Երիտթուրքական դատավարությունը 90 տարի առաջ
Սուրեն ՄԱՆՈՒԿՅԱՆ,
պատմական գիտությունների թեկնածու
Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին oգոստոսի 31-ին հրապարակված արձանագրությունով նախատեսվում է ստեղծել «պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով (երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսության իրականացում, այդ թվում` պատմական փաստաթղթերի և արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձևակերպման համար) հայ, թուրք, ինչպես նաև շվեյցարացի և այլ միջազգային փորձագետների մասնակցությամբ»: Հայաստանում նման հանձնաժողովը շատերի կողմից ընկալվում է իբրև թուրքերի կողմից վաղուց տարվող ժխտողական քաղաքականության մի մաս: Մտավախություն կա, որ Անկարան այս հանձնաժողովի միջոցով կհասնի մի խնդրի լուծմանը, որը վաղուց առաջնային է համարում` քաղաքական հարթությունից հարցը տեղափոխել պատմաբանների քննարկման դաշտ, ինչի մասին կրկնում է Հայոց ցեղասպանության հարցի յուրաքանչյուր բարձրացման ժամանակ: Եվ թեև արձանագրությունում բացակայում է «Ցեղասպանություն» բառը, սակայն թեման ինքնին ենթադրվում է, և թուրքական կողմը փաստորեն փորձելու է քաղաքական քննարկումների ասպարեզից հանել մի հարց, որի քննարկումը հենց ինքն է առաջինը նախաձեռնել ուղիղ 80 տարի առաջ:
1919 թ.-ի փետրվարն էր: Առաջին Աշխարհամարտն ավարտվել էր և Օսմանյան կայսրության կառավարությունը, ինչպես և պարտություն կրած Քառյակ միության անդամ այլ պետությունների` Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի եւ Բուլղարիայի կառավարությունները ընդունել էր իր պարտությունը և 1918 թ. հոկտեմբերի 30-ին Մուդրոսի զինադադարով իրեն հանձնել հաղթող պետությունների ողորմածությանը:
Կ.Պոլիսը օկուպացված էր անգլիացիների եւ ֆրանսիացիների կողմից, և թուրքերը, սթափվելով պատերազմի թոհուբոհից, սկսել էին գիտակցել սեփական վիճակի ծանրությունը և այն արարքների սարսափելիությունը, որոնք գործել էին Օսմանյան պետության մեկ այլ հատվածի` հայկական բնակչության հանդեպ և պատրաստ էին ընդունել մեղքի համար ցանկացած պատիժ:
Ոճրագործ կառավարությանը եւ հազարավոր անմեղ մարդկանց սպանդը իրականացնողներին դատելու անհրաժեշտությունը բոլորի կողմից էր ընդունվում: Այսպես, Թուրքիայի ամենահայտնի կին հասարակական գործիչներից մեկը` հետագայում Մուստաֆա Քեմալի հավատարիմ գործընկեր Հալիդե Էդիպը 1919 թ. «Վաթան» թերթում գրում է. «Այս ինչ մեծ ոճիր գործեցինք խեղճ հայերի հանդեպ…»: Նույն թվին հայտնի մտածող Ահմեդ Ռեֆիք Ալթընայը մի գիրք հրատարակեց, որտեղ խոսում էր հայերի նկատմամբ երիտթուրքական իշխանությունների գործած սպանդի մասին:
Հասարակական մթնլորոտն այնպիսին էր, որ ոչ ոք չէր էլ պատրաստվում ժխտել կատարվածը. թուրքերի միակ ցանկությունը գոնե հաղթողներին սիրաշահելով, անխուսափելի, բայց հնարավորին չափ մեղմ պատիժ ստանալն էր: Սա թույլ կտար նաև ավելի լավ պայմաններում ներկայանալ խաղաղության կոնֆերանսին: Եվ երբ Օսմանյան կայսրությունը ներկայացնող Ֆերիդ փաշան եկավ Փարիզ, որտեղ Խաղաղության համաժողովը որոշում էր հետպատերազմյա աշխարհի ճակատագիրը, նա ուներ արդեն պատրաստի մեկնաբանություն հայերի կոտորածի վերաբերյալ.«Սա մի փոքր խմբակի ոճիր է, մի ամբաստանեք մի ամբողջ ազգ»:
Այս մարտավարությունը թույլ կտար միանգամից լուծել նաև մեկ այլ խնդիր. նոր իշխանությունները, որոնք ժամանակին հալածվել էին Իթթիհատական կառավարության կողմից, վրեժ էին լուծում իրենց հակառակորդներից:
Պատերազմում հաղթանակած դաշնակիցները նույնպես պարտավորություններ ունեին: Դեռ 1915 թ. մայիսի 24-ին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի կողմից ընդունված համատեղ հայտարարությունում նշվում է. «Հաշվի առնելով Թուրքիայի կողմից իրականացված այս նոր հանցագործությունները` դաշնակից կառավարությունները հրապարակայնորեն հայտարարում են Բ. Դռանը, որ պատասխանատվության են ենթարկելու ինչպես Օսմանյան կառավարության բոլոր անդամներին, այնպես էլ նրա այն գործակալներին, ովքեր ներգրավված են հայերի կոտորածներում»: Պատերազմն ավարտվեց, և դաշնակիցները լի էին վճռականությամբ ի կատար ածել խոստումը:
Թեև զինադադարի պայմաններն արգելում էին որևէ միջամտություն օսմանյան պետության ինքնիշխանությանը, հատկապես արդարադատության բնագավառում, սակայն դաշնակիցներն ի վիճակի էին դատական գործեր հարուցել այն անձանց դեմ, ովքեր մեղադրվում էին պատերազմական հանցագործություններին եւ հումանիզմի օրենքների ոտնահարումներին մասնակից լինելու ` մի կողմից ռազմագերիների, հատկապես անգլիացիների հետ վատ վարվելու, մյուս կողմից խաղաղ բնակչության, գլխավորապես հայերի բռնի տեղահանություններ եւ կոտորածներ իրականացնելու համար:
1919 թ. հունվարի 18-ին Բրիտանական զորքերի գլխավոր հրամանատար Կալթորպը օսմանյան արտաքին գործերի նախարարին է փոխանցում 1915 թ. Հայտարարությունը` հայկական կոտորածների պատասխանատուներին շուտափույթ պատժելու վերաբերյալ: Սակայն թուրքերն ընդդիմացան պատերազմի հանցագործներին բրիտանական ռազմական դատարաններում դատելու մտադրությանը եւ իրենք ձեռնարկեցին այդ գործը:
1919 թ. հունվարի սկզբին սկսվեցին ձերբակալություններ, սակայն փետրվարին թուրքական ռազմական դատարաններում կայացրած առաջին դատավճիռները այնպիսի դժգոհություն առաջացրեցին, որ օսմանյան մեծ վեզիրի հրամանով 41 բանտարկվածներ ազատ արձակվեցին, թեև նրանք մասնակցել էին կոտորածների:
Նոր դատավարությունը ձգձգվում էր, և թուրքերն ամեն կերպ խոչընդոտում էին փաստահավաքը: Թուրք պաշտոնյաները հրաժարվում էին անգլիացիներին հանձնել հայկական կոտորածների հետ կապված փաստաթղթերը: Երիտթուրքական կուսակցության կենտրոնական գրասենյակի փաստաթղթերը կանխամտածված ոչնչացվել էին դեռ 1918 թ. նոյեմբերի 1-ին կայացած Իթթիհատ վե-թերակկի կուսակցության վերջին համագումարից հետո, երբ երիտթուրքական կուսակցությունը ինքնալուծարվել էր և ընդհատակ անցել:
Սակայն նույնիսկ այս պայմաններում ապացույցների քանակը հսկայական էր: Հետաքննություն անցկացնելու նպատակով կազմվեց մի հանձնաժողով, որը գլխավորեց Անատոլիայի նախկին կառավարիչ Հասան Մազարը, մի մարդ որը 1915 թ. հուլիսին հրաժարվել էր կատարել հայերին տեղահանելու մասին հրամանը եւ պաշտոնանկ արվել: Բազնաթիվ խուզարկումներ իրականացվեցին, որոնք թույլ տվեցին ձեռք գցել ոչնչացումից փրկված փաստաթղթեր, գաղտնագրված եւ չգաղտնագրված հեռագրեր, հավաքվեց քաղաքացիական եւ զինվորական ականատես պաշտոնյաների վկայություններ: Այս ամենը թույլ տվեց մեծ թվով մեղադրական գործեր կազմել: 200 համարակալված թղթապանակներով փաստեր էին հավաքվել: Ընդ որում, յուրաքանչյուր գրառված փաստաթուղթ մանրակրկտորեն ստուգվում էր նախարարության սպայի կողմից և ամրագրվում «վավերական է» կնիքով: Փաստաթղթերի մի մասը տպագրվեց Կ.Պոլսի մամուլում կամ օսմանյան պաշտանական ամսագրի` «Թաքվիմ-ի Վեքայի» դատական հավելվածում: Միաժամանակ անգլիացիները Մալթա էին տեղափոխել 118 թուրք պաշտոնյաներ, որոնք ուղղակի կամ անուղղակի մասնակցություն էին ունեցել հայկական կոտորածներին:
Դատավարության վայր ընտրվեցին ռազմական դատարանները: Դեռ 1909 թ. ապրիլին Միություն և առաջադիմություն կուսակցության մտցրած ռազմական դրությունը շարունակում էր գործել, իսկ օսմանյան սահմանադրության համաձայն քաղաքացիական օրենքների գործողությունը ռազմական դրության ժամանակ դադարեցվում էր:
Կայսերական երեք հրովարտակներով ստեղծվեցին մի քանի ռազմական դատարաններ: Նրանց կազմերը շատ ներկայացուցչական էին, իսկ օրինակ Իթթիհատական պարագլուխներից մեկի` Մուստաֆա Նազիմ փաշայի դատական գործը վարող Գերագույն ռազմական դատարանի նախագահը որոշում կայացրեց հրապարակային դատավարություն անցկացնել, որի գրավոր հաշվետվությունը պետք է տպագրվեր մամուլում:
Հիմնական դատավարությունից առաջ և հետո ռազմական դատարանները Կ.Պոլիսում կազմակերպեցին մի շարք դատավարություններ` Յոզղաթի, Տրապիզոնի, Խարբերդի, Երզնկայի, Մոսուլի, Բաբերթի դատավարությունները, որոնցում քննության առնվեցին զանգվածային բնաջնջման թատերաբեմ դարձած նահանգները: Նրանցում մեղադրական վճիռներ կայացվեցին նախկին իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների հասցեին (oրինակ, Բեհաեդդին Շաքիր), իսկ ոմանք, ովքեր չէին հասցրել փախչել երկրից, մահապատժի ենթարկվեցին (oրինակ, Յոզղաթի կայմակամ Բողազլանը):
1919 թ. ապրիլի 26-ին բացվեց պատերազմի տարիների նախարարների և «Միություն և առաջադիմություն կուսակցության» պարագլուխների դատավարությունը:
Մեղադրական դատավճիռը կազմված էր 41 փաստաթղթից, որոնցում հստակ նշվում էր, որ Իթթիհադը նպատակ է ունեցել հայությանը բնաջնջել և այդ նպատակով օգտագործել է «Թեշքիլաթ-մահսուսեն» Հատուկ կազմակերպությանը, որը կազմած է եղել հատուկ ծրագիր` բանավոր կամ հրահանգների միջոցով հաղորդվող գաղտնի հրամաններով: Միանշանակ մերժվել էին այն փաստարկները, ըստ որոնց հայերի դեմ գործողությունները իրականացվել են հայերի դավաճանության կամ ապստամբության հետևանքով:
Մայիսի 3-ին Գերագույն զինվորական դատարանը տեղեկացրեց նոր փաստաթղթերի ստացման մասին, և մեղադրական եզրակացությունը վերանայվեց: Այն ստացավ շատ հստակ ձևակերպումներ. «Բռնի տեղահանությունները կանխորոշվել և հաստատվել էին Իթթիհադի կենտրոնական կոմիտեի կողմից, և դրա հետեւանքներն իրենց զգացնել էին տալիս Օսմանյան կայսրության բոլոր ծայրերում»: Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ բնաջնջվում էր մի ամբողջ ժողովուրդ: Հուլիսի 19-ին Գերագույն զինվորական դատարանը կայացրեց իր վճիռը.դատարանը նախկին ներքին գործերի նախարար Թալեաթին, նախկին ռազմական նախարար Էնվերին, նախկին ռազնածովային նախարար Ջեմալին ու «Հատուկ կազմակերպության» պարագլուխներից Նազիմին հեռակա կերպով մահապատժի դատապարտեց, երեք նախարարի` 15 տարվա տաժանակիր աշխատանքի, մյուս երկու մեղադրյալն արդարացվեցին:
Այսպիսով, թեեւ մեկ ու կես միլիոն մարդու սպանդը ներկայացվեց ընդամենը իբրեւ Իթթիադ վե-թերակկի կուսակցության մի փոքր խմբի կողմից իրականացված ոճիր, այնուհանդերձ կատարվածը չտեսնված երեւույթ էր Օսմանյան կայսրության համար, որն իր արյունալի պատմության ընթացքում առաջին անգամն էր դատապարտում իր իշխանության ներկայացուցիչներին քրիստոնյաների հանդեպ գործած ոճիրի համար:
Թուրքիան փաստորեն դարձավ այն պետությունը, որն առաջիններից մեկն ընդունեց կատարված սարսափելի սպանդը և պատիժ սահմանեց իրականացնողների համար:
Հենց այս դատավարությունն է, որ հսկայական վավերագրեր պահպանեց հետագա սերունդների, հետազոտողների և հենց թուրքերի համար, որոնք շուտով հրաժարվեցին մեղքը ընդունելուց: Սա կարևորագույն կետ է. դատավարությունն իրականացվեց ոչ թե վկայությունների, այլ փաստաթղթերի հիման վրա: Այս տեսակետից ամենակարևորը, թերևս, ոչ թե դատավճիռն էր, այլ ամբաստանագրին կցված 36 հեռագրերի բնօրինակները, որոնք հայոց ցեղասպանության անժխտելի վկայություններ են:
Հ.Գ. Այս դատավարությունը պետք է դառնար յուրատեսակ Նյուրնբերգյան դատավարություն երիտթուրքերի և ընդհանրապես բոլոր ոճրագործների համար, սակայն աշխարհի պետությունները նախընտրեցին ընդունել ոչ թե պատմական արդարությունը, այլ Թուրքիայի նոր բարձրացող ուժին` քեմալական շարժմանը, որը չեղյալ հայտարարեց Ստամբուլյան դատավարության արդյունքները:
Անգլիացիները Մալթայում գտնվող 118 բանտարկյալներին հետագայում սկսեցին օգտագործել քեմալականների կողմից գերված անգլիական գերիների հետ փոխանակման համար: Իսկ 1921թ. հոկտեմբերի 23-ին ստորագրվեց Ընդհանուր փոխանակման մասին համաձայնագիր և վերջին 53 թուրք բանտարկյալները հեռացան Մալթայից նոյեմբերի 1-ին: Իրենց իսկ` անգլիացիների խոստովանությամբ, նրանց թվում կարելի էր գտնել «ակնհայտ բնաջնջողների»:
Օգտագործված գրականություն
Y.Ternon. L’Etat criminal, Paris, 1995
J.Willis, Prologue to Nurenberg. The Policy and Diplomacy of Punishing War Criminals of the First World War, 1982
V.Dadrian, The Documentation of the World War I Armenian Massacres in the Preceeding of the Turkish Military Tribunal//International Journal of Middle East Studies, 23, 1991
V.Dadrian, The History of the Armenian Genocide, Provodence, 1995
Թեգեր` Թուրքիա, ցեղասպանություն












