Աշխարհաքաղաքական ընկալումներ՝ գրական շեղումներով
<Հազարամյակ մը մեզմե առաջ…» Լևոն Շանթի «Հին աստվածներ»–ից վերցված այս խոսքերը, բացի խորհրդապաշտական դրամայի գործողությունների ժամանակը բնորոշելուց, բազմաթիվ զուգահեռներ էլ է առաջացնում։ Մասնավորապես՝ մեկ-մեկուկես 1000–ամյակ առաջ էր, որ մեր աշխարհն ասպատակեցին Կասպիականի այնկողմից ներխուժած թուրքական քոչվոր ցեղերը։ Ասում են` երբ 640թ. այստեղ առաջին անգամ տեսել են թուրք ասպատակներին, մարդիկ սարսափել են նրանց վայրենի դեմքերից ու դաժան բարքերից… Շանթի դրամայի հետ այլ զուգահեռներ ևս կարելի է բերել։ Հիշենք՝ Վանահոր ու Աբեղայի անհաշտ վեճը մարդկային էության երկու կողմերի՝ սրտի ու մտքի աշխարհի փոխհարաբերության, ինչպես նաև իրեն տրված երկրային կյանքը այդ երկուսի համարժեք «չափաբաժնով» ապրելու շուրջն է։
Իհարկե, բնական հարց կարող է ծագել, թե ինչ զուգահեռներ կարող են լինել թուրքական ցեղերի ներխուժման և մարդկային էության շանթյան մեկնաբանության միջև։ Նման անհաշտ երկընտրանք աշխարհում առաջացել է նաև բնիկ ժողովուդների իրավունքների ու հեռուներից «անաշխատ եկամուտներով» հարստանալու նպատակով բնիկների երկիրը ներխուժած եկվորների հավակնությունների շուրջը։ Իսկ հազարամյակը ոչ միայն չի մեղմել երկընտրանքի անհաշտությունը, այլև հայտնի անբուժելի ախտի նման՝ մետաստազներ է տվել։ Այսօր այն, միջուկային ու տեխնոլոգիական զենքերից էլ արագ, սպառնում է մոլորակի վրա մարդ արարածի կյանքը դարձնել իսկական մղձավանջ։ Մանավանդ՝ արդեն դժվար է տեղայնացնել այս կամ այն երեևույթը. համապարփակեցումը, որ առավել հայտնի է «գլոբալացում» անունով, երկրագնդի վրա այս տեսանկյունից ծածուկ անկյուններ գրեթե չի թողել…
Իսկ հունիսի 26-ին Չինաստանում թրքալեզու մահմեդական ույղուրների ապստամբության ու պետական մակարդակով այն ճնշելու դեմ Թուրքիայի կոշտ արձագանքի նախադեպը առավել քան հաստատում է, որ անբուժելի հիվանդությունը շարունակում է տարածել ճանկերը։ Բռնկված ազգամիջյան բախումը, սակայն, մեզ համար միանգամայն այլ դիտանկյուն էլ է բացում։ Կամ էլ՝ բաղցվածքն է մեծացնում, կարևորը դա չէ։ Կարևորն այն է, որ Թուրքիայի արձագանքը վերստին ցույց տվեց՝ թուրքերը մեր տարածաշրջանում ոչ միայն պետություն չպետք է ունենային, այլև այնտեղ ստեղծված քաղաքակրթության ակունքներից իրենց սերումի մասին ծպտուն անգամ չպետք է հանեին։ Այնինչ ամենաբարձր գոռացողը հենց նրանք են։ «Արջն իր ահից է գոռում»՝ եզրակացրել է ժողովրդական իմաստությունը։ Ո՞ւմ ահից է հիմա Թուրքիան ձայնը գլուխը գցած՝ պահանջում, որ իր ցեղակիցներին… ցեղասպանության չենթարկեն։ Սեփական արշինով չափելու գործելակե՞րպն է արտահայտվել, թե ինքն ավելի բարձր է գոռում, որ լռեցնի գործած ոճրին ոչ համարժեք, բայց այնուամենայնիվ՝ հնչող մեղադրանքի ձայները։ Ու մանավանդ՝ գոռում է այն մասին, որ իր ցեղի ծագման ու կայացման միջավայրը շատ հեռու է այն տարածքից, որտեղ այսօր ապրում ու պետությունների տեր են դարձել։
Զարմանալին, սակայն, սա էլ չէ։ Տրամաբանությունից վեր է աշխարհի «մեծերի» անհասկացողությունը։ Տարիներ առաջ Միջին Ասիայում էլ Թուրքիայի առաջին դեմքը հայտարարեց, թե եկել է նախնիների հայրենիք։ Պարզ ու մեկին խոստովանեց, որ Անատոլիայում ու հարակից շրջաններում իրենք եկվոր են։ Իսկ պատմական տարրական հիշողությունն էլ հավաստում է, որ եկել են մարդկության պատմության մի փոքրիկ ժամանակահատված առաջ՝ որպես անջնջելի հետք թողնելով անմարդկային բռնությունների, քաղաքակիրթ բնիկներին ոչնչացնելու անհաշիվ դեպքեր, սեփական ես–ը արյան ու արցունքների օվկիանոսի ալիքներին հաստատելու իրողություն։ Ույղուրների դեպքն էլ վերահաստատեց դա։
Ադրբեջանից հնչում են «կարծիքներ», թե հայերն արդեն մեկ պետության մեջ ինքնորոշվել են, և Արցախն, ուրեմն, իրենց պետք է մնա։ Իսկ թուրքե՞րը քանի պետության մեջ են ինքնորոշվել։ Այն էլ՝ ոչ թե իրենց բնիկ հայրենիքում (քոչվոր էին, չէ՞), այլ երկրագնդի վրա որտեղ որ կարողացել են։ Երկրագնդի թեժ կետերից քանի՞սն է, որ հենց թուրքերը չեն սադրել։ Դե, եթե Ադրբեջանը Թուրքիայի կրտսեր եղբայրն է, ուրեմն թուրքերը վաղուց արդեն ինքնորոշվել են, և պետք է թողնեն տարածքը հազարամյակներ շարունակ այդ հողը շենացրած ժողովուրներին ու գնան՝ բնակվելու Թուրքիայի այն մասում, որի նկատմամբ այսօր ապրող ազգերից ոչ մեկը ծագումնաբանական, պատմական, քաղաքակրթական… իրավունքներ չունի։ Եթե, իհարկե Թուրքիայի զբաղեցրած տարածքում այդպիսի հողակտոր կա: Կամ էլ, եթե ուզում են, հաստատվեն միջինասիական անապատներում, որտեղից մի ժամանակ եկել են։ Հենց այնտեղ էլ թող իրականություն դարձնեն իրենց «մեկ ազգ, երկու պետություն» բանաձևը: Իսկ մենք էլ, որ այսօր այդ սկզբունքով ենք մեր հայրենի հողի մի հատվածի վրա ապրում, կփորձենք նորից արտածել «մեկ ազգ, մեկ պետություն» բանաձևը:
Այս ամենի համապատկերին գծագրվում է մեկ այլ իրողություն. օրեցօր առավել հաստատուն հիմնավորումներ են ի հայտ գալիս, որ հնդեվրապացիների հնագույն նախահայրենիքը համընկնում է նրանցից հնագույններից մեկի՝ հայերիս պատմական հայրենիքին։ Իսկ աշխարհի բախտը վճռող արևմտյան և արևելյան շատ տերություններ ունե՞ն այն գիտակցությունը, որ իրենք էլ հնդեվրոպացի են… Ժամանակին այս հողի վրա ցեղային ինքնագիտակցություն ստացած և այստեղ իսկ ստեղծված ժամանակի տեխնիակական մեծ հնարավորությամբ՝ անվավոր սայլով, նախապես աշխարհով մեկ ցրված հնդեվրապացիները մտածո՞ւմ են, արդյոք, որ նախնիների հայրենիքն են, ժողովրդական խոսոքով ասած, շան բերանը նետում։ Թուրքերը միայն «հազարամյակ մը մեզմե առաջ են» լքել իրենց «հայրենիքը», ու այսօր շատ սուր են արձագանքում այնտեղի հետ կապված իրադարձություններին։ Իսկ «էշի ականջում քնած» հնդեվրոպացիները, ըստ էության, արդեն վաղուց չեն լսում «ցեղի» ձայնը… Նույնիսկ մեզ սահմանակից ու ցեղակից Իրանը, որի անունը հենց արիան՝ արիների (հնդեվրոպացիների) երկիր բառից է ծագում, և, ըստ էության, նախահայրենիքի մի մասն է, կարծես իսպառ մոռացել է այս ընդհանրությունն ու արտաքին դրսևորումներում հիմնականում հավատակից թուրքերին է պաշտպանում…
Շուրջ 30 տարի առաջ ֆրանսիացի գրող Պիեռ Բուլի «Կապիկների մոլորակը» վիպակն ընթերցելուց հետո ես ու եղբայրս միաժամանակ նույն եզրակացության եկանք. այս գրքի այլաբանությունը դրսևորվում է մտահոգության մեջ, թե մի օր Երկրի տերերը կդառնան ամեն գնով բազմացող, մոլորակի բոլոր անկյուններն իրենցով լցնող, դարերով ուրիշների ստեղծածն անվարան սեփականը հայտարարող ու այլամերժ թուրքերը… Իսկ օրերս այս մտքերը հաստատող բոլորովին թարմ արձագանքներ գտա համացանցում։ ԱԼԻՍ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ ստորագրությամբ հոդվածում այսպիսի տողեր կան. «Դեռ յաջորդելու են ապագայ տասնամեակները, քսանամեակները եւ ըստ Վահագն Գրիգորեանի ասքապատումի՝ Պիէր Բուլի «Կապիկների մոլորակ»-ի օրինակով Եւրոպան դառնալու է թուրքերի հայրենիքը, իսկ թուրքը՝ Եւրոպայի տիրակալ…»։ Հրապարակի վրա են նաև հունգարուհի կույր Վանգայի գուշակությունները, որոնք խոսում են արդեն 2043թ. Եվրոպայում մուսուլմանների տիրապետության մասին…
Իհարկե, գուշակություններին հետևելով չէ, որ միջազգային ատյաննրում կամ ծանրակշիռ պետությունների կառավարող շրջաններում վճիռներ են ընդունվում։ Սակայն արժեր, չէ՞, սեփական քթից այն կողմ նայել՝ մոլորակի՝ իրենց ձեռքում հայտված ճակատագիրը հօգուտ օգտապաշտների չլուծելու համար…. Թե չէ՝ միմյանց հետ հաղորդակցվելով մի լեզվով, որի ակունքները, կենդանի բառերը, դրանք փաստող իրողությունները կան կամ անջնջելի հետքեր են թողել հենց մեր հողում, ու կեղծ փաստարկներով այդ հողը խլել արյան գնով այն պաշտպանող բնիկ հայերից, տալ միջինասիական անապատներից մորեխի մնան ներխուժած ցեղերի հետնորդներին… Որտե՞ղ է տրամաբանությունը, խելքը, մարդկայնությունը, հեռատեսությունը… Եվ մանավանդ՝ հեռատեսությունը։ Մի անգամ արդեն հայությունն իրենով պատնեշել է թուրքերի արշավը դեպի Եվրեպայի խորքերն ու, ըստ էության, փրկել։ Հիմա պատմական Հայաստանի Արցախ աշխարհը ևս տալով` ի՞նչ է շահում Եվրոպան։ Իսկ որ այսօր հայերի վերահսկողության ներքո գտնվող տարածքներից թեկուզ մեկ թիզ էլ վերստին գերի հանձնվի Ադրբեջանին, կդառնա Հայաստանի կործանման պատճառ, թուրքերի ծավալապաշտությանը տեղյակ քչերն են կասկածում։
Շանթյան երկընտրանքը դրամայում լուծվեց առաջին անգամ աշխարհիկ կյանքի հետ դեմհանդիման դուրս եկած Աբեղայի մահով, որը, ըստ էության, դարձավ Վանահոր մտածողության, գաղափարների զոհը։ Իսկ նա մտածում էր, որ միայն աշխարհիկ կյանքից հրաժարվելով, կյանքի ամենաբազմազան կողմերը մարմնավորող հին աստվածների դեմ անհաշտ պայքարով, մարդկային պարզ հարաբերությունները մերժելով է հնարավոր հասնել աստվածային էության հետ հաղորդակցության ու որպես անձնական շահ՝ անմահության։ Այսինքն՝ կոտրելով մարդուն թռիչքի հնարավորություն տվող սրտի թևերը, փոխարենը զորացնելով միայն մտքի թևը։ Այդ ո՞ր թռչունն է ի զորու թռչել միայն մեկ թևով, որքան էլ այդ մեկը զորավոր լինի…
21–րդ դարի Երկրագունդը ազգերի ու ժողովուրդների խառնարան է, որտեղ ամեն ինչ խառնվել է իրար։ Սակայն, իհարկե, ոչ այնքան, որ բնիկն ու եկվորը նկատելի չլինեն։ Ու հատկապես՝ նկատելի չլինեն այն բնիկները, որոնք իրենց հողում հզոր պետություն են ունեցել և ունեն, մշակույթի խոր հետքեր են թողել, այսօր էլ ապրում ու շենացնում են այդ հողը կամ նրա մի մասը։
Կարծիքներ են հնչել, թե Արևմտյան Հայաստանի տարածքում, որտեղ ժամանակին մարդու միտքն ու ստեղծագործ ձեռքը ծաղկեցրել են կյանքը, այսօր մեր ժամանակների գրեթե ամենահետամնաց բնակավայրերն են տարածվում։ Այս դեպքում էլ երկընտրանքի միակողմանի լուծումը Երկրագնդի արժեքավոր անկյուններց մեկն է կիսամեռ արել։ Ի՞նչ է սպասում Հայաստանին ու Արցախին, եթե կարծրացած ուղեղները չթարմանան թարմ մտքերով, դժվար չէ կանխատեսել… Ի՞նչ է սպասում ամբո՛ղջ երկրագնդին։
ArmAr.am












