Այսօր երեկոյան ժամը 17.00-ին Հայ Առաքելական եկեղեցիներում կմատուցվի նախատոնական պատարագ
Խաչվերացը աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է
Այսօր երեկոյան ժամը 17.00-ին Հայ Առաքելական եկեղեցիներում կմատուցվի նախատոնական պատարագ, քանի որ վաղը հինգ տաղավար տոներից վերջինը` Խաչվերացն է:
Խաչվերացի տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի: Ընդհանուր առմամբ` Խաչվերացը կամ «Սըրբխեչը», աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը, կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն, ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքն է, առանց որի տոնը լիարժեք չի կարող լինել:
Շատ տեղերում Խաչվերացը`«Սըրբխեչը» ընկալում են որպես աշնանամուտ: Ինչպես ասում էին քեսապցիները` «Խաչ, վերմակը առ, ներս փախիր»,- այսինքն` տան բացօթյա հատվածում գիշերողներն այդուհետ տանն են գիշերելու:
Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը հայոց եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:
Ա.Կ.
Թեգեր` Հայ Առաքելական եկեղեցի












