Հյուսիսային Լոռու հայկական գյուղերն ՀՀ-ի աջակցության կարիքն ունեն
«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Ափրամյանը վերջերս է վերադարձել` դեռ խորհրդային տարիներին Վրաստանի կազմում թողնված Հյուսիսային Լոռու հայկական գյուղերից` խնդրեցինք ներկայացնել այնտեղ տիրող իրավիճակը:
-Պրն. Ափրամյան, ո՞ր գյուղերում եք եղել. Ի՞նչ հիմնավորմամբ են Խորհրդային տարիներին այդ գյուղերը հայտնվել Հայաստանի Հանրապետության կազմից դուրս:
– Նախ ասեմ, որ Հյուսիսային Լոռու 4 շրջաններում, բացի Դմանիսից, ներկայումս կա որոշակի թվով հայ բնակչություն։ Երեք՝ Թեթրիծղարոյի, Բոլնիսի և Մառնեուլի շրջաններից ամենահայաշատը Մառնեուլի շրջանն է: ՀՀ–ի սահմանը «շոշափող» հայկական գյուղերը վեցն են՝ Բրդաձոր, Խոժոռնի, Ծոփ, Օփրեթ, Խոխմել, Չանախչի ու Աղքյորփի, որոնք ներկայումս գտնվում են Վրաստանի և Հայաստանի Հանրապետության սահմանագծին։ Գյուղերից Խոժոռնիի ու Չանախչիի միջով է անցնում պետական սահմանը, իսկ Բերդաձոր ու Աղքյորփի գյուղերը, փաստացի, գտնվում են անկլավային վիճակում` երեք կողմից շրջապատված ՀՀ տարածքով։ Եթե այս գյուղերը մինչև վերջերս, փաստացի, մաս էին էին կազմում Հայաստանի Հանրապետության` բնակչությունը կապված էր ՀՀ-ի Ջիլիզա գյուղի և Ստեփանավան քաղաքի հետ, ապա այսօր` սահմանային ռեժիմի խստացման հետևանքով, այդ գյուղերը հայտնվել են ճգնաժամային իրավիճակում։
Հիշյալ գյուղերը, մինչև 1934-35 թվականը, եղել են Խորհրդային Հայաստանի կազմում։ Վրաստանի ակտիվ միջամտությամբ, ԽՍՀՄ իշխանությունները որոշում են հայկական այդ գյուղերն անջատել Հայաստանից ու միացնել Խորհրդային Վրաստանին` այդ անօրինական քայլը պատճառաբանելով շրջանային կենտրոնի հետ ճանապարհային ուղիղ կապի բացակայությամբ:
– Հյուսիսային Լոռու հայկական գյուղերում միայն հայե՞ր են բնակվում, թե կան նաև այլազգիներ:
– Հայերի թիվը այս գյուղերում ներկայումս բավականին մեծ է, չնայած որ սահմանի խստացման պատճառով հայաթափման գործընթացն աղետալի չափերի է հասել։ Գյուղերի հայ բնակչությունն, ընդհանուր առմամբ, մոտ 4000 է (Մառնեուլի ընդհանուր շրջանն ունի մոտ 20.000 հայ բնակիչ)։ Կան նաև խառը բնակչությամբ գյուղեր, օրինակ Օփրեթ գյուղը, որը հիմնականում բնակեցված է եղել հույներով։ Ներկայումս Օփրեթում հայերը մոտ 25-30 տուն են կազմում, մնացածը՝ մոտ 50 տուն` հույներ են, կա նաև ադրբեջանցի ընտանիքներ։ Նույնը վերաբերում է Ծոփ գյուղին, որտեղ բնակչության ազգային պատկերը դարձյալ խառն է՝ հայերը կազմում են գյուղի մոտ 40%-ը։ Իսկ մնացած գյուղերը` 95-97%-ով հայաբնակ են։
– Իսկ հարևան գյուղերում բնակվող ադրբեջանցիների հետ խնդիրներ չե՞ն առաջանում:
– Հյուսիսային Լոռու տարածքի (Քվեմո Քարթլի նահանգ) այս հայկական գյուղերը նույնպես գտնվում են անկլավային վիճակում` հիմնականում շրջապատված ադրբեջանաբնակ ու վրացաբնակ գյուղերով։ Հիշյալ գյուղերը աշխարհագրորեն անջատված լինելով Վրաստանից` ավելի շատ հարում են Հայաստանի Հանրապետությանը, իսկ գյուղերին հարակից լեռնաշղթան կատարում է Հայաստան-Վրաստան սահմանի դերը։
Ադրբեջանական գյուղերից կտրված լինելով, այնուհանդերձ, ավտոճանապարհը, որը այս հայկական գյուղերը կապում է շրջկենտրոնի հետ, անցնում է ադրբեջանաբնակ Սադախլո գյուղի միջով, որտեղ հակահայկական տրամադրությունները մի շարք թուրքական ու ադրբեջանական կազմակերպությունների ակտիվ ջանքերով` գնալով ուժգնանում են։ Հայտնի է, որ այս շրջանում` դեռ 1990-ականներին, հայերի ու ադրբեջանցիների միջև հաճախ էին բախումներ տեղի ունենում. հիշեցնեմ վեց աղքյորպեցի հայ երիտասարդների դաժան սպանության դեպքը, որը իրականացվեց ադրբեջանական «Հեյրաթ» կազմակերպության ղեկավարության ձեռքով։
Ընդհանրապես, այս շրջաններում հայ-ադրբեջանական լարվածությունը ձեռնտու է նախ և առաջ Թբիլիսիին, դա ադրբեջանցիների ուշադրությունը շեղելու միջոց է` մի կողմից` վերջիններիս հանդեպ իրականացվող զտման քաղաքականությունից, մյուս կողմից` փորձ է արվում սոցիալ-տնտեսական, հողային-ջրային խնդիրները բարդել տեղի հայերի վրա։ Դա է պատճառը, որ հայ–ադրբեջանական հարաբերությունները Հյուսիսային Լոռու տարածքում շիկանալու միտում են դրսևորում։
– Բացի հիշատակվածներից` Հյուսիսային Լոռու հայկական գյուղերում այլ խնդիրներ և՞ս գոյություն ունեն:
– Հյուսիսայի Լոռու սահմանամերձ հայաբնակ գյուղերի ամենակարևորագույն խնդիրը հենց սահմանի առկայությունն է։ Հայ գյուղացու ապրուստի հիմնական միջոցը շրջակա ՀՀ-ի տարածքում գտնվող անտառներն են, ՀՀ–ի հետ իրականացվող առևտրական կապերը, ՀՀ–ում բուժսպասարկման հիմնարկներից օգտվելը և այլն։ Հիմա, երբ երկու պետությունները չեն կարողանում հստակորեն լուծել սահամանային հարցերը, փաստորեն, հայաբնակ այս անկլավային գյուղերի բնակիչները՝ անկարող լինելով օգտվել իրենց` առանց այն էլ չնչին հողակտորները մշակելու հնարավորությունից, հայտվել են սոցիալական ծանր վիճակում: Իսկ դրա հետևանքները խիստ վտանգավոր են և հղի` հիշյալ գյուղերի հայաթափման վտանգով:
Վրաստան պետության հակահայկական քաղաքականությունն այնքա~ն ակնհայտ է. Վրաստանը` որդեգրելով ազգային փոքրամասնությունների զտման քաղաքականություն` այս ճանապարհով փորձում է հայաթափել նշված սահմանամերձ գյուղերը, փոխարենը, անհասկանալի է տեղի հայության հանդեպ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը։ Գիտակցելով, որ տեղի հայությունը ուղղակիորեն կախման մեջ է ՀՀ սահմանային շրջաններից, Վրաստանն այս հատվածներում առավել խստացրել է սահմանային անցումները, վրաց իշխանությունը` տեղի գյուղական բնակչության հետ վարվում է այնպես` ինչպես կամենում է։
-Ո՞ր կողմի մեղքով են այս գյուղերը հայտնվել են նման իրավիճակում։
– Հայաստանն առաջինն է, որ այս հատվածներում խստացրել է սահմանային ռեժիմը: Բացի դրանից, սահմանը կարգավորված չէ` հենց ՀՀ-ի կողմից. Չանախչի գյուղի բնակիչը դիմացի Ջիլիզա գյուղ գնալու համար, որը հեռու է մոտ երեք կիլոմետր, ստիպված է նախ գնալ 20 կմ հեռու գտնվող Պրիվոլնի գյուղ` անձնագրում ելումուտի կնիք դնելու համար:
ՀՀ իշխանությունները պետք է տեր կանգնեն Հյուսիսային Լոռու սահմանամերձ հայությանը, Վրաստանից պահանջեն միացնել այս գյուղերը Լոռու մարզին, հակառակ դեպքում` արհամարանքը տեղի հայության հանդեպ` կհանգեցնի գյուղերի հայաթափմանն ու ադրբեջանականացմանը։
-Քանի որ քաջատեղյակ եք նաև ջավախահայության վիճակից` ի՞նչ համեմատականներ կանցկացնեք Սամցխե-Ջավախքի և Հյուսիսային Լոռու հայերի կեցության միջև։
– Սամցխե–Ջավախք–Ծալկայի ու Հյուսիսային Լոռու հայության հիմնախնդիրները հիմնականում նույնն են, սակայն ունեն նաև որոշ առանձնահատկություններ։ Եթե Ջավախքում առկա է, առաջին հերթին, քաղաքական հիմնախնդիր, լեզվի պահպանման ու տեղի հայ ազգաբնակչության հայ մնալու խնդիր, ապա Հյուսիսային Լոռում այս ամենին գումարվում է նաև` հետխորհրդային շրջանում արհեստականորեն առաջացած սահմանային խնդիրները, ինչը կործանար է լինելու հայկական այդ գյուղերի համար:
Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ













Շատ ճիշտա է: Ես ինքս ջիլիզեցի եմ ծագումով ու կարող եմ վստահ ասել, որ այդ գյուղերը մեր Լոռվա շարունակությունն են ու անպատճառ պետք է միանան Հայաստանին.