«Դուք իրավունք չունեք գրքերը Ձեզ հետ Ջավախք տանել, չի թույլատրվում…»
«Ի՞նչու ես տանում այս ամսագրերը», «Ու՞ր ես տանում», «Որտեղի՞ց քեզ այս գիրքը», «Դուք իրավունք չունեք գրքերը Ձեզ հետ Ջավախք տանել, չի թույլատրվում, դրանք պետք է թողնեք այստեղ՝ մեզ մոտ»… և այլն. նման խոսակցություններ կարող եք ամեն օր լսել Հայաստան-Վրաստան սահմանային բոլոր անցակետերում, երբ Ջավախք կամ Վրաստան մեկնող հայ ուղևորների ձեռքում վրաց սահմանապահները «հայտնաբերում են» գրքեր, ամսագրեր (անկախ բովանդակությունից) կամ պարզապես գրահրատարակչական այլ նյութեր։ Արդեն երկար ժամանակ է, ինչ կտրականապես արգելվում է Բավրա-Նինոծմինդա-Ջավախք կամ Հայաստան-Վրաստան անցակետերից Վրաստանի տարածք գրականություն անցկացնելը ։ Սահմանապահների պատճառաբանությունները հետևյալն են. «Չի’ թույլատրվում, մեզ այդպես է կարգադրված և վերջ»։ Խայտառակությունն այն է, որ այդ արգելքը վերաբերում է ոչ միայն սովորական քաղաքացիներին, այլև բարձրաստիճան պաշտոնյաներին, օրինակ՝ ՀՀ Ազգային գրադարանի տնօրենին, Ախալքալաքի քաղաքային ժողովի անդամին կամ փոխնախագահին, ՀՀ ԱԺ պատգամավորին, որևէ կուսակցության ղեկավարին և այլն: Եթե ինչ-որ մեկի ձեռքին «հայտնաբերվում են» գրքեր, որոնք հատկապես պատմական-քարտեզագրական բնույթ են կրում, ապա այդ մարդիկ երկար հարցաքննվում են սահմանային անցակետերի հատուկ խցերում, պարզվում այդ գրքերի «աղբյուրները», տանելու «նպատակները», հետո սկսվում է այդ մարդկանց «խրատելու» փուլը, թե` « Գրքերը մնում են մեզ մոտ, այս անգամ Ձեզ զիջում ենք, գնացեք, եթե մյուս անգամ վերցնեք, ապա առավել մեծ բարդության կառնչվեք։
150.000 հայ բնակչություն ունեցող Ջավախքում (չխոսելով Վրաստանի հայության մասին) մի քանի տարի է, ինչ մշակութային մեկուսացման քաղաքականություն է վարվում։ Հայկական լեզվով գիրքն անթույլատրելի է ջավախահայի համար։
Փորձենք հասկանալ պատճառները. Վրաստանի իշխանությունները վախենո՞ւմ են գրքից, թե՞ գիրք կարդացող, ասել է թե` գրագետ մարդկանցից։ Վախենում են հայկական գրականության տարածման հետևանքով ազգային գիտակցության զարթոնքի՞ց, թե ՞ պատմական ճշմարտության իրազեկումից։ Սա՞ է վրացական ժողովրդավարությունը։ Կա՞ աշխարհում մի երկիր, որը վախենա գրքից։ Կա’ր. ԽՍՀՄ-ն էր, որը փլուզվեց։ Անգամ ՀՀ-ին թշնամի երկիր Թուրքիայի սահմանային անցակետերում այդպիսի արգելք չկա։
Վրաստանի նման քաղաքականությունից կարելի է մի քանի եզրահանգումներ անել։
առաջին. ՀՀ-ին չի վստահում որպես հարևան-բարեկամ երկիր՝ կասկածելով այնտեղ հրատարակված գրքերի բովանդակությանը.
երկրորդ. գիտակցում է սեփական քաղաքականության ողջ հակահայկականությունը, հետևաբար, ձգտում է այն թաքցնել, գաղտնի պահել ջավախահայությունից.
երրորդ. չի ընդունում ջավախահայությանը որպես սեփական քաղաքացիներ. չորրորդ. չի վստահում ջավախահայությանը որպես սեփական քաղաքացիներ. հինգերորդ. այդ քայլով ջավախահայությանը մղում է ոչ թե ինտեգրման, այլ՝ հետզհետե մեկուսացման և, ի վերջո, երկրից արտագաղթելուն
վեցերորդ. մտահոգված չէ ջավախահայության՝ որպես սեփական քաղաքացիների հոգևոր զարգացման հարցով (ինչպես 1918 և 1921 թվականներին մտահոգված չէր այդ մարդկանց ֆիզիկական գոյության խնդրով).
յոթերորդ. այդ քայլով ստորացնում է սեփական քաղաքացիների ազգային արժանապատվությունը, ոտնահարում ազգային արժեքները, կոնկրետ ջավախահայերի պարագայում՝ վտանգում նրանց ազգային ինքնությունը
ութերորդ. Այդ քայլով Վրաստանը ամեն կերպ ձգտում է ջավախահայությանը հեռու պահել հայոց պատմության էջերի իմացությունից, հետզհետե վերացնել ջավախահայերի ազգային գիտակցությունը
Վրացի հոգևորականների կատաղի քարոզչությունը միտված է ջավախահայության վրացականացմանը. նույն քաղաքականության արդյունքում անցյալ դարի վերջերին Սամցխե-Ջավախքի (Ուդե, Արալ, Խզաբավրա, Բոլաջուր և այլն) և Հյուսիսային Լոռու (Դմանիսի, Թեթրիծղարոյի, Բոլնիսի մոտ երեք տասնյակ նախկին հայկական գյուղեր) մի շարք բնակավայրերի հայությունը ձուլվեց:
2009թ. հուլիսին բացվեց ՀՀ-Վրաստան Գոգավան-Գուգութի սահմանային անցակետի «Գուգութի» վրացական սահմանային կետը։ Շուտով նախապատրաստվում է նորագույն տեխնոլոգիաներով համալրված «Նինոծմինդա» սահմանային անցակետի բացումը։ Այս դեպքում ջավախահայությունն ամեն օր մայր հայրենիք գալիս ստուգվելու է և բացառվելու է գրականության` մինչ այժմ «հույժ գաղտնի» անցկացվող տարհանումը Ջավախք։ Այս հարցում վրացական կողմից դրական փոփոխության ակնկալելն, իհարկե, անիմաստ է, նույնիսկ ծիծաղելի, իսկ հայկական կողմը առանձնապես չի էլ շտապում վրացական կողմի հետ ճշգրտել այս հարցը։
Ներկայացնում ենք դեռ 2005թ. դեկտեմբերի 22-ին Վրաստանի կողմից վավերացված և 2006թ. ապրիլի 1-ին ուժի մեջ մտած Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների մասին Կոնվենցիայի (Ստրասբուրգ, 1 փետրվարի, 1995 թ.) 17-րդ և 18-րդ հոդվածնները.
Հոդված 17
1. Կողմերը պարտավորվում են չարգելել ազգային փոքրամասնությանը պատկանող անձանց` ստեղծել և պահել ազատ և խաղաղ կապեր սահմանից դուրս այն անձանց հետ, որոնք օրինական կերպով գտնվում են այլ պետության տարածքում, մասնավորապես այն անձանց հետ, ում հետ նրանք ունեն ընդհանուր էթնիկ, մշակութային, լեզվական և կրոնական ինքնություն կամ էլ ընդհանուր մշակութային ժառանգություն:
2.Կողմերը պարտավորվում են արգելք չհանդիսանալ իրականացնելու ազգային փոքրամասնության պատկանող անձանց իրավունքը` մասնակցել ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությանը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում:
Հոդված 18
1. Կողմերը ջանք են գործադրում անհրաժեշտության դեպքում երկկողմանի և բազմակողմանի համաձայնություններ կնքել այլ պետությունների հետ, հատկապես հարևան պետությունների հետ` ապահովելու համար ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքները:
2.Կողմերն անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկում, որոնք ուղղված են տրանսսահմանային համագործակցության խթանմանը:
Ավելացնենք նաև, որ Վրաստանի Խորհրդարանը, նախքան 2005թ. դեկտեմբերի 22-ի` ազգային փոքրամասնությունների պաշտպանության Շրջանակային Կոնվենցիայի վավերացումը, 2005թ. հոկտեմբերի 13-ին նույն կոնվենցիայի վավերացման վերաբերյալ ընդունում է նաև բանաձև, որից էլ մեջբերում ենք.
f. Կոնվենցիայի 18-րդ հոդվածի վերաբերյալ Վրաստանը հայտարարում է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը ընդունվում է Սահմանադրությամբ, Վրաստանի օրենսդրությամբ, կոնվենցիաներով, պայմանագրերով, որոնց միացել է Վրաստանը, և որոնք ընդունում ու պաշտպանում են ազգային փոքրամասնությունների իրավունքները:Այսպիսով, Վրաստանն ընդունում է Կոնվենցիայով նախատեսված պահանջները և աննպատակահարմար է համարում վերոնշյալ հարցի կապակցությամբ միջազգային համաձայնագրերի հետագա ստորագրումը:
ՄԱԿ-ի կամ ԵԽ-ի՝ Ազգային փոքրամասնություններին վերաբերող և Վրաստանի կողմից ստորագրված ցանկացած հռչակագրի, կոնվենցիայի՝ ազգային փոքրամասնություններին առնչվող բոլոր հանձնարարականների պարագայում պատկերը նույնն է` Վրաստանը ազգային փոքրամասնություների մասով չի կատարում իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները:
Վրաստանը սոցիալ-տնտեսական, ճանապարհատրանսպորտային, էներգետիկ և այլ ոլորտներում տարիներ շարունակ «փորձեց» ջավախահայության ամրությունը, բայց չհասավ իր վերջնական նպատակներին: Այժմ հերթական փորձն իրականացվում է մշակութային-հոգևոր ասպարեզում։
Վահե ՍԱՐԳՍՅԱՆ
ArmAr.am
Թեգեր` Գոգավան-Գուգութի












