Կասպյան երկրների վեհաժողովը կանցնի առանց Պարսկաստանի
Սեպտեմբերի 13-ին Ղազախստանի Ակտաու քաղաքում կանցկացվի մերձկասպյան երկրների նախագահների առաջին ոչ պաշտոնական վեհաժողովը: Մերձծովյան այդ քաղաքում կհավաքվեն Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի և Ղազախստանի ղեկավարները, որոնք կփորձեն եզրեր գտնել Կասպից ծովի իրավական կարգավիճակը ճշտելու համար: Ուշադիր ընթերցողը կարող է միանգամից նկատել, որ Վեհաժողովին մասնակցության հրավեր է ուղարկվել Կասպյան ոչ բոլոր երկրների առաջնորդներին: Մասնավորապես, Ակտաու չի մեկնի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մամհմուդ Ահմադինեջադը: Պատճառն, ակնհայտորեն, քաղաքական է:
ԽՍՀՄ կայսրության փլուզումից հետո մերձկասպյան հետխորհրդային պետությունները չանդրադարձան Կասպից ծովում միջպետական սահմանները հստակեցնելու խնդրին: Նախկինում, ԽՍՀՄ տարիներին, Կասպից ծովի ավազանի 17% պատկանում էր Իրանին, իսկ մնացածը` ԽՍՀՄ-ին: Սակայն, Իրանին բաժին էր հասել հենց այն 17%-ը, որն ընդհանրապես զուրկ է բնական պաշարներից, մինչդեռ մնացած 83%-ը բավական հարուստ է նավթային և գազային պաշարներով: Ուստի, ելնելով այդ հանգամանքից, պաշտոնական Թեհրանը հետխորհրդային պետություններին առաջարկել է ջրավազանը բաժանել հինգ հավասար մասերի` յուրաքանչյուրին թողնելով 20% «մասնաբաժին»: Նման բաժանման դեպքում Կասպից ծովի «բարիքներից» օգտվելու հնարավորություն կստանան մերձկասպյան բոլոր պետությունները, ինչն ակնհայտորեն չի բխում Կասպյան նավթի և գազի հետ իրենց հույսերը կապող որոշ պետությունների շահերից: Խոսքը մասնավորապես վերաբերում է Ադրբեջանի Հանրապետությանը, որը տարածքային վեճեր ունի իր բոլոր հարևանների հետ:
Իրանական կողմի` Կասպից ծովը «հավասարաչափ բաժանելու» առաջարկին իբրև հակափաստարկ բերվում է այն, թե Իրանի սահմանը ծովի հետ բոլոր մերձափնյա պետություններից ամենակարճն է: Սակայն ադրբեջանական կողմը թերևս հաշվի չի առնում այն փաստը, որ Իրանը հեշտությամբ կարող է երկարաձգել Կասպից ծովի հետ իր շփման գիծ` Ադրբեջանի թալիշաբնակ շրջանների հաշվին, մանավանդ, որ Կասպից ծովի բաժանման հարցն արդեն լուրջ խնդիրներ է առաջացրել Ադրբեջանի համար` ինչպես Իրանի, այնպես էլ Թուրքմենստանի հետ հարաբերություններում:
Իրանի դեպքում, սակայն, իրավիճակը կարող է բարդանալ հետևյալ առումով. սեփական տնտեսական շահերով պայմանավորված` այսօր Ռուսաստանը Կասպից ծովը բաժանելու ադրբեջանական դիրքորոշման կողմնակիցն է: Պաշտոնական Մոսկվան և Բաքուն արդեն կարողացել են որոշել երկու երկրների ծովային սահմանը և այդ հարցում միմյանց հետ խնդիրներ չունեն: Նույնը վերաբերում է նաև Ղազախստանին, որին ադրբեջանական կողմը նույնիսկ կարողացել է համոզել իր նավթի մի մասն արտահանել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան ադրբեջանական նավթամուղի միջոցով:
Հետխորհրդային երկրների շարքում չլուծված է մնում միայն Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև ծովի բաժանարար գծի հարցը: Եվ սա այն հիմնախնդիրն է, որի շուրջ կընթանա Ակտաուի վեհաժողովի հիմնական քննարկումը:
Ակնհայտ է նաև, որ Ռուսաստանը վեհաժողովի ընթացքում կփորձի կողմերին պարտադրել` գալ որոշակի համաձայնության, քանզի հակառակ պարագայում չի բացառվում նաև խնդրի լուծումը ռազմական ճանապարհով: Այսպիսի հեռանկարն, իհարկե, չի կարող բխել կողմերից և ոչ մեկի շահերից, քանի որ այն խիստ անհեռանկարային է, և կխանգարի ծովի նավթագազային պաշարների արդյունահանմանը:
Տարածքային հարցերից բացի Կասպից ծովի ավազանում գոյություն ունեն նաև այլ խնդիրներ, որոնք կքննարկվեն Ակտաուի վեհաժողովում: Այս անգամ խոսքը նաև ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին է: Armar.am-ն արդեն իսկ գրել է «Կասպյան պահակազոր» ծրագրի վերսկսման վերաբերյալ ադրբեջանական կողմի ցանկության մասին: Ինչպես հայտնի է, այդ ծրագիրն, ի թիվս այլ խնդիրների, ենթադրում է նաև ոչկասպյան երկրների (մասնավորապես` ԱՄՆ-ի) ռազմական ներկայություն Կասպից ծովում: Ռուսաստանյան, ինչպես նաև, իրանական կողմերը բազմիցս են հանդես եկել նման հեռանկարի դեմ: Այս հարցում նույնիսկ որոշակի բանավեճ է տեղի ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև և սեպտեմբերի 13-ին պաշտոնական Մոսկվան մտադիր է վերջնական լուծում տալ նաև այս խնդրին:
Վերադառնանք դարձյալ իրանական հարցին: Լիովին ակնհայտ է, որ Ահմադինեջադին վեհա-ողովին մասնակցության հրավեր չուղարկելով` վերջինիս կազմակերպիչները պարզապես փորձում են հետխորհրդային չորս երկրների միջև բաժանել Կասպից ծովի ջրային տարածքը և հետո միասնական ջանքերով պարտադրել Իրանին արդեն կայացված որոշումը: Սակայն ակնհայտ է նաև, որ իրանական կողմը երբեք չի հանդուրժի նման անարդարությունը: Այդ երկիրն ուղղակի թույլ չի տա իր հետ այդ կերպ վարվել:
Իրանում Ղազախստանի նորանշանակ դեսպանից հավատարմագրերը վերցնելիս Իրանի արտգործնախարար Մանուչեիր Մոթթակին արդեն նշել է, որ «սպասվող հանդիպումը հակասում է նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին, համաձայն որոնց Կասպից ծովին վերաբերող հարցերը պետք է լուծվեն միայն մերձկասպյան բոլոր երկրների մասնակցությամբ: «Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունը սպասվելիք քառակողմ քննարկումը դիտում է մի քայլ, որն ուղղված է իր երկրի շահերին», – նշել է Մոթթակին:
Եվ իսկապես, Ռուսաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը և Թուրքմենիան փաստորեն ոչ հարգալից վերաբերմունք են ցուցաբերել Իրանի հանդեպ: Նրանք որոշել են իրենց հարցերը լուծել յուրովի` առանց Թեհրանի կարծիքը հաշվի առնելու :
Իրավիճակը ճշգրիտ գնահատելով` Իրանն արդեն ազատ է Կասպից ծովում գործել այնպես, ինչպես իր իսկ շահերն են պահանջում: Եվ եթե հաշվի չնստեն այս երկրի շահերի հետ, Իրանն արդեն ստիպված կլինի հարևաններին պարտադրել սեփական շահերը:
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Թեգեր` Թուրքմենստան, Ռուսաստան












