Մինչև ե՞րբ…
Հային իր պատմական հայրենիքից դուրս մղելու, նրա ստեղծած մշակույթը ոչնչացնելու քաղաքականությունը Վրաստանում սկիզբ է առել դեռ անցած դարի 50-ականներից, քաղաքականություն, որ այժմ իրականացվում է պետական մակարդակով` վրաց հոգևոր դասի և պետական այրերի գործուն մասնակցությամբ:
Ազգային անբավարարվածությամբ տառապող վրացիներն այսօր հիմնահատակ քանդում ու ոչնչացնում են հայկական հուշարձանները , խաչքարերը, տապանաքարերից քերում-հանում հայատառ արձանագրությունները, վրացացնում հայկական եկեղեցիները, ինչն այլ այլ բան չէ, քան մշակութային հանցագործություն:
Դեռ չենք հասցրել Վրաստանի տարածքում մեր մշակութային արժեքների ավերը կանխել, կասեցնել դրանց յուրացումը, տեղեկատվություն ենք ստանում վրացական կողմի` հայ մշակութային արժեքների յուրացման մեկ այլ փաստի մասին. Թող տարօրինակ չթվա, բայց այս անգամ վրացիների ձեռքերը երկարեցին մինչև~ Արևմտյան Հայաստան:
Դեռևս սեպտեմբերի 7-ին armar-ը անդրադարձել էր վրացական «Ախալի տաոբա» թերթի տարածած տեղեկությանը, համաձայն որի` Վրաստանի «արվեստի 80 գործիչներ» «լուրջ առաքելությամբ» մեկնել էին պատմական Տայքի շրջան («Տաո-Կլարջետիի վրացիներն այդպես են անվանում հայոց պատմական Տայքը) իրենց «պատմական արմատները» փնտրելու` «վրացական եկեղեցական ճարտարապետության մարգարիտների» հետ ծանոթանալու: Վրացական թերթի հաղորդմամբ, այդ ծրագրի շրջանակներում նախատեսվում է վրացի ուխտագնացների ևս մի քանի խումբ ուղարկել «պատմական սրբավայրեր»: Բնականաբար, այս լուրը չէր կարող սպրդել մեր ուշադրությունից: Հարց է առաջանում. այդ ո՞ր ժողովրդի պատմական սրբավայրերում են իրենց «պատմական արմատները» քչփորում վրացիները և ո՞ր իրավունքով:
Այս փաստն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ վրացիները հստակ հավակնություններ են ներկայացնում Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող հայկական պատմական հուշարձանների նկատմամբ: Ինչպես ասում են, գողության սովոր ձեռքն անհնար է կանգնեցնել…
Ի դեպ, ուխտագնացությունը կազմակերպվել ու անցկացվում է Թբիլիսիի քաղաքապետարանի հովանավորոթյամբ, ինչը դարձյալ փաստում է, որ գործ ունենք վրաց իշխանությունների կողմից պետականորեն ծրագրված քաղաքականության հետ:
Խնդրով մտահոգ` դիմեցինք ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին` մեկնաբանություն ստանալու ակնկալիքով: Սակայն մեզ այլ «անակնկալ» էր սպասվում. պարզվեց, որ հիշյալ գերատեսչությունում այս ամենից անտեղյակ են : Եվ դա այն դեպքում, երբ նախօրդ օրն այս խնդրով մտահոգ` Հայկական ճարտարապետության ուսումնասիրության կազմակերպության ղեկավար Սամվել Կարապետյանը ասուլիս էր հրավիրել ու ահազանգ հնչեցրել: Ի պատասխան այս գերատեսչության անտեղյակությանը, պարոն Կարապետյանը «ԱրմԱր»-ի թղթակցին արձագանքեց. «պարզապես պետք է խուլ լինել հնչեցված ահազանգը չիմանալ-չլսելու համար»:
Այս ամենը կրկին խոսում է մեզանում համատարած դարձած մի սարսափելի հիվանդության գոյության մասին, որ կոչվում է ԱԶԳԱՅԻՆ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ: Այս չարիքի պատճառով է, որ զրկվել ենք մեր ունեցվածքին տեր կանգնելու գիտակցությունից, շարունակ կորուստներ ենք ունենում, անգամ դժվարանում պաշտպանել մեր հատուկենտ ձեռքբերումները… Մինչև ե՞րբ…
armarlur.com












