Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Թուրքիան ինքն է դատապարտել Հայոց Ցեղասպանության ոճրագործներին

Սեպտեմբեր 10, 2009թ. 18:43

Մինչ համայն հայությունը պայքարում է Ցեղասպանության փաստն աշխարհում որպես իրողություն ամրագրելու համար, մասնավորապես, կարևորելով ոճրագործություն իրականացրած երկրի` Թուրքիայի  կողմից Ցեղասպանության ընդունումն ու դատապարտումը, թերևս քչերս ենք հիշում, որ 20-րդ դարի առաջին ոճրագործությունը դատապարտել են հենց իրենք` իրականացնողները:

Առաջին համաշխարհային պատերազմում պարտություն կրած Թուրքիայի   երիտթուրք  պարագլուխներ Բլեթը, Էնվերը, Ջեմալը, Շաքիր-բեյը, Նազր-բեյը և մյուս ոճրագործներ  1918թ. նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը գերմանական «S17» սուզանավով ճողոպրում են Կոստանդնուպոլիս, ապա Ղրիմ, իսկ այնտեղից կեղծ փաստաթղթերով  անցում Բեռլին:

1918թ. վերջին և 1919 թ. սկզբին եվրոպական և ամերիկյան մի շարք գործիչներ Եվրոպայում հարց են բարձրացնում հայ ժողովրդի բնաջնջման մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Պահանջողների թվում էին Ժագ դը Մորգանը, Ռենե Պինոն, Արմեն Վեգները, Հենրի Մորգենթաուն և այլք:

Այդ ընթացքում Եվրոպայի ճնշումով Թուրքիայում իշխանության եկած վարչախումբը կազմակերպում է հայերի դեմ ոճիր իրականացնողների դատավարությունը` պարագլուխ-մարդասպանների բացակայությամբ:  Իսկ դատավարության հիմնական նպատակն այն էր, որ միջազգային հանրությանն ի  ցույց դրվեր, թե ի վիճակի են դատապարտել  իրենց իսկ ձեռքով իրականացրած  հանցանքները:

«Ահմեդ Իսլեթ փաշայի գլխավորած նոր կաբինետը 1918թ. Մուդրուսի զինադադարից հետո որոշում է «Միություն և առաջադիմություն» կուսակցության նախկին ղեկավարներին պատասխանատվության ենթարկել` ելնելով պետությունում գործող օրենքներից: 1918թ. դեկտեմբերի 16-ի համապատասխան որոշմամբ կազմվում են արագ-քննիչ խմբեր: 1919թ. հունվարին Կ. Պոլսում 1-ին, 2-րդ, 3-րդ ռազմական դատարանները պատրաստվում են իրականացնել դատավարությունը»,- պատմում է  պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Պողոսյանը:

1919թ. մարտի 8-ին սուլթան Մեհմեդ 6-րդի հրամանագրով պետության նախկին գործիչների գործերը հանձնվում են ռազմական ատյաններ` քննության: Դատավարությունը տևում է երկու ամիս. սկսվում է 1919թ. ապրիլի 27-ին Պոլսում և ավարտվում հունիսի 26-ին.

«Մայիսին գումարվում է  համապատասխանաբար 6, հունիսին` 7 նիստ, իսկ դատավճիռը կայացվում է հուլիսի 5-ին:

Դատավարության ընթացքում հեռակա կարգով մահվան են դատապարտվում ցեղասպանության ղեկավար-կազամակերպիչները, որոնց թվում էր Թալեաթը, Էնվերը, Ջեմալը և այլոք, ինչպես նաև 20 բարձրաստիճան պաշտոնյաներ: Մեղադրվում են նաև այն պաշտոնյաները, ովքեր գիտակցաբար չեն կանխել հայերի բնաջնջումը»,- ասաց Վարուժան Պողոսյանը:

Դատավարության նյութերից պարզ  է դառնում, որ չնայած «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեն փաստաթղթերի մեծ մասը ոչնչացրել էր , այդուհանդերձ, մնացած փաստաթղթերը հիմք են դարձել դատավարությունն իրականացնելու համար, որում մեղադրվում էին հայերի տեղահանության և զանգվածային կոտորածների համար: Դատավարության ընթացքում հարցաքննվում են տարբեր պաշտոնյաներ, ովքեր անմասն չեն մնացել ոճիրի իրականցման գործում:

«Չնայած խորհրդային պատմագրությունում նշվում, էր որ դատավարությանը ներկա է եղել անգամ Մուսատաֆա Քեմալը, սակայն դա մեկ այլ, ազգությամբ քուրդ Քեմալ է եղել: Այդ մասին վկայում է ամերիկահայ Ջեյմս Մաշյանը1982թ. հրապարակած մասնագիտական հոդվածում: Իսկ թուրքերի հայր համարվող Մուստաֆա Քեմալը 1920թ. ապրիլի 24-ին տեղի ունեցածն անվանել է   ամոթալի արարք»:

Այժմ հայտնի չէ, թե  դատավարության ընթացքի սղագրությունը կամ դատավարությունից այլ փաստաթղթեր պահպանվե՞լ են թե՞ ոչ, բայց այդ ամենը ժամանակին տպվել է թուրքական պաշտոնաթերթում:

Երիտթուրքերի պարագլուխներ Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Նազրը հեռակա կարգով դատապարտվում են մահապատժի, քանի որ փախուստի մեջ էին:

Վարչական տարբեր շրջաններում հայերի կոտորածն ու տեղահանությունն իրականացնողներին դատապարտում են առավելագույնը 10 տարվա բանտարկության:

Միակ իրական «զոհը», ով պատասխանատվության է ենթարկվում հայերի դեմ գործած լայնածավալ ոճիրի համար, Բողազլյանի կայմակում(վարչական միավոր) Յոզղթի Քյամիլ Բեյն էր, ով շուրջ 50.000 հայ էր սպանել: Վերջինիս մահապատժի են դատապարտում:

Սա Օսմանյան կայսրությունում միակ դեպքն է, երբ հայերի բնաջնջումն իրականացրած հանցագործը պատժվել է: Սակայն այս դատավարությունը երկրի ներսում  մեծ դժգոհության տեղիք է տալիս, քանի որ նրանց մեկնաբանմամբ գյավուրին սպանելու համար դատապարտվել է մուսուլմանը:

«Հանցագործների մի մասը դատապարտվում է ընդամենը մեկ-երկու տարվա ազատազրկման: Դատարանը ոչ միշտ է անկողմնակալ եղել, քանի որ իթթիհաթականները զանազան միջոցներով ջանք ու եռանդ չեն խնայել դատավարությանը խանգարելու համար»,- ասում է Վարուժան Պողոսյանը:

Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության ժխտման հիմնադիրը  Աբդուլ Համիդ 2-րդն էր, իսկ այսպես կոչված « նոր Թուրքիայում», որտեղ միայն սուլթանությունը վերացվեց,  ժխտման քաղաքականությունը շարունակեց Քեմալը: Նա պատվիրեց 4 հատորով գրել Թուրքիայի նոր պատմությունը, որտեղ խոսք անգամ չկար հայերի` այն ժամանակ  կիրառվող բառով ասված կոտորածների մասին:  Արևմտյան Հայաստանն անգամ ներկայացվում էր որպես թուրքերի «հայրենիք»: Դա ցեղասպանության և դրա հետևանքների ժխտման հիմնաքարային փուլ էր, որով  սկսվեց լռության քաղաքականությունից  անցումը ժխտման քաղաքականության:

Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ


Թեգեր` , ,

Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`