Հայ ազգայնականների համախմբման հայտարարությունը
Հայ-թուրքական հորջորջվող նախապայմանագիրն առավելապես օտար և իրենց աշխարհի տերերը հռչակած ուժերի շահերից բխող պարտադրանք է, քան` հայկական ու թուրքական կողմերի բարի կամեցողության արգասիք: Սա ակնհայտ է, և դա ավելի ընդգծվեց կողմերի լուռ համաձայնությունից և հետագա ճնշումներից հետո:
Երկու կողմերը պնդում են, որ այս նախապայմանագիրն ընդունված է առանց նախապայմանների, ինչը հավասար հնարավորություններ է ստեղծում համագործակցության համար: Եթե նույնիսկ համագործակցելու հավասար պայմաններ ստեղծվեն էլ, միեւնույնն է, նախապայմանագրի շարադրանքը հետագայում (ստորագրելուց հետո) առաջ է քաշելու տասնյակ նախապայմաններ, ինչն այլեւս կողմերի համար վերահսկելի չի լինելու, քանզի շոշափելու է ոչ միայն երկու երկրների շահերը ներառող հարցեր:
Հայ ազգայնականների համախմբումը մտահոգված այս նախապայմանագրի բացվող վտանգներից, կոչ է անում ՀՀ իշխանություններին, ԱԺ պատգամավորական խումբխմբակցություններին` զերծ մնալ առաջ քաշված փաստաթղթի վավերացումից եւ հայ-թուրքական պայմանագիր առաջարկել հայության կենսական շահերը պաշտպանող մի շարք նախապայմաններից հետո` ինչպիսիք են օրինակ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, հայկական պատմական տարածքների խնդիրը եւ հայության իրավունքները Թուրքիայում:
Բացի այդ, ներկա նախապայմանագրային փաստաթղթում առկա են մի շարք հիմնահարցեր, որոնք կարճ ժամանակ անց դառնալու են հիմնախնդիրներ եւ խոչընդոտելու են հայության պայքարին` մեր իրավունքների ու խնդիրների պաշտպանության մեջ:
1. Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի Հանրապետության հետ, չի ճանաչել այդ երկրի տարածքային անձեռնմխելիությունը, ուստի մեզ համար անհասկանալի է ՙհայ-թուրքական սահմանի բացում՚ ձեւակերպումը: Այդ այսպես կոչված սահմանի երկու կողմերում էլ հայկական տարածքներ են` Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանները, ուստի` դա Հայաստանի երկու հատվածների միջեւ արգելափակված սահմանի բացում է իրականում: Եվ կարիք չկա ներկայիս Թուրքիայի սահմանները վավերացնել հենց այնպես` մեկ հարվածով:
2. Այս իրողությունից ելնելով` հայ-թուրքական պայմանագիր ձեւակերպումը նույնպես չի համապատասխանում իրականությանը: Սա հիմնականում Հայաստանի Հանրապետություն-Թուրքիայի Հանրապետություն հարաբերություններն են նախանշում, քանզի հայության զգալի մասն այսօր սփյուռքում է, իսկ սփյուռքահայության եւ հայաստանահայության (նաեւ` արցախահայության) զգալի հատվածը դեմ է սույն նախապայմանագրին և այն չի կարող համարվել հայ-թուրքական:
3. Այս փաստաթուղթն առանց նախապայմանների վավերացնելով` մենք կճանաչենք Թուրքիայի ներկայիս սահմանները, առանց Արեւմտյան Հայաստանի խնդիրը, սիրիական Ալեքանդրեթի սանջակի թուրքական բռնազավթումը եւ քրդերի որոշ հատվածի իրավունքներն արծարծելու:
4. Նախապայմանագրում նշված է, որ կողմերը համագործակցելու են ահաբեկչական պայքարների դեմ: Ակնհայտ է, որ հայկական ՀԱՀԳԲ (ԱՍԱԼԱ) կազմակերպությունը եւ քրդական ՔԲԿ-ն թուրքերը համարում են ահաբեկչական կառույցներ, ինչը դժվարին կացության մեջ է գցելու ՀՀ իշխանություններին` հետագայում ազատագրական պայքարները պաշտպանելու հարցում:
5. Ճանաչելով Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության իրավունքները` Թուրքիայի Հանրապետությունն օրինականացնելու է ոչ միայն Հայաստանի արեւմտյան հատվածի բռնազավթումը իր կողմից, այլեւ` Արցախ-ԼՂՀ-ն եւ ազատագրված տարածքները դիտարկելու է հայերի կողմից բռնազավթված հողեր եւ այս պայմանագրի երեւան գալուց անմիջապես հետո պաշտպանելու է Ադրբեջանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության հարցը: Այսինքն` սույն պայմանագրով մենք վավերացնելու ենք Հայաստանի արեւմտյան ու արեւելյան հատվածների (նաեւ` Նախիջեւանի ու Ջավախքի) բռնազավթումները:
6. Վավերացնելով այս նախապայմանագիրը` Հայաստանի Հանրապետությունը, կամա թե ակամա, նպաստելու է Արևմտյան Հայաստանի թուրքացմանը, ինչը առ այսօր տեղի չի ունենում հայկական տարածքներում` թույլ զարգացած տնտեսության եւ քրդական դիմադրության պայմաններում: Բազմաթիվ թուրքեր էլ ի վերջո սպասում են, որ հայերը մի օր հետ կպահանջեն իրենց հողերը, որի վրա նրանք այդպես էլ չեն բնավորվում հիմնականում: Այսպես կոչված հայ-թուրքական սահմանների բացումից հետո տնտեսական զարգացումն անխուսափելի կդառնա եւ հայկական հողերը կթուրքացվեն` պայմանավորված ֆինանսա-տնտեսական գործոնով, բայց բացի տնտեսական գործոնից կփոխվի նաեւ հոգեբանական գործոնը, որ այդ հողերն ի վերջո հայկական են, և կդիտվեն այլեւս թուրքական:
Թեգեր` ՀԱՀԳԲ (ԱՍԱԼԱ)












