Ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան
Ադրբեջանը հեղինակազրկում է ինքն իրեն
Սեպտեմբերի 10-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, իբր ԼՂՀ Աղդամի շրջանում ադրբեջանական և արցախյան բանակների ստորաբաժանումների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում 5 հայ զինծառայողներ զոհվել են: Այս տեղեկատվությանը որոշակի ճշմարտացիություն հաղորդելու նպատակով ադրբեջանական ԶԼՄ-ները նշել են, թե իրենց կողմից փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է միայն շարքային Պյարվիզ Յուսիֆովը:
ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սիմոն Հասրաթյանն armarlur.com կայքի թղթակցին այս առիթով արդեն իսկ հայտնել է, որ այդ լուրն ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական մեքենայությունն է և ամենևին չի համապատասխանում իրականությանը: Եվ ահա, իրենց իսկ ձեռքով հյուսած ստի մեջ բռնված ադրբեջանցիները որոշում են մեկ այլ տարբերակով հասնել այդ կեղծիքի տարածմանը, այս անգամ արդեն հորինելով «անհերքելի փաստեր»:
Այսպես. երեկ ադրբեջանական Vesti.az կայքը հրապարակեց` իբր թե սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած փոխհրաձգության զոհ դարձած հայ զինվորի լուսանկարը: Մինչդեռ ադրբեջանցիների հերթական էժանագին հնարքը դարձյալ ձախողման էր դատապարտված. հայ բլոգերները միանգամից բացահայտեցին, որ ադրբեջանցիների ներկայացրած «զոհված հայ զինվորը» իրականում ոչ թե հայ, այլ վրացի սպա է, որը զոհվել է 2008 թվականի օգոստոսին` ռուս-վրացական պատերազմի ընթացքում: Համացանցի հայ օգտագործողները միանգամից բացահայտեցին նաև լուսանկարի սկզբնական աղբյուրը` ՌԴ Կոմկուսի պաշտոնական կայքի ֆոտոռեպորտաժի բաժին:
Հերթական քարոզչական ակտը ձախողած ադրբեջանական լրատվամիջոցը ստիպված եղավ միանգամից փոխել կայքում տեղադրված նկարը: Այժմ Vesti.az-ում «սպանված հայ զինվորի» փոխարեն տեղադրել են հայ նշանառուների լուսանկարներ:
Ադրբեջանական քարոզչական մեքենայի այս էժանագին հնարքը կարելի էր աչքաթող անել, եթե չլիներ մեկ այլ հանգամանք: Բանն այն է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուն զանգահարել է ադրբեջանցի իր գործընկերոջն ու ափսոսանք հայտնել ադրբեջանա-արցախյան սահմանում տեղի ունեցած այդ միջադեպի կապակցությամբ: Կնշանակի, որ այս ապատեղեկատվության հեղինակները ոչ թե Ադրբեջանի ԶԼՄ-ներն են, այլ պաշտոնական Բաքուն և Անկարան: Պարզապես, ադրբեջանցի լրագրողները ձախողել են իրենց ղեկավարների հերթական հանձնարարականը` խայտառակելով թե’ իրենց լրագրողական պատիվը, և թե’ հեղինակազրկելով երկու թուրքական պետություններին:
armarlur.com












