-1 ռմբակոծիչները կամ էլ ողջ 7-րդ նավատորմը»,- այդպես էր ասում «Քոդեքս սիստեմս» (Codex systems) կազմակերպության նախագահ Ֆրենկ Ջոնսը: Այդ կազմակերպությունը ԱՄՆ-ի ռազմական և հետախուզական կառույցներին ապահովում է համակարգչային ծրագրերով:
1995թ. ԱՄՆ Ազգային պաշտպանության ինստիտուտը հրատարակեց Մարտին Լիբիկի «Ի՞նչ է տեղեկատվական պատերազմը» աշխատությունը, որտեղ հեղինակը առանձնացնում է տեղեկատվական պատերազմի 7 տեսակ[21].
1. հրամանատարաշտաբային,
2. հետախուզական,
3. հոգեբանական,
4. ցանցահենային,
5. տնտեսական,
6. էլեկտրոնային,
7. կիբեռպատերազմ:
Լիբիկի այս աշխատությունը ԱՄՆ ռազմական ուսումնարաններում օգտագործվում է որպես դասագիրք:
1999թ. ԱՄՆ-ում ստեղծվեց կիբեռպատերազմի վարման կենտրոն, իսկ 2005թ. Պենտագոնում ձևավորվեց խումբ, որի խնդիրն է ճնշել հակառակորդի ակտիվությունը համացանցում և այլ էլեկտրոնային կապուղիներում: Այս ցանցահենային ռազմական խմբի ստեղծման մասին Սենատի նիստերից մեկի ժամանակ հայտարարեցին ԱՄՆ ՊՆ ռազմավարական ղեկավարության ներկայացուցիչները[22]: Նրանց խոսքերով` զինված ուժերի նոր ստորաբաժանումը կոչվում է Ցանցային ռազմական գործողությունների համակարգային կոմպոնենտների միավորված ղեկավարություն (Joint Functional Component Command for Network Warfare – JFCCNW):
JFCCNW-ի խնդիրը լինելու է ոչ միայն հակառակորդի համակարգչային համակարգերը խափանելը, այլև` ԱՄՆ ՊՆ ողջ համակարգչային կապուղիների պաշտպանությունը: Պաշտոնապես, ցանցահենների այս խմբի մասին այլևս ոչինչ հայտնի չէ, սակայն մասնագետները կարծում են, որ նրա անվան «Միավորված ղեկավարություն» մասից կարելի է ենթադրել, որ դրա կազմի մեջ մտնում են անդամներ Կենտրոնական հետախուզական վարչությունից, Հետախուզության ֆեդերալ բյուրոյից և այլ գաղտնի ծառայություններից:
2005թ. փետրվարին ԱՄՆ նախագահ Ջ. Բուշը ստորագրեց հատուկ դիրեկտիվ, որը կառավարությանը հանձնարարում էր ստեղծել կիբեռպատերազմներում հակառակորդների համակարգչային ցանցերի դեմ պայքարելու վերաբերյալ հայեցակարգ: Այս փաստաթղթում նշվելու են այն կանոնները, որոնցով ամերիկացիները պետք է ներթափանցեն և քայքայեն այլ երկրների տեղեկատվական համակարգերը:
Եվրոպական Միությունում նույնպես քայլեր են ձեռնարկվում համացանցային պայքարի և անվտանգության համակարգերի ստեղծման ուղղությամբ: Այստեղ, բացի ավանդական համակարգչային անվտանգության միջոցներից, 2009թ. ապրիլի 6-ից դիմել են աննախադեպ քայլի: Եվրոպական ինտերնետ-պրովայդերները պահելու են իրենց հաճախորդների ցանցային ակտիվության մասին տվյալներ` ուղարկված նամակների, այցելած կայքերի և ինտերնետի միջոցով իրականացրած հեռախոսազանգերի մասին: Այս քայլը նախաձեռնվել է Եվրոպական Միության կողմից, որի նպատակներից է ահաբեկչության դեմ պայքարին աջակցությունը:
Համացանցից օգտվողների վերահսկողությունն ուժեղացնելու անհրաժեշտության մասին սկսեցին խոսել 2005-ին Լոնդոնի հասարակական տրանսպորտի համակարգում իրականացված պայթյուններից հետո: Տվյալների բազայի մուտք կարելի է ունենալ միայն դատարանի որոշմամբ: Վտանգ կա, որ բացի ոստիկանությունից, ցանցից օգտվողի վերաբերյալ ինֆորմացիան կարող են ստանալ նաև պետական այլ մարմիններ: Լոնդոնը նույնիսկ մտադիր է միջոցներ հատկացնել պրովայդերներին` տվյալների պահպանման համար[23]:
Տեսակետ կա, թե աշխարհում տեղեկատվական պատերազմի վարման առաջատարը Չինաստանն է[24]: Չինական կիբեռզորքերը վերջին տարիներին ամենաակտիվն են համարվում, դրանք մշտապես հարձակումներ են գործում ողջ աշխարհի պետությունների ցանցերի դեմ[25]: Այստեղ տեղեկատվական պատերազմ տերմինն առաջին անգամ պաշտոնապես օգտագործել է Շեն Վեյգուանը` Չինաստանի տեղեկատվական պատերազմի առաջատար տեսաբաններից մեկը: Չինաստանում տեղեկատվական պատերազմի ընդհանուր տեսության մեջ մշակվում է այսպես կոչված «Ցանցային ուժերի տեսությունը». «ցանցային ուժերը» մինչև գումարտակի չափերի հասնող ռազմական ստորաբաժանումներ են, որոնք կազմված են պետական ԲՈՒՀ-երում հատուկ դասընթացներ անցած բարձրակարգ մասնագետներից: Այս ռազմական միավորների միջոցով արդեն մի քանի անգամ համացանցային պայքարի մեծամասշտաբ զորավարժություններ են անցկացվել:
Չինաստանի Ազգային անվտանգության նախարարությունը բաղկացած է 13 բյուրոներից, որոնցից 11-դը կոչվում է Ռադիոէլեկտրոնային հետախուզության և համակարգչային անվտանգության բյուրո[26]:
2007թ. Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելի` Չինաստան կատարելիք այցից առաջ Գերմանիայում գրանցվել է ուժգին հարձակում պետական սերվերների վրա: Հատուկ ծառայություններին հաջողվեց կանխել 160 գեգաբայթ պետական տեղեկատվության չթույլատրված փոխանցումը Չինաստանին: 2007թ. հունիսին չինական կողմը գրոհեց Պենտագոնի ցանցերի վրա: Չինացիներին հաջողվեց կոտրել նաև ավստրալիական ու նորզելանդական պետական ցանցերը, Հնդկաստանում նրանց հաջողվեց կոտրել նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների ավելի քան 200 էլ. փոստի հասցեներ (account)` օգտվողի անունը և գաղտնաբառը[27]:
2009թ. մարտին հետազոտության հիման վրա ցույց տրվեց, որ չինական կիբեռլրտես «Գոսթնեթ» (GhostNet) ծրագիրը վարակել է 103 երկրների 1295 համակարգիչ և թափանցել այնպիսի համակարգեր, որոնք գաղտնի տեղեկատվություն են պարունակում բարձրագույն քաղաքական, տնտեսական և մեդիա մակարդակներում[28]:
Համացանցային ազդեցություն–պատերազմների հնարավորությունները
Համարվում է, որ առաջին լուրջ համացանցային պատերազմն ընթացել է Կոսովոյի հակամարտության ընթացքում: Հակամարտության պետական և ոչ պետական մասնակիցներ, ինչպես նաև անհատական ցանցից օգտվողներ նպատակամղված օգտագործեցին համացանցը` խափանելու համար հակառակորդի համակարգչային ցանցերն ու համակարգերը: Իսկ ՆԱՏՕ-ի զինված ուժերը երբեք չռմբակոծեցին Հարավսլավիայի ինտերնետ պրովայդերներին ու կապուղիները, քանի որ իրենք էլ էին օգտագործում այդ կապուղիները` տեղեկատվական պայքարի նպատակով:
Վերջին երեք տարիներին համացանցային պատերազմների ոլորտում արմատական փոփոխություններ են կատարվել: Եթե ավելի վաղ կիբեռհանցագործությունն ավելի քաոսային բնույթ էր կրում, ապա այժմ ակնհայտ է կիբեռհանցագործության քրեականանալու միտումը: Ձևավորվում է ցանցային մաֆիա, որն ահռելի գումարներ է վաստակում կիբեռհանցագործությունների միջոցով, կամ էլ տեղի է ունենում ավանդական կազմակերպված հանցավորության հետ սերտաճում: Բացի այդ, եթե նախկինում համակարգչային պայքարի համար ուժեր էին հավաքագրում գրեթե բացառապես գերհզոր տերությունները, ապա այժմ տեղեկատվական տեխնոլոգիաների ու համացանցի զարգացվածության ու տարածման հետևանքով, այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում ավելի մեծ թվով երկրներ: 2007թ. 120 պետություն սկսեցին պատրաստել մասնագետների խմբեր, որոնք պետք է կազմեին կիբեռզորքերի հիմքը[29]:
Այժմ շատ ահաբեկչական կազմակերպություններ խմբեր են ստեղծում նաև համացանցային պատերազմների համար` հայտարարելով, օրինակ, «Կիբեռ-ջիհադ» և այլն[30]:
Համացանցային պատերազմի առանձնահատկությունները
Համացանցային պայքարն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք առավել դյուրին կիրառելի են դարձնում այն, դարձնում գրավիչ և ապագայում զարգանալու մեծ հնարավորություններ ընձեռում:
Առաջինը խնայողականությունն է. ցանցային պայքարի համար պետք չեն մեծ նյութական միջոցներ և անձնակազմ: Երբեմն կարելի է արդյունավետ գործել միայն մեկ մասնագետի, համակարգչի և հեռախոսակապի միջոցով: Եթե համեմատենք տեղեկատվական պատերազմի այլ մեթոդների ` քարոզչական թերթիկների տպագրման, ռադիո-հեռուստահաղորդումների պատրաստման և հրատարակչության համար անհրաժեշտ ռեսուրսների հետ` տարբերությունը հսկայական է` ի նպաստ առաջինի:
Բացի այս, համակարգչային տեխնոլոգիաների միջոցով հակառակորդի կառավարման համակարգը կաթվածահար անելը նույնպես կարող է ավելի էժան և արդյունավետ լինել, քան ռմբահարումը, ռադիոէլեկտրոնային պայքարը և ավանդական այլ մեթոդների կիրառումը: Միաժամանակ էներգետիկ համակարգի, բջջային կապի, համացանցային կապի և նմանատիպ այլ խափանումները կարող են կարճ ժամանակահատվածում հասարակության մեջ և պետական կառույցների աշխատանքում բարոյալքում և անկառավարելի խուճապ առաջացնել:
Երկրորդ առավելությունը ազդեցության աղբյուրի գաղտնիությունն է: Համացանցում գործողություններ (այդ թվում` ագրեսիա) կարող են իրականացնել տարբեր մարդիկ, կազմակերպություններ, հետախուզական ծառայություններ, ինչպես նաև խուլիգանական խմբեր, և այլն: Այդ պատճառով, գործողության աղբյուրը ստույգ որոշելը բավականին դժվար է:
Երրորդը վերաբերում է համացանցային պայքարի հոգեբանական ազդեցության հնարավորություններին. համացանցային պայքարը միաժամանակ տեքստային, աուդիո և վիզուալ ազդեցության հնարավորություն է ընձեռում, ինչը հնարավոր չէ մի շարք ԶԼՄ-ների պարագայում:
Չորրորդ և ամենակարևոր առավելությունը լայն զանգվածների ընդգրկվածությունն է. համացանցում տեղադրված նյութը կարող են դիտել կամ կարդալ միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից:
Ստորև ներկայացնում ենք համացանցում ՏՊ վարման ձևերի և հնարավորությունների մի քանի օրինակ:
1. Տեղեկատվության (կամ` ապատեղեկատվության) տարածման մեծ հնարավորություն. էլեկտրոնային նամակներ, կարծիքների փոխանակման համար ստեղծված կայքեր, ֆորումներ, բլոգեր, սոցիալական ցանցեր, տպագիր մամուլի, ռադիո-հեռուստատեսային հաղորդումների հեռարձակում համացանցում և այլն:
2008թվականից ադրբեջանցիները սկսեցին հայկական դոմեյնի (am) տիրույթում ստեղծել «հայկական» լրատվամիջոցներ, որոնք տեղեկատվություն էին տարածում որպես հայկական աղբյուր (այս կայքերը մինչև հիմա գործում են անխափան):
Վրաց-օսական պատերազմի ժամանակ xronika.am-ը, որն ադրբեջանցիների ստեղծած կեղծ հայկական աղբյուրներից մեկն է,[31] օգտագործվեց հայ-վրացական հարաբերությունները սրելու նպատակով: «Ջավախքի հայրենասերներ» կոչվող ինչ-որ անհայտ կազմակերպության անունից կայքում տեղադրվեց հայտարարություն, թե իբր իրենք «զենքը ձեռքներին պատրաստ են գնալ և կռվել վրացիների դեմ»: Ադրբեջանական խոշոր լրատվամիջոցները, xronika.am-ին հղում տալով, տեղադրեցին այդ տեղեկատվությունը, որտեղից այն տարածվեց միջազգային և նույնիսկ հայկական լրատվամիջոցներով, և Վրաստանում հակահայկական արձագանքների պատճառ դարձավ:
Տեղեկատվական անվտանգության հայ մասնագետների բազմաթիվ բողոքներն ընդդեմ հայկական «Արմինկո» (ARMINCO) ընկերության, որը գրանցել էր xronika.am ադրբեջանական կայքը հայկական ինտերնետային տիրույթում, անպատասխան էին մնում, և ադրբեջանցիները, դրանից օգտվելով, ստեղծեցին ևս մեկ` versiya.am կայքը: Միայն մոտ մեկ տարի տևած բողոքներից հետո հայկական լրատվական դաշտում գործող ադրբեջանական կայքերն արգելափակվեցին: Xronika.am-ը դարձավ xronika.az և գործում է որպես ադրբեջանական լրատվական կայք: Սակայն հայկական տեղեկատվական դաշտում հակառակորդի տեղեկատվական ռեսուրսներիը նման «օպերատիվությամբ» կանխելու դեպքում չի բացառվում, որ ապագայում նմանատիպ կայքերը կփոխեն իրենց մարտավարությունը. արագ կհայտնվեն ու կկատարեն իրենց «սև» գործը` նախքան հայկական կողմի արձագանքը:
Համացանցի միջոցով տեղեկատվության արդյունավետ տարածման մեկ այլ օրինակ է Կոսովոյի հակամարտության ժամանակ կիրառված մեթոդը, երբ հարավսլավական կողմը 10.000-ից ավել համացանցից օգտվող ամերիկացիների հասցեներով պարբերաբար ուղարկում էր նոր ռմբակոծման հետևանքների, քաղաքացիական օբյեկտների ոչնչացման պատճառով խաղաղ բնակչությունից զոհերի մասին տեղեկատվություն, ինչը խարխլում էր ԱՄՆ պետական քարոզչության հիմքերը:
Ադրբեջանցիները նույնպես աշխարհի տարբեր երկրների հայտնի լրագրողների, քաղաքագետների, պատասխանատու անձանց էլեկտրոնային հասցեներին պարբերաբար ուղարկում են ապատեղեկատվություն Ղարաբաղյան հարցի, «ահաբեկիչ հայերի», «գրաված տարածքների» մասին:
2. Տեղեկատվության փոփոխում. այս դեպքում կայքը կոտրելով փոխում են այնտեղ զետեղված տեղեկատվությունն ամբողջությամբ կամ մասնակի: Հայ-ադրբեջանական համացանցային պայքարում երկու կողմերն էլ ժամանակ առ ժամանակ նմանատիպ քայլերի դիմում են:
Բացի տեղեկատվությունն ուղղակի փոփոխելուց որոնող համակարգերում գրանցում են համապատասխան ապակողմնորոշիչ տեղեկատվությամբ կայքեր: Օրինակ եթե համացանցում որոնում կատարեք «Armenian Genocide» բառազույգով, մեծ քանակությամբ «տեղեկատվություն» կգտնեք ադրբեջանցիների նկատմամբ հայերի իբր իրագործած «ցեղասպանության» մասին:
3. Կապի համակարգերի խափանում կամ աշխատունակության թուլացում. Օրինակ, սերվերին մեծ քանակով կեղծ հարցումներ ուղարկելով (DDoS գրոհներ)[32]` խափանվում է սերվերի աշխատանքը: Դա արվում է համակարգչային վիրուսների ներմուծմամբ, էլեկտրոնային նամակների գրոհով (E-mail bombing) և այլ եղանակներով:
4. Տեղեկատվության հավաքագրում. այս մեխանիզմն ավելի շատ համակարգչային-հետախուզական ոլորտից է , համապատասխան տեխնոլոգիաներով ու մեթոդներով հակառակորդից (և ոչ միայն) անհրաժեշտ կարևոր տեղեկատվության ձեռքբերում է: Համակարգչային հետախույզները կարողանում են ներթափանցել նույնիսկ ԱՄՆ-ի նման գերտերության գաղտնի տվյալների բազա և տեղեկատվություն գողանալ գերգաղտնի ծրագրերի վերաբերյալ[33]:
Համացանցային անվտանգությունը Հայաստանում
2009թ. սկզբին ստեղծվել է ՀՀ տեղեկատվական անվտանգության ռազմավարության հայեցակարգի մշակման միջգերատեսչական աշխատանքային խումբ` Ռաֆիկ Մխիթարյանի ղեկավարությամբ, որն էլ պետք է մշակեր ՀՀ տեղեկատվական անվտանգության հայեցակարգը: 2009թ. ապրիլի 16-ին կայացել է տեղեկատվական անվտանգության հայեցակարգի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը։ Նախագիծը պետք է ներառի Հայաստանում տեղեկատվական անվտանգության ապահովման պետական քաղաքականության հիմնադրույթները և դրանց իրականացման առաջնահերթ միջոցառումները։ Նիստում հավանության է արժանացել հայեցակարգի նախագիծը, որը քննարկվել և հավանության է արժանացել[34] Անվտանգության խորհրդի` 2009թ. ապրիլի 25-ին կայացած նիստում։
Փորձագետ Կարեն Վրթանեսյանն ասում է. «Քիչ է հայեցակարգ մշակելը, պետք է այն կյանքի կոչել, աշխատել է պետք։ Չեն կատարվում տարրական քայլեր, որ կարելի էր իրագործել բավական փոքր ծախսերով, առանց ինչ-որ հերոսական ճիգեր գործադրելու»[35]։
Տեղեկատվական անվտանգության հայեցակարգի մշակումը նախատեսված է «Ազգային անվտանգության ռազմավարությամբ», ինչպես նաև` Հավաքական անվտանգության խորհրդի 2009 թվականի ծրագրով: Վերջերս Ազգային անվտանգության ծառայությունը, պետական տիրույթին պատկանող կայքերի պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով,[36] սկսել է հատկացնել լրացուցիչ ֆինանսավորում, որի արդյունքն առայժմ տեսանելի չէ:
Չնայած ՀՀ օրենսդրական դաշտում տեղեկատվա-հոգեբանական ազդեցության մասին օրենսդրությունն առայժմ բացակայում է, ՀՀ Քրեական օրենսգրքի մի ամբողջ գլուխ (գլուխ 24) սահմանում է համակարգչային տեղեկատվական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները: Համաձայն 251 հոդվածի, համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվական համակարգ անթույլատրելի կերպով մուտք գործելը, որը կատարվել է պաշտպանիչ համակարգի խախտմամբ և անզգուշությամբ առաջացրել է տեղեկատվության փոփոխություն, պատճենահանում, ոչնչացում կամ ուղեփակում, համակարգչային ցանցի շարքից դուրս բերում կամ այլ զգալի վնաս, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-400-պատիկի չափով կամ ուղղիչ աշխատանքով` 6 ամսից 1 տարի ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Իսկ եթե այս ամենը կատարվել է դիտավորյալ, նախատեսվող պատիժն ավելի խիստ է: Նույն արարքը, որը կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով կամ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 300-500-պատիկի չափով կամ ուղղիչ աշխատանքով` 1-2 տարի ժամկետով կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով:
Մյուս 6 հոդվածները ևս (հոդված 252` համակարգչային տեղեկատվությունը փոխելը, հոդված 253` համակարգչային սաբոտաժ, հոդված 254` համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը, հոդված 255` համակարգչային տեղեկատվություն ապօրինի մուտք գործելու համար հատուկ միջոցների պատրաստելը կամ իրացնելը, հոդված 256` վնասակար ծրագրեր մշակելը, օգտագործելն ու տարածելը, հոդված 257` համակարգչային համակարգը շահագործելու կանոնների խախտելը) սահմանում են քրեական պատասխանատվություն:
ՀՀ օրենսդրական դաշտում բացակայում են ձևակերպումները, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվի, եթե ցանցային հանցագործությունները կատարվում են այլ պետությունների քաղաքացիների կողմից:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանին ուղղված հարցման արդյունքում պարզեցինք, որ 2007-2008թթ. ընթացքում համակարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության մուտք գործելու ոչ մի դեպք չի գրանցվել:
Իսկ ինչու՞ ոստիկանությանը չեն դիմում:
Ծրագրավորող, համակարգչային անվտանգության մասնագետ Ռուբեն Մուրադյանը պատմեց, որ երբ 2003թ. ոստիկանության հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հարց տրվեց, թե կա՞ն արդյոք համակարգչային անվտանգության խախտման դեպքեր, ոստիկանը պատասխանեց. «Այո, մի դեպք կար, Աշտարակի մի դպրոցից 2 համակարգիչ էին գողացել»[37]:
Հայաստանի գլխավոր դատախազության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Սոնա Տռուզյանը նույնպես ասաց, որ համացանցային հանցագործություններին վերաբերող որևէ վիճակագրական տվյալ չկա:
Թե ինչպես է Ազգային անվտանգության ծառայությունը պայքարում համացանցում տեղի ունեցող հանցագործությունների դեմ, մեզ ճշտել չհաջողվեց, սակայն այն, որ որոշ քայլեր արվում են[38], ապացուցում է ԱԱԾ-ն տարածած հայտարարությունը, որտեղ ասվում էր, որ ՀՀ և ԼՂՀ քաղաքացիներն ու պետական կազմակերպությունները վերջերս տարաբնույթ էլեկտրոնային նամակներ են ստանում, որոնք արտաքուստ նման են սովորական նամակագրության: Շատերը ընթերցում են, և հետագայում, էլեկտրոնային փոստից օգտվելու ընթացքում իրենց համակարգչում եղած տեղեկատվությունը ստանում է անհայտ հասցեատերը: ԱԱԾ-ի իրականացրած միջոցառումները բացահայտել են այն հասցեները, ուր գնում է ողջ տեղեկատվությունը` agilmemedov@mail.ru, paviovaleksey@yahoo.com, karirahder@yahoo.com և այլն:
Համակարգչային անվտանգության մասնագետ, «Պանարմենիան.նեթ» (Panarmenian.net) հ/կ-ի նախագահ Արմեն Ազարյանը պատմեց, որ դրանք շատ հասարակ ծրագրեր են, կոչվում են «Տրոյան»: «Դա վիրուս է, որն ընկնելով համակարգիչ, ժամանակի ընթացքում անընդհատ տեղեկատվություն է վերցնում քո համակարգչից»,- ասում է Ա. Ազարյանը: «Ես ավելի քան համոզված եմ, որ ադրբեջանցիների գործունեությունը մեր կայքերը կոտրելու, ներթափանցելու գործում կոորդինացվում է մեկ կենտրոնից, և դա պետական քաղաքականություն է»:
ՀՀ համացանցային անվտանգության թերացումները
Նշենք ՀՀ համակարգչային անվտանգության ամենաթույլ կետերից մի քանիսը:
Առաջինը մարդկային գործոնն է: Ա. Ազարյանը նշում է, որ պետք է անցկացնել պետական մարմիններին կից լրատվական ծառայության աշխատակիցների լիցենզավորում, որպեսզի նրանք լավ ծանոթ լինեն համացանցին և խափանումների ու խախտումների ժամանակ կարողանան արագ արձագանքել:
Փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ Պաշտպանության նախարարության մամլո հաղորդագրությունները ստացվում են mail.ru անվճար փոստային ծառայության կայքից: Փաստորեն, հնարավոր է իրավիճակ, երբ mail.ru-ից կարող է ստացվել կեղծ մամլո հաղորդագրություն և կասկած չառաջացնել:
Հայ պաշտոնյաներից շատերն իրենց էլեկտրոնային հասցեները դրսի անվճար էլեկտրոնային հասցեներում են գրանցում, ինչը նույնպես վտանգավոր է:
Հայաստանի ցանցային անվտանգության մյուս կարևոր թերացումն այն է, որ հաղորդակցական կապը արտաքին աշխարհի հետ հիմնականում իրականացվում է մեկ օպտիկական մալուխի միջոցով[39]: «Հիմա սարքվում է ևս մեկ մալուխ, բայց դա քիչ է,- ասում է Կ. Վրթանեսյանը:- Կես ժամվա մեջ մալուխների հարցը կարելի է լուծել, և կմնանք մի քանի արբանյակային անտենաների հույսին, ինչը բավականին թանկ է և ներխուժումներից անապահով: Մեզ պետք են մի քանի այլընտրանքային գծեր, օրինակ` Իրանից: Լավ կլիներ, որ պետական մարմիններն արբանյակային կապի սեփական ուղիներ ունենային»:
Հարցազրույցից հետո իմացանք, որ Իրան-Հայաստան գազամուղին կից անցակացվում է նաև ժամանակակից օպտիկական մալուխ:
Մինչ անվտանգության դրդապատճառներից ելնելով,Կ. Վրթանեսյանն առաջարկում է պետական մարմինների ինտերնետային ապահովումը կազմակերպել արբանյակային կապի միջոցով, Հայաստանի բարձրաստիճան ղեկավարները տարբեր հանդիպումներում քննարկում են «Թուրքիայի տարածքով ինտերնետ–մալուխ անցկացնելու հարցը: Հայաստանի նախագահն այս հարցը շոշափել է Եվրոպայում ունեցած իր յուրաքանչյուր հանդիպման ժամանակ: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս հարցը բարձրացրել է ԱՄՆ կատարած վերջին այցելության ընթացքում»,- Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտի հայ ձեռնարկատերերի հետ հանդիպման ժամանակ հայտնեց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը[40]:
2008թ. hոկտեմբերի սկզբին «ԱրմենՏելը» հայտարարեց, որ «Թուրքսելի» հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Թուրքիայից Հայաստան ինտերնետ մատակարարելու հարցում: Հայտարարության մեջ ասվում էր նաև, որ պայմանավորվածությունը պետք է պայմանագրի վերածվեր մինչև հոկտեմբերի վերջը: Սակայն հարցը դեռևս բանակցությունների փուլում է:
«Շուտով, երբ Թուրքիայի տարածքով անցկացվի օպտիկական մալուխ, Հայաստանից համացանցով դուրս եկող ամբողջ ինֆորմացիան կարող է կարդացվել թուրքական որոշ մարմինների կողմից»,- ասում է համակարգչային մասնագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը:
«Համապատասխան սարքեր տեղադրելով իրենց ցանկացած ռեսուրսի կամ մարդկանց անձնական փոստերին` նրանք հեշտությամբ կարող են իմանալ, թե ով ում է գրում, ինչ է գրվում, ինչ ծրագրեր կան և այլն: Մի խոսքով, կարող են ձեռք բերել ամենագաղտնի ինֆորմացիայից մինչև ամենաաննշան, ոչ պետքական ինֆորմացիան»,- ասում է Տիգրան Քոչարյանը:
Բացի այն, որ թուրքական կողմը կտնօրինի Հայաստանից դուրս եկող ցանկացած տեղեկատվության, նրանք կարող են նաև ուղղորդել տեղեկատվական հոսքերը, այսինքն այն կայքերը, որոնք որևէ իրավիճակում պետք է ինչ-որ կարևոր բան լուսաբանեն. Թուրքիան կարող է հեշտությամբ արգելափակել իրեն ոչ ձեռնտու որևէ տեղեկատվություն:
Հետագայում բարեբախտաբար «ԱրմենՏելը» հայտարարություն տարածեց, թե սառեցրել է Turkish Telecom-ի հետ օպտիկամանրաթելային մալուխի անցկացման շուրջ անցած տարվա վերջից վարվող բանակցությունները, որովհետև «ԱրմենՏելը» կարողացել է ինտերնետի միջազգային ելք ապահովել Վրաստանի տարածքով[41]։
«Ես հասկանում եմ, որ Հայաստանում ինտերնետ ոլորտը պետք է զարգանա, ես հասկանում եմ, որ Հայաստանը պետք է ներգրավվի միջազգային տեղեկատվական հոսքերում, բայց ոչ տեղեկատվական և ազգային անվտանգության հաշվին»,- ասում է Տ. Քոչարյանը:
Իսկ Թուրքիայից եկող մալուխին այլընտրանք կարող էր լինել եղած մալուխների թողունակության ավելացումը:
Այժմ աշխարհում տեղեկատվության ստացման ու առաքման օպերատիվությունից շատ բան է կախված: Ճանաչված ֆուտուրոլոգ Էլվին Թոֆլերը տեղեկատվության փոխանցման կապուղիների կարևորությունը համեմատում է Մորզեի ժամանակաշրջանում ազգային տնտեսության զարգացման հարցում երկաթգծի նշանակության հետ [42]: Մեկ այլ մեկնաբան` Մանուել Կաստելսը, նույնպես կապուղիներին մեծ նշանակություն է տալիս` նշելով. «Կապուղիները հանդիսանում են ապագայի նոր կազմակերպությունների հիմնական ռեսուրսը[43]»:
Շուտով ՀՀ ողջ տարածքում իրականացվելու է լայնածավալ ինտերնետի ապահովումը, մասնավորապես, խոշոր բնակավայրերի միջև օպտիկական ցանցի միջոցով կապի կազմակերպումը: Մի քանի քաղաքներում, օրինակ Գյումրիում, բայց դա բավարար չափով չի իրագործվում: Դրանց զուգահեռ սկսվելու է էլեկտրոնային կառավարման ծրագրի իրագործումը: Ցանցը գործելուց հետո ստեղծվելու են որոշակի ծրագրային ապրանքներ, բնակչությունն ինտերնետի միջոցով կկարողանա օգտվել կառավարության կողմից ներկայացվող ծառայություններից[44]:
Վերջերս ցանցային և հոգեբանական պատերազմի ևս մեկ մարտադաշտ են դարձել սոցիալական ցանցերը` одноклассники.ru, facebook.com և այլն:
Բացի քարոզչական ինտերնետ-համայնքների ստեղծումից ու հայերին այնտեղ ներգրավելուց, ադրբեջանցի և թուրք տղաները գրոհ են սկսում դեպի հայ աղջիկների էջեր: Դրանք սկսվում են 5+ գնահատականներ տալով, հաճոյախոսություններով, երբեմն ադրբեջանցին սեր է «խոստովանում» հայ աղջկան: Սակայն այդ «խոստովանությունը» մեկ անգամով չի սահմանափակվում` նրանք սկսում են համոզել, թե որքան սիրահարված են և ցանկանում են հանդիպել[45]: Ադրբեջանցի տղան առաջարկում է հայ աղջկան ուղարկել գումար, որպեսզի վերջինս մեկնի Թուրքիա կամ Ադրբեջան: Եթե հաշվի առնենք այն, որ երբեմն այդ սոցիալական ցանցերի անդամ որոշ հայ աղջիկներ այնքան էլ բացասաբար չեն տրամադրված թուրք-ադրբեջանցիների հանդեպ` մեր թշնամիների համար ստեղծվում են տեղեկատվության հավաքման և հոգեբանական ազդեցության մեծ հնարավորություններ:
Ապագայում, ցանցային պայքարում հայ-ադրբեջանաթուրքական ուժերի հավասարակշռության խախտման պատճառ կարող է դառնալ նաև այն, որ վերջին տարիներին Թուրքիան և Ադրբեջանը մեծ գումարներ են ծախսում արտասահմանում համապատասխան մասնագետներ պատրաստելու համար և նրանց ներգրավում են պետական ծրագրերում[46]:
Հայաստանում կան մի շարք կազմակերպություններ, որոնք զբաղվում են համակարգչային անվտանգությամբ, սակայն դրանք մասնավոր, կոմերցիոն բնույթ են կրում և չեն ընդգրկում պետական ենթակառույցները: Վերջերս Հայաստանում իր մասնաճյուղը բացեց ռուսաստանյան ամենամեծ համակարգային ինտեգրատոր «Սթեփ Լոջիք» (Step Logic) կազմակերպությունը[47]: Այս կազմակերպությունը զբաղվում է նաև Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ցանցային ապահովմամբ և անվտանգությամբ: Կազմակերպության փոխնախագահ Եվգենի Յուդինսկին անցյալ տարի նշել է, որ համացանցային անվտանգության ապահովման առումով, Հայաստանի իշխանությունների կողմից հետաքրքրություն կա, սակայն կոնկրետ ծրագրեր չկան:
Չնայած արդեն մոտ մեկ տասնամյակ է, ինչ Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) հռչակել է տնտեսության գերակա ճյուղ, սակայն ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի 2009թ. մարտի 27-ին հրապարակած տեղեկատվական տեխնոլոգիաների գլոբալ զարգացման զեկույցի[48], որում ներկայացված են նաև երկրների վարկանիշներն՝ ըստ ՏՏ օգտագործման աստիճանի, Հայաստանը 2008-2009թթ. վարկանիշում զբաղեցրել է 114-րդ տեղը՝ նախորդ վարկանիշի համեմատ հետընթաց արձանագրելով միանգամից 8 կետով: Տաջիկստանը 104-րդ տեղում է, իսկ Մոլդովան՝ 99-րդ: Հայաստանից առաջ են նաև այնպիսի երկրներ, ինչպես Բուրկինա Ֆասոն, Մադագասկարը, Մավրիտանիան և այլն: ԱՊՀ երկրներից լավագույն ցուցանիշն ունի Ադրբեջանը՝ 60-րդ տեղում:
Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը խանգարում է նաև անկատար հարկային համակարգը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ասում է, թե խնդիրն այն է, որ ներկրող ընկերությունն այս դեպքում չի կարողանում պլանավորում իրականացնել, քանի որ նախապես չգիտի, թե ինչ հարկեր է վճարելու, և իր մրցակիցներն ինչ ռեժիմով են մաքսազերծվելու: Մաքսազերծման գները նույնպես հաճախ զգալիորեն գերազանցում են միջազգային գները[49]:
ՏՏ ոլորտը տնտեսության զարգացման գերակա ճյուղ հռչակած Հայաստանը ԱՊՀ երկրներից ունի այդ ոլորտի ամենավատ ցուցանիշը, ինչը լավագույն ապացույցն է, որ ՏՏ-ը տնտեսության գերակա ճյուղ հայտարարելը միայն քաղաքական «միֆ» է` հանրության մոտ երկրի առաջխաղացման տպավորություն թողնելու համար, ինչպես որ «միֆեր» են Հայաստանը` «տարածաշրջանի տուրիստական կենտրոն», Հայաստանը` «տարածաշրջանի առողջապահական կենտրոն», հայ-թուրքական հարաբերությունների «բարելավումը» և Հայաստանի «տեղեկատվական անվտանգության հայեցակարգի» մշակումը:
Վահրամ Միրաքյան
[1] Г. Почепцов, “Психологические войны”. “Рефл-бук”, Киев 2002г. С. 56, И. Н. Панарин, “Информационная война, PR и мировая политика”, Москва, Горячая линия-Телеком, 2006г. С. 178, В. Б. Вепринцев, А. В. Манойло, А. И. Петренко, Д. Б. Фролов. “Операции информационно-психологической войны”, Краткий энциклопедический словарь-справочник. Москва 2005г. С. 68, Игорь Панарин, “Технологич информационной войны”, Москва, 2003г. “КСП+”, С. 155.
[2] http://kornelij.livejournal.com/125913.html 26th–Feb-2007 12:16 pm ˳÷³Ýí»É ¿ÇÝ Ñ»ï¨Û³É ϳÛù»ñÁ` ttp://ombuds.am/ , http://defacto.am/ , http://hcav.am/ , http://genderpolitics.am/ , http://www.conflictsensitivity.am/ , http://agbu.am/ , http://iatc.am/ , http://baa.am/, http://barsmedia.am/, http://www.fcararat.am/, http://hotelregineh.am, /http://www.lucinehovanissian.am/
[3] http://ahousekeeper.livejournal.com/, 26th-Feb-2007 05:31 am (local)
[4] http://uzogh.livejournal.com/89771.html, 05:50 pm September 5th, 2007. խափանվել էին հետևյալ կայքերը` http://banks.am/eng/efeler.htm, http://auto.am/,
http://elections2007.am/, http://levonabrahamian.am/, http://armilmed.am/,
http://xorenaci.am/, http://ayl.am/, http://arenicountry.am/, http://vaykgroup.am/, http://www.izoton.am/, http://artbymovses.com/, http://atp.am/, http://phoneshop.am, http://noy1877.am/, http://araratcement.am/, http://echannel.am/, http://chessacademy.am/, http://acsti.am/:
[5] http://uzogh.livejournal.com/ Date: September 5th, 2007 09:25 am (local)
[6] http://kornelij.livejournal.com/267964.html, 14th-Sep-2007 10:46 am. խափանվել էին հետևյալ կայքերը` http://www.psrc.am/am/, http://www.wvarmenia.am/en/, http://test.armstat.am/en/, http://youthpolicy.am/am/, http://nature-ic.am/ccarmenia/, http://noravank.am, http://www.education2015.am, http://www.touroperator.am, ,www.counterpart.am/,
http://www.tufenkianfoundation.am, http://www.aquatek.am/,
http://elections.a1plus.am/am/:
[7] «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ», «Պանորամա» լրատվական գործակալություն, http://www.panorama.am/am/politics/2008/08/14/el/:
[8] Голос Армении 29.03.08г., ” ”Степ лоджик” намерен освоить регион через Армению”, Рубен Грдзелян, с. 4.
[9] «525-я газета», 27.09.03г.
[10] Վահրամ Միրաքյան, «Երրորդ համաշխարհայինի զենքը», Երևան, 2005, էջ 34:
[11]И. Панарин, “Технологии информационной войны”, Москва 2003г. С. 38.
[12] Նույն տեղում, էջ 39:
[13]“Доктрина информационной безопасности Россиской федерации” (Сайт “Россиской Газеты”) http://www.rg.ru/oficial/doc/min_and_vedom/mim_bezop/doctr.shtm ).
[14] «ԱՐԴԻ ԻՆՖՈԳԵՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ», 14.05.2009, Սամվել Մարտիրոսյան, «Նորավանք», գիտակրթական հիմնադրամի կայք` http://noravank.am/am/?page=analitics&nid=1816#2_t
[15] Նույն տեղում:
[16] И. Н. Панарин, “Информационная война, PR и мировая политика”, Москва, Горячая линия-Телеком, 2006г. С. 217 Առաջին դիրեկտիվը, որը կոչվում էր` «Տեղեկատվական պատերազմ» (հոգեբանական պատերազմի դիրեկտիվը գործացության մեջ էր դրվել ավելի վաղ), ընդունվել է 1992թ. դեկտեմբերի 21-ին:
[17] Глав. редактор А. Е. Тараса. “Информационно-психологическая и психотронная война”. Минск 2003г. С. 113.
[18] Նույն տեղում, էջ 114:
[19] «ԱՐԴԻ ԻՆՖՈԳԵՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ», 14. 05. 2009, Սամվել Մարտիրոսյան, «Նորավանք», գիտակրթական հիմնադրամի կայք` http://noravank.am/am/?page=analitics&nid=1816#2_t
[20] И. Н. Панарин, “Информационная война, PR и мировая политика”, Москва, Горячая линия-Телеком, 2006г. С. 217.
[21] Նույն տեղում, էջ 218:
[22] Նույն տեղում, էջ 228:
[23]«ԵՄ. ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՅԼ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՒՄ ԵՎ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է», 07/04/2009, «Պանորամա» լրատվական գործակալություն, http://www.panorama.am/am/law/2009/04/07/internet/:
[24] И. Н. Панарин, “Информационная война, PR и мировая политика”, Москва, Горячая линия-Телеком, 2006г. С. 211.
[25]«ԱՐԴԻ ԻՆՖՈԳԵՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ», 14. 05. 2009, Սամվել Մարտիրոսյան, «Նորավանք», գիտակրթական հիմնադրամի կայք` http://noravank.am/am/?page=analitics&nid=1816#2_t
[26] И. Н. Панарин, “Информационная война, PR и мировая политика”, Москва, Горячая линия-Телеком, 2006г. С. 214:
[27] «ԱՐԴԻ ԻՆՖՈԳԵՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ», 14. 05. 2009, Սամվել Մարտիրոսյան, «Նորավանք», գիտակրթական հիմնադրամի կայք` http://noravank.am/am/?page=analitics&nid=1816#2_t
[28] Նույն տեղում:
[29] Самвел Мартиросян, “Атаки нового года: соц.сети и госструктуры”, webplanet.ru
[30] Глав. редактор А. Е. Тараса. “Информационно-психологическая и психотронная война”. Минск 2003г. С. 117
[31] Xronika.am-ը գրանցված է հետևյալ անվամբ և հասցեով` Michael Edwans, Svoboda st, 44, Moscow 100, US, Phone: +380683748760, E-mail: xanalar@gmail.com: Գրանցվողի անունը` անգլո-սաքսոնական է, հասցեի մի մասը Ռուսաստանն է, երկիրը` ԱՄՆ, հեռախոսը` ուկրաինական բջջային և այս ամենը գրանցված է Arminco-ում: Տարբեր երկրներում դոմեյն գրանցելու կարգը տարբեր է, սակայն նույն Ադրբեջանում դա այնքան պարզունակ ու դյուրին չէ, որքան Հայաստանում:
[32] Distributed Denial of Service. ավելի մանրամսը DDoS գրոհների մասին ընթերցեք այստեղ` http://rian.ru/science/20080813/150352160.html
[33] «Համակարգչային լրտեսները ներխուժել են Պենտագոնի տեղեկատվական բազա», 21.04.09. «Թերթ. am» լրատվական գործակալություն, http://tert.am/am/news/2009/04/21/pentagon/. Համակարգչային լրտեսներին հաջողվել էր կոտրել Պենտագոնի տեղեկատվական բազաներից մեկը և ներբեռնել Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի նորարարությունների մասին մի քանի տեռաբայտ ծավալ ունեցող փաստաթղթեր։ Մասնավորապես, ցանցահեններին հաջողվել է մուտք գործել ԱՄՆ պաշտպանության նախարարության ամենաթանկարժեք նախագծերից մեկը՝ նոր սերնդի կործանիչների մշակման ծրագիրը, որի բյուջեն կազմում է մոտավորապես 300 մլրդ դոլար։
[34] ՀՀ ԱԱԽ-ն հավանության է արժանացրել «Տեղեկատվական անվտանգության հայեցակարգը», 26.04.09. «Թերթ. էյէմ» լրատվական գործակալություն, http://tert.am/am/news/2009/04/26/infsecurity/
[35] Կարեն Վրթանեսյան. «Աշխարհի ոչ մի երկրում նման նացիստական քարոզչություն չի տարվում, ինչպես Ադրբեջանում», 2009/04/20, «Հետաքննող լրագրողների ընկերակցության» պաշտոնական կայք, http://hetq.am/am/politics/karen-vrtanesyan/#more-8039:
[36] «Տրոյական ձիերն արշավում են, հայկական կայքերը` լռում», 27 February, 2009. «Նացիոնալ» լրատվական գործակալություն, http://www.natnews.info/index.php?news=1568&print:
[37] Հարցազրույցը վարել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Քրիստինե Վարդանյանը:
[38] «Ազգ»,2007թ.12.06.07 էջ 1:
[39] «Ռազմավարության և անվտանգության հարցեր», կազմող և խմբագրող Ա.Այվազյան, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն, Երևան 2007, Կ. Վրթանեսյան, Ս. Մարտիրոսյան, «Համացանցը և մենք. վերլուծական ակնարկ», էջ 224:
[40] «Շուտով Թուրքիայի համար Հայաստանից տեղեկատվություն ստանալու անսահմանափակ հնարավորություն կստեղծվի», 10 December, 2008, «Նացիոնալ» լրատվական գործակալություն, http://www.natnews.info/index.php?news=1123&print:
[41]«ԱրմենՏելը» թուրքերի հետ չի բանակցում, 22.05.09, «Թերթ.am» լրատվական գործակալություն http://tert.am/am/news/2009/05/22/beeline/
[42] Էլվին Թոֆլեր, «Գիտելիքն ու իշխանությունը տեղեկատվական հասարակության մեջ», Երևան 2006թ. էջ 116:
[43] Елена Вартанова, “Финская модель на рубеже столетий. Информационное общество и СМИ Финландии в Европейской перспективе” ИМУ. 1999г. С. 149;
[44] «Հայաստանի կառավարությունը մտադիր է ողջ երկրում տարածել օպտիկական կապը», «PanARMENIAN.Net», 30.05.2009, http://www.panarmenian.net/interviews/arm/?nid=135
[45]««Одноклассники» կայքը նաև պատմության և կյանքի դասեր է տալիս», 03 March, 2009, «Նացիոնալ» լրատվական գործակալություն, http://www.natnews.info/index.php?news=1599&print:
[46]«Ռազմավարության և անվտանգության հարցեր», կազմող և խմբագրող Ա.Այվազյան, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն, Երևան 2007թ. Կ. Վրթանեսյան, Ս. Մարտիրոսյան, «Համացանցը և մենք. Վերլուծական ակնարկ». էջ 235:
[47] Голос Армении 29.03.08г.””Степ лоджик” намерен освоить регион через Армению”, Рубен Грдзелян. С. 4.
[48] «Ինտերնետից օգտվողների թիվը Հայաստանում ծայրաստիճան ցածր է», «Թերթ. am» լրատվական գործակալություն, http://tert.am/am/news/2009/03/27/itarmenia/:
[49] «Անորոշ մաքսազերծում. ՏՏ-ում կողմնորոշիչ գները հետ են մնում միջազգային գներից», 01.04.09թ. «Թերթ.am» լրատվական գործակալություն, http://tert.am/am/news/2009/04/01/it/:












