Հայաստանի հերթական մասնատո՞ւմ
Մեզանում մամուլի և հասարակության ակտիվ քննարկման նյութ է դարձել հայ-վրացական կամ, ավելի ճշգրիտ, ՀՀ-Վրաստան սահմանային վեճերի խնդիրը։ Այն որոշ դեպքերում հասարակական քննարկումների դաշտից տեղափոխվեց անգամ գիտական-ակադեմիական դաշտ, խնդրին արձագանքեցին նաև գիտնականներ, քարտեզագիրներ և այլն։
Սույն հոդվածի շրջանակներում անդրադառնալով խնդրի իրավական կողմին՝ բացահայտելու ենք մի շարք դրույթներ, որոնք մինչ օրս թյուրըմբռնումների տեղիք են տվել ոչ միայն հասարակական շրջանակների, այլ նաև քաղաքագետների ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մոտ։ Ի վիճակի չլինելով հաղթահարել անորոշությունը և չունենալով համապատասխան մասնագիտական պատրաստվածություն՝ սահմանագծման խնդրին առնչվող մի շարք ներկայացուցիչներ իրենց քայլերով ոչ միայն փոքրացնում են իրական Հայաստանի տարածքը, այլ նաև բախտի քմահաճույքին են մատնում իրենց իսկ ձեռքով սահմաններից դուրս թողնված մեր հայրենակիցներին։
Նախ անդրադառնանք այն հարցին, թե ո՞րն է այն հայ-վրացական պատմական-իրավական փաստաթուղթը, որը հիմք ընդունելով՝ մեր նորօրյա սերնդի ներկայացուցիչներն այդպես ակտիվորեն «գծում են» ՀՀ-Վրաստան սահմանը։ Հպանցիկ հայացք նետելով այսօրվա գծվող սահմանների՝ քիչ թե շատ «ավարտուն տեսք ունեցող» մասերին և լսելով մասնագետների հայտարարությունները՝ դժվար չէ կռահել, որ ներկա ՀՀ-Վրաստան պետական սահմանի սահմանագծման հիմքում ընկած է 1921թ. նոյեմբերի 6-ի թիֆլիսյան պայմանագիրը, որը կնքվել է Հայկական ՍՍՀ-ի և Վրացական ՍՍՀ-ի միջև, և որը ստորագրել են Հայաստանի Ժողկոմխորհրդի նախագահ Ալ. Մյասնիկյանն ու Վրաստանի Հեղկոմի նախագահ Բուդու Մդիվանին։
1921թ. նոյեմբերի 6-ի պայմանագիրը չունի իրավական ոչ մի ուժ՝ հաշվի առնելով հետևյալ անառարկելի իրողությունները.
Առաջին. գտնվելով ԽՍՀՄ պետության իրավասության ներքո` ՀԽՍՀ-ն և ՎԽՍՀ-ն երբեք չեն եղել միջազգային իրավունքի սուբյեկտներ, հետևաբար, վերջիններիս սահմանները, որոնք ներկայումս փաստացի գոյություն ունեն, երբեք չեն ունեցել միջազգային իրավական կարգավիճակ չեն ունեցել և չեն ճանաչվել ոչ մի երկրի կամ միջազգային կազմակերպության կողմից: Ավելին, այդ սահմաններն առաջացել են 1921թ. նոյեմբերի 6-ին, երբ այդ ժամանակ կնքված պայմանագրի երկու կողմերը չեն եղել միջազգային իրավունքի սուբյեկտներ և չեն ճանաչվել ոչ մի երկրի կողմից: Նրանք, բռնակցման ենթարկվելով միջազգայնորեն չճանաչված երրորդ երկրի` ՌՍՖՍՀ-ի կողմից, վերջինիս կուսակցական մարմինների 1921թ. հուլիսյան որոշումներով «բաշխել են» միմյանց միջև տարածքները և այդ հիմքի վրա մի քանի ամիս անց գծել սահմաններ:
Երկրորդ. անկախացած Վրաստանն ինքն է մերժել 1921թ. նոյեմբերի 6-ի՝ ՀՍՍՀ-ՎՍՍՀ սահմանային պայմանագիրը։ 1990-ականներին անկախացող ՎԽՍՀ Գերագույն Խորհուրդը իր 1990թ. մարտի 9-ի՝ «Վրաստանի սուվերենության պաշտպանության երաշխիքների մասին» որոշման մեջ Կարմիր բանակի 1921թ. մուտքը Վրաստանի տարածք անվանեց բռնակցում և զավթում: ՎԽՍՀ Գերագույն Խորհրդի հաջորդ քայլը 1990թ. հունիսի 20-ի որոշումն էր, որով վերջինս անօրինական ճանաչեց պետական այն բոլոր կառույցները և պայմանագրերը, որոնք ստեղծվել և կնքվել էին «Վրաստանի զավթումից»` խորհրդայնացումից հետո: Դրանով ուժը կորցրած հայտարարվեց նաև 1922թ. ԽՍՀՄ կազմավորման մասին պայմանագիրը:
Այս ամենը փաստում է այն իրողությունը, որ Վրաստանը, հրաժարվելով խորհրդային ժառանգությունից, մերժում էր նաև խորհրդային շրջանում առաջացած ինչպես վարչատարածքային կազմավորումները, այնպես էլ՝ սահմանային ձևավորումները։
Երրորդ. ներկայումս գոյություն չունեն ոչ պայմանագիրը կնքող պետությունները, ոչ էլ վերջիններիս իրավահաջորդող որևէ այլ պետական կազմավորում։ Անկախանալով՝ Վրաստանը լիովին իրավահաջորդ դարձավ ոչ թե խորհրդային, այլ 1918-1921թթ. դեմոկրատական հանրապետության, և մինչ 1995թ. օգոստոսի 24-ի նոր սահմանադրության ընդունումը Վրաստանում գործում էր 1921թ. փետրվարի 21-ի սահմանադրությունը։ Փաստորեն, այն ընդունված էր Վրաստանի Դեմոկրատական հանրապետության օրոք։ ՀՀ-ն նույնպես իրավահաջորդն է 1918թ. առաջին հանրապետության, չնայած մինչ նորանկախ պետությունը 1995թ. կընդուներ իր նոր սահմանադրությունը, երկրում գործում էր 1975թ. ՀԽՍՀ սահմանադրությունը։ Հետևաբար, ներկայումս աշխարհում չկա մի պետություն, որը ճանաչի, և որի համար իրավական ուժ ունենա 1921թ. նոյեմբերի 6-ի հայ-վրացական այսպես կոչված սահմանագծման մասին պայմանագիրը։
1921թ. նոյեմբերի 6-ի պայմանագիրը այսօր իրավական ուժ չունի։ Եթե մենք այսօր մերժում ենք, օրինակ, 1921թ. հոկտեմբերի 13-ին Կարսում «վավերացված» հայ-թուրքական սահմանը, ապա ի՞նչ տրամաբանությամբ ենք ընդունում նույն պայմաններում և ընդամենը երեքուկես շաբաթ անց կնքված համանման սահմանագծման մի պայմանագիր։
Ո՞րն է այն իրավական փաստաթուղթը, որի վրա հենվելով միայն հարկավոր է իրականացնել ներկա հայ-վրացական սահմանագծումը։ Այն «թաքնված է» 1919-1920թթ. Փարիզի վեհաժողովի մեջ։ Վկայակոչենք 1920թ. օգոստոսի 10-ին ընդունված Սևրի պայմանագրի 92-րդ հոդվածը. «Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները կորոշվեն շահագրգռված պետություների ընդհանուր համաձայնությամբ։
Երբ 89-րդ հոդվածում նախատեսված որոշումն արդեն ընդունված կլինի և եթե դրանից հետո այս կամ այն շահագրգռված պետությունները չեն կարողանա ընդհանուր համաձայնությամբ որոշել իրենց սահմանագիծը, վերջինս կորոշեն Գլխավոր դաշնակից տերությունները, որոնք դրա հետ միասին պետք է հոգ տանեն սահմանազատումը տեղում գծանշելու մասին» (ՀՄԴ և ՍԱՔՓ, Ե., 1972, էջ՝ 677)։ Սույն փաստաթուղթը ստորագրել են 18 երկրներ։
Նախքան պայմանագրի ստորագրումը Փարիզի վեհաժողովն իր 1920թ. փետրվարի 24-ի՝ «Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի առաջարկների զեկույցում», որն ստորագրել են Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչները, հայտարարում է. «Ինչ վերաբերում է Հայաստանի պետության և Վրաստանի, ինչպես նաև Ադրբեջանի սահմանին, ապա Հանձնաժողովը գտնում է, որ ներկայումս նախընտրելի է սպասել վերոնշյալ սահմանների հստակեցման վերաբերյալ այնպիսի համաձայնության արդյունքներին, որոնց երեք հանրապետություններն իրենք կհանգեն պայմանագրերի մեջ։
Այն դեպքում, եթե սույն հանրապետություններն իրենց սահմանների վերաբերյալ չեն հանգի որևէ համաձայնության, ապա հարցը պետք է փոխանցվի Ազգերի լիգայի իրավասությանը, որը կստեղծի միջդաշնակցային հանձնաժողով՝ տեղում որոշելու վերոնշյալ սահմանները՝ հաշվի առնելով, որպես սկզբունք, ազգագրական տվյալները»։ Սույն փաստաթուղթն ընդգրկվել է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի` 1920թ. նոյեմբերի 22-ի իրավարար վճռի Ամբողջական զեկույցի մեջ՝ որպես 1-ին հավելվածի 2-րդ փաստաթուղթ (Պապյան Ա., Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները, Ե., 2007, էջ 61)։
Սույն փաստաթուղթը (զեկույց-առաջարկը), որի գոյությանը, փաստորեն, բացի Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից և Ճապոնիայից, իրավական ուժ է հաղորդել նաև ԱՄՆ-ը, Հայաստանի և Վրաստանի սահմանազատման պատմության մեջ միակ իրավական ուժ ունեցող փաստաթուղթն է, որի ստեղծման պահին գոյություն ունեցած անկախ պետությունների (Հայաստանի Հանրապետություն և Վրաստանի Դեմոկրատական հանրապետություն) օրինական ժառանգորդներն են համարում իրենց ներկա ՀՀ-ն և Վրաստանը։
Սույն փաստաթղթի գոյության պայմաններում է ԱՄՆ-ը 1920թ. ապրիլի 23-ին ճանաչել Հայաստանի առաջին Հանրապետության անկախությունն՝ ի տարբերություն Վրաստանի, որի առաջին հանրապետության անկախությունն այդպես էլ չճանաչվեց ԱՄՆ-ի կողմից (ԱՄՆ-ը չի ճանաչել նաև Ադրբեջանի առաջին հանրապետության անկախությունը)։
Չնայած նորանկախ երկու պետությունները՝ ՀՀ-ն և Վրաստանը, 1990-ականների սկզբներին ճանաչել են միմյանց անկախությունը և տարածքային ամբողջականությունը, սակայն մինչ այժմ չկա իրավական վճիռ ունեցող մի փաստաթուղթ, որը կմատնանշեր ճշգրտված սահմանագծումների արդյունքում երկկողմանի ճանաչված սահմանների մասին։
Հետևաբար, եթե նորանկախ երկու պետությունները՝ ՀՀ-ն և Վրաստանը, մինչ այսօր չեն կարողացել իրականացնել սահմանազատման աշխատանքները՝ չխախտելով արդարությունը, ապա անհրաժեշտ է, որ ներկա ՀՀ-Վրաստան սահմանազատման հարցը դրվի Ազգերի լիգային իրավահաջորդ կազմակերպության՝ ՄԱԿ-ի և մասնավորաբար՝ վերջինիս Անվտանգության խորհրդի քննարկման։ Իսկ վերջինս իր հերթին պարտավոր է սահմանազատումն իրականացնել ազգագրական այն պատկերի հիմքով, որը գոյություն ուներ 1920թ. աշնանը։ Այս հիմքով՝ ներկայիս հայաբնակ Սամցխե-Ջավախք-Ծալկայի և սահմանագծման ժամանակ քաշքշուկի մեջ հայտնված Հյուսիսային Լոռու հայկական և հայաթափ բոլոր բնակավայրերը կմնան ՀՀ կազմում։ Հատուկ նշում ենք «հայաթափ» բառը, քանի որ ողջ նախախորհրդային, խորհրդային և հետխորհրդային շրջանում Վրաստանը Սամցխե-Ջավախք-Ծալկայի և Հյուսիսային Լոռու տարածքում իրականացրել է հայաթափման քաղաքականություն, և 1920թ. աշնանը հայապատկան այս գավառներում պատկերը բոլորովին այլ էր, քան ներկայում։ Իսկ նույն գավառներում խորհրդային և հետագա շրջանում ավելացած վրացական (Սամցխե-Ջավախք-Ծալկա) և մահմեդական (Հյուսիսային Լոռի) տարրը չի կարող նշանակություն ունենալ ներկա սահմանագծման համար։
Մի հետաքրքրական հանգամանք ևս։ Վերջին օրերին շրջանառության մեջ դրվեց հայ-վրացական սահմանազատման վերաբերյալ պայմանագրի կնքման բոլորովին անհեթեթ մի թվական՝ 1942։ Հայ քաղաքագետների և գիտնականների (պրոֆեսոր Ա.Ա.Մելքոնյան) կողմից այն արագորեն և հիմնավորաբար մերժվեց։ Սակայն զարմանալին ու ցավալին այն է, որ հայ հասարակությունը չնայած հավատաց այս թվականի անհեթեթությանը, այնուամենայնիվ (գոնե վերջինիս քիչ թե շատ գիտակ մասը) հակվեց և հավատաց մյուս անհեթեթությանը՝ 1921թ. նոյեմբերի 6-ի պայմանագրին ։
Եզրակացություններ.
- Այն սահմանագծումները, որոնք կատարվում են ներկայիս ՀՀ-Վրաստան հատվածում, չեն կարող ունենալ իրավական ուժ, քանի որ վերջիններս հիմնված են իրավական ուժը վաղուց կորցրած պայմանագրի, ինչպես նաև այդ պայմանագրով գծված և երկրներից մեկի՝ Վրաստանի կողմից մերժված, իսկ մյուսի՝ ՀՀ-ի կողմից երբեք չհաստատված սահմանների վրա։
- Սահմանագծման բոլոր այն քաշքշուկները, որոնք ներկայում տեղի են ունենում «սահմանի» այս կամ այն կողմում մնացած հայ բնակչության ընդվզումների հետևանքով, ինչպես պատմական արդարությունը, այնպես էլ միջազգային իրավունքի նորմերը կոպտորեն խախտելու արդյունք են։ Այդ քաշքշուկներն ու հայ բնակչության արդարացի բողոքի ձայնը չի լռելու այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում են այդպիսի խախտումները։
- Ուշացումով, բայց անհրաժեշտ է, որ դադարեցվեն ՀՀ-Վրաստան, այսպես կոչված, «սահմանազատման» աշխատանքները, որոնք ոչ այլ ինչ են, քան տգիտության ու հայրենիքի շահը կենցաղայինին ստորադասելու դրսևորումներ։ Այդ տգիտության արդյունքում այսօր և առհավետ մասնատվելու է ինչպես Հայաստանը, այնպես էլ արդեն հազարամյակներ ի վեր ապրող հայ ժողովուրդը։
- ՀՀ-Վրաստան սահմանագծումը պետք է իրականացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ հաշվի առնելով 1920թ. աշնանը առկա ազգագրական տեղաբաշխումները։
Վահե ՍԱՐԳՍՅԱՆ
«Միտք» վերլուծական կենտրոն












