Թուրքերը պետք է ճանաչեն Ցեղասպանությունը, հետո մտածեն առաջընթացի մասին
Հարցազրույց գրաքննադատ, արձակագիր, հրապարակախոս Ալեքսանդր Թոփչյանի հետ
– Օգոստոսի 31-ին Հայաստանի և Թուրքիայի նախագահների միջև նախաստորագրված արձանագրությունը, ըստ Ձեզ, ի՞նչ ենթատեքստեր ունի:
– Նախ, պետք է ասեմ, որ ես հավատում եմ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հնչեցրած այն խոսքերին, որ մեր իշխանությունը ոչինչ չի անի մեր երկրի, մեր ժողովրդի շահերի դեմ: Կա մի ավելի կարևոր բան. Ընդհանրապես, երկրների միջև ստորագրվող միջպետական փաստաթղթերն, ըստ էության, ոչինչ են: Օրինակ, Կիպրոսի, Պաղեստինի, Իրաքի խնդիրների առնչությամբ ևս բազմաթիվ փաստաթղթեր են ստորագրվել, սակայն դրանց արդյունքում ոչինչ չի փոխվել և դրանք մնացել են լոկ որպես բարի ցանկության արտահայտություն: Այնպես որ, նաև այս փաստաթուղթն ինձ շատ չի վախեցնում:
– Բայց դրանով հանդերձ, դիվանագիտական լուրջ աշխատանքի անհրաժեշտություն կա: Ձեր կարծիքով, մեր դիվանագետները թուրքերի հետ բանակցություններ սկսելուց առաջ սերտե՞լ են անցյալի դասերը:
– Անգլիական վիճակ է, երբ երկու հարևաններ իրար հետ հարաբերություններ չունեն, բայց դիվանագիտական այնպիսի ճարպիկ լեզու է մշակվում, որ, ըստ էության, ոչինչ չեն ասում և ոչ մի պարտավորություն չեն ստանձնում: Հիմա շատ բան կախված է մեր դիվանագիտական ճկունությունից ու կամքից, իսկ թուրքերը նման հարցերում վարպետ են, հարյուրամյակների փորձ ունեն: Բացի այդ շատ կարևոր է ժողովրդի դերակատարությունը: Մտածում էի, թե ժողովուրդը հուսալքվել է և անտարբեր է ամեն ինչի հանդեպ, բայց այդպես չէ. տեսնում եմ, որ ժողովրդի մեջ հասունանում է զգուշավոր դժգոհություն, ու եթե մեր իշխանությունները ստորագրեն մի փաստաթուղթ, որին համաձայն չի լինի ժողովուրդը, ապա վերջինս անպայման ընդվզելու է:
– Հայաստանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի հետ բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների: Արձանագրության մեջ հայոց ցեղասպանության ճանաչման մասին չհիշատակելն արդյո՞ք իրատեսության դրսևորում է:
– Կարծում եմ, որ հիմա անխոհեմ կլինի վերհանել այդ եզրաբանությունը և հարցերն իրար խառնել: Անշուշտ, շատ անբնական քայլ է Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանությունը չճանաչելը, և այդ անբնական քայլին գումարվել է Հայաստանի հետ սահմանի փակման տխմարագույն քայլը: Ու չնայած Թուրքիայի այդ քայլին` Հայաստանն ապացուցեց, որ նրանք, սահմանը փակելով, ըստ էության որևէ վնաս չհասցրեցին մեզ: Հայաստանն ապացուցեց, որ կարող է երկու, երբեմն` երեք կողմից փակված սահմաններով շարունակել իր տնտեսության բնականոն զարգացումը: Թուրքերի նպատակն էր թուլացնել Հայաստանը, սակայն նրանք իրենց նպատակին չհասան: Սահման փակելը միջպետական հանցագործություն է: Ժամանակին Ֆրանսիայի հանդեպ այդպիսի քայլ կատարեց Անգլիան, որն առաջացրեց տարբեր պետությունների զայրույթը: Այսօր թուրքերն իրենք են սկսել խոսել Ցեղասպանության մասին, գրքեր են տպագրում, մամուլում հոդվածներ են հրապարակվում, ֆիլմեր են նկարահանվում, մի խոսքով, իրենց մոտ շարժում է սկսվել:
– Ձեր կարծիքով, պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկը պե՞տք է ընդունի հայկական կողմը:
– Պատմաբանների հանձնաժողով ստեղծելու գաղափարն արդեն իսկ անհեթեթ է, ու նման հանձնաժողովն ուղղակի ծիծաղի առարկա կդառնա: Ի՞նչ է դա նշանակում. պատմաբանների երկու թիմեր պետք է սկսեն քննարկել` Ցեղասպանությունը եղել է, թե չի եղե՞լ: Աշխարհում վաղուց հարյուրավոր ուսումնասիրություններ են արվել ու շարունակում են կատարվել, որոնք արձանագրում են , որ բացի մարդկային կորստից` Հայոց Եղեռնի հետևանքով որքան մշակութային, բարոյահոգեբանական, ֆինանսական և այլ կորուստներ է կրել հայ ժողովուրդը: Մինչև Թուրքիան այս ամենը չհասկանա և չճանաչի Հայոց Ցեղասպանությունը, որպես պետություն` չի կարող առաջ ընթանալ:
Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ
Թեգեր` Ալեքսանդր Թոփչյան, Թուրքիա, Հայաստան












