Վրաստանը փորձում է հրահրել հայ-ադրբեջանական նոր հակամարտություն
Վրաստանն այսօր կանգնած է տարածաշրջանային լուրջ խնդիրների առջև: Բացի այն , որ հարավկովկասյան այդ երկիրն իր հյուսիսային հզոր հարևանի հետ փաստացի պատերազմական իրավիճակում է, Վրաստանը նաև լուրջ տարաձայնություններ ունի Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հետ: Ընդ որում, այդ տարաձայնությունները ոչ միայն առօրեական հարցերի շրջանակում են, այլև ներառում են խորքային խնդիրներ, որոնք առնչվում են Վրաստանի պետականության պահպանմանն ու գոյատևմանը:
Թուրք-ադրբեջանական կապիտալի ներհոսքը դեպի Վրաստան բավական ուժեղացրել է Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքերը, հատկապես Վրաստանի արևելյան շրջաններում, որտեղ բնակվում են մեծ քանակությամբ ադրբեջանցիներ: Բացի այդ, թուրքական ազդեցությունն օրեցօր մեծանում է նաև Աջարիայում, որտեղի բնակչությունը թուրքամետ կողմնորոշում ունի: Վրաստանի արևելքում բնակվող թուրքական այդ զանգվածի մեջ բաժանարար գծի դեր է կատարում Սամցխե-Ջավախքի հայությունը: Սակայն թուրքական երկու պետություններն ամեն ինչ անում են, որպեսզի այս տարածաշրջանը ևս բնակեցվի թուրքալեզու ժողովուրդներով, որպեսզի Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստեղծվի էթնիկ կապ:
Հարավային Կովկասում ընթացող ժամանակակից քաղաքական գործընթացները բավական մեծ դժվարություններ են ստեղծում Վրաստանի համար: Պաշտոնական Թբիլիսին, որն իր անվտանգության ապահովման գործն ամբողջովին վստահել էր Արևմուտքին, ի վերջո հասկացավ, որ լիովին մենակ է մնացել ժամանակակից մարտահրավերների առջև: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ներկայիս գործընթացները զգալիորեն մեծացրել են թուրքական գործոնի նշանակությունը մեր տարածաշրջանում: Դա բավական լուրջ ահազանգ է վրացական կողմի համար, մանավանդ եթե հաշվի առնենք այն իրավիճակը, որը տիրում է Քվեմո Քարտլիում և Աջարիայում:
Մյուս կողմից, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը վրացիներին անհանգստացնում է նաև այն պատճառով, որ վրացական ճանապարհներին այլընտրանք ձեռքբերած հայկական կողմը կարող է մեծացնել Սամցխե-Ջավախքում տիրող լարվածությունը : Այս կապակցությամբ հարկ է նշել, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունն այն մասին, թե հայերենը Վրաստանում պետք է ունենա մարզային լեզվի կարգավիճակ, միայն ուժեղացրեց վրացիների անհանգստությունը: Թբիլիսիում մտածում են, որ իրենց հարցերը պարզելուց հետո հայերն ու թուրքերը կանցնեն Վրաստանին, և այդ ժամանակ իրենց այլևս ոչինչ չի մնա անել, քան նստել լաստանավերն ու հեռանալ Հարավային Կովկասից: Ըստ երևույթին, այդ հեռանկարն այդքան էլ դուր չի գալիս վրացիներին, և նրանք անցել են նոր ռազմավարության մշակմանը:
Սակայն այս հարցում վրացիների տրամաբանությունն ինքնատիպությամբ այդքան էլ աչքի չի ընկնում: Թբիլիսիի հաշվարկները պարզ են և հասկանալի: Եթե հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը վտանգավոր է Վրաստանի համար, ուրեմն անհրաժեշտ է չթույլատրել, որպեսզի հարևան երկու երկրներն իրար հետ հաշտվեն:
Վրացական կողմի հաջորդ քայլն առավել խորն էր մտածված: Նրանք նույնիսկ հաշվի են առել իրենց հարևանների (այս դեպքում հայերի և ադրբեջանցիների) էթնոհոգեբանական յուրահատկությունները: Սակայն գտնված ելքը որքան իրատեսական էր, այնքան էլ վտանգավոր վրացիների համար: Եվ Թբիլիսիում դա լավ են հասկանում:
Երկար-բարակ մտորելուց հետո, վրացիները, թերևս հաղթահարելով հայերի հանդեպ իրեն կենդանական վախը, որոշեցին գրոհել հարևան երկրի սահմանամերձ գյուղերի վրա:
Սակայն վրացիների այդ քայլը նաև մեսիջ էր ուղղված ռազմատենչ Ադրբեջանին: Ի դեպ, նկատենք, որ Վրաստանի նպատակն ամենևին էլ Հայաստանի հողերը գրավելը չէր: Փաստորեն այս համարձակ քայլով վրացիները ադրբեջանցիներին ցանկացան հուշել, թե Հայաստանը թույլ ու անպաշտպան երկիր է, որի սահմանները հեշտ խոցելի են, և դրանով իսկ վերջինիս մղել Արցախում` պատերազմական գործողությունների վերսկսման:
Վրացական կողմի հաշվարկներով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերսկսման դեպքում շահող կողմը լինելու է հենց ինքը, որովհետև, ինչպես ասում է իմաստնությունը, երկու կողմերի հակամարտությունից միշտ շահում է երրորդ կողմը: Բայց Վրաստանը մի բան չի հաշվի առնում, որ իր քաղաքական արկածախնդրությունը հղի է լուրջ վտանգներով` նախ և առաջ Վրաստանի համար: Կարծում եմ, որ ասվածիս իմաստը մեկնաբանելու անհրաժեշտություն ամենևին չկա:
Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա մենք պարտավոր ենք հասկանալ, որ եթե հարվածին արժանի հակահարված չի տրվում, դա ընկալվում է թուլության նշան, իսկ այս դեպքում հետևանքները կարող են խիստ անկանկախատեսելի լիներ:
Կամսար ՄԵԼԻՔՅԱՆ
Թեգեր` Ադրբեջան, Սամցխե-Ջավախք, Վրաստան












