Հայկական եկեղեցիները վրացականացվում են
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ՀՀ մասնաճուղի տնօրեն Սամվել Կարապետյանն այսօր ասուլիսի ժամանակ խոսել է հայկական հուշարձանների նկատմամբ Վրաստանի նոր հավակնությունների մասին:
«Հայ իրականության մեջ չենք ունեցել և այսօր էլ չունենք ազգային հասարակություն: Վրացիների մոտ միշտ հակառակն է եղել: Վերջին 20 տարիների ընթացքում ահռելի աշխատանք է կատարվել, և այս տարիների ընթացքում Թբիլիսում լույս է տեսել Արտանունջի (Տայքի քաղաքներից մեկը) գիտական հանդեսը, որի ամեն մի համարի մեջ բազմաթիվ գիտարշավների նյութեր են հրապարակվել: Վերջին 20 տարիների ընթացքում ահռելի աշխատանք է կատարվել: Հավակնությունները դրսևորվում են ոչ բոլորովին դատարկ հողի վրա»,- ասաց Սամվել Կարապետյանը:
Խնդիրն այն է, որ Տայքը Բյուզանդիայից հովանավորություն ստանալու համար ընդունել է հունադավանություն: Իսկ այն գավառները, որոնց հայ բնակչությունն ընդունում էր հունադավանությունը` մերժվում էին հայոց կաթողիկոսության կողմից և համարվում վրաց եկեղեցու թեմ:
10-13-րդ դարերի եկեղեցիների արձանագրությունները հիմնականում վրաց մեսրոպատառ են` երկաթագիր վրացերեն, որն իրենց եկեղեցական գիրն է: Եթե նույնիսկ Տայքն ունենար վրաց ազգաբնակչություն, այնուամենայնիվ, այն ծայրագավառ էր: Մինչդեռ վրաց մշակութաբանները գտնում են, որ վրաց դպրության ոսկեղեն շրջանը, և առհասարկ կոթողները ծնունդ են առել Տայքի շրջանում, իսկ Ջավախքը կարծես Տայքի արվարձան լինի, որ նույնպես հարուստ է վրաց մեսրոպատառ արձանագրություններով: Ջավախքում վրաց արձանագրություններն ավելի շատ են, քան Կախեթ երկրամասում:
«Շատ հետաքրքիր է, որ Տայքի շատ հուշարձաններում, օրինակ, Իշխան գյուղի եկեղեցում կա վրաց մեսրոպատառ, ինչպես նաև նույն ժամանակշրջանում հայերեն արձանագրություն: Սա ցույց է տալիս, որ հայերը դեռևս հայերեն էին արձանագրում, բայց քանի որ վրաց եկեղեցու թեմերի մեջ էին, նրանք պետք է կատարեին վրաց եկեղեցու կամքը: Տայքի արձանագրությունները կատարված են շատ անգրագետ ձևով: Նրանցում կան այնպիսի սխալներ, որոնք որևէ վրացի թույլ չէր տա: Սա խոսում է այն մասին, որ հեղինակները ոչ թե վրացիներ էին, այլ քաղկեդոնականություն ընդունած հայեր: »,- ասաց Սամվել Կարապետյանը:
Ռուս ճարտարապետ Տոկարսկին ուսումնասիրելով Տայքի հուշարձանները` եկել է հետաքրքիր եզրահանգման` Տայքի ճարտարապետությունը վրացական չէ, հայկական չէ, բյուզանդական չէ. սա այս երեք մշակույթների միաձուլումն է:
Այժմ Անիում ընթանում են Տիգրան Հոնենց եկեղեցու վերականգնողական աշխատանքները` վրաց ճարտարապետների մասնակցությամբ: Եկեղեցու ընտրությունը պատահական չէ, քանի որ եկեղեցին ներսում ունի վրաց մեսրոպատառ արձանագրություններով որմնանկարներ: Եկեղեցին ի սկզբանե եղել է հայ առաքելական, բայց մի շրջան փոխանցվել է Անի քաղաքի քաղկեդոնական համայնքին:
Ճարտարապետ Տիգրան Մարությանը ուսումնասիրել է այդ նյութերը: Վերջինս պատմել է, որ երբ պատրաստվել է հրատարակել «Տայքի ճարտարապետությունը» վերնագրով աշխատությունը, տպարանում նրան ստիպել են փոխել գրքի վերնագիրը և արդյունքում այն կոչվել է «Խորագույն Հայքի հուշարձանները»:
Ա.Կ.












