Թուրքական գրականությունը հայերեն
Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարել է, որ մոտ 20 թուրք ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունները շուտով կթարգմանվեն հայերեն լեզվով: Նրա օժանդակությամբ կիրականացվի «Բանաստեղծական խոսքերը վերածվում են խաղաղության աղավնու» անվանումով ծրագիրը: «Այդ նախագծի իրականացումը շատ կարևոր է, քանի որ շատ հաճելի է տեսնել հայտնի թուրք պոետների` մի քանի լեզուներով տպագրված ստեղծագործությունները», – նշել է Գյունայը:
Վերոնշյալ նախագծի հեղինակն է Հայաստանի գրողների միության անդամ Արթուր Անդրանիկյանը: Բացի այդ ծրագրի իրականացմանը մասնակցում են նաև Երևանի Պետական Համալսարանի թուրքագիտության ամբիոնի մասնագետները, որոնք էլ կիրականացնեն հայ բանաստեղծների գործերի թուրքերեն թարգմանությունը:
«Իմ նպատակն էր ներկայացնել հայ ընթերցողին բնօրինակից թարգմանված թուրքական գրականությունը», – հայկական ԶԼՄ-ներին ասել է Արթուր Անդրանիկյանը, նաև հավելել, թե այդ նախագծի վրա աշխատել է մի քանի տարի և այսօր եկել է դրա իրականացման ժամանակը: «Հայ և թուրք ժողովուրդները պետք է ճանաչեն միմյանց, որպեսզի կարողանան հաղթահարել նախապաշարումները և ձերբազատվել պատմական վերքերից», – վստահ է Անդրանիկյանը:
Բայց արդյո՞ք «պատմական վերքերից» ձերբազատվելու լավագույն ճանապարհը Ա. Անդրանիկյանի առաջարկած տարբերակն է:
Ասենք, որ մեզանում մի մտահոգիչ երևույթ է երևան եկել : Այսօր Հայաստանում սկսել են գործել մի շարք կազմակերպություններ ու անհատներ, որոնք շահարկում են քաղաքական զարգացումներն իրենց ֆինանսական դրությունը բարելավելու նպատակով: Վերջին շրջանում նկատելիորեն ակտիվացել են նման «խաղաղասիրական» միջոցառումները: Սակայն, թե հայերի և թուրքերի միջև հանդուրժողականություն քարոզողները ինչպես են պատկերացնում հայ-թուրքական մշակույթների մերձեցումը հայերի Ցեղասպանության նկատմամբ Թուրքիայի մերժողական քաղաքականության պարագայում, մնում է անհասկանալի:
Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ
Թեգեր` Էրթուղրու Գյունայ












