Թույլ տվեք գոնե մահվանից հետո վերադառնալ
«Յուրաքանչյուր մարդ, եթե նույնիսկ զրկված է իր հայրենի հողում ապրելու իրավունքից, ապա գոնե պետք է իրավունք ունենա թաղվել այնտեղ: Մինչդեռ մենք` հայերս, զրկված ենք նաև այդ իրավունքից»: Օգոստոսի 8-ին Հունաստանում իր մահկանացուն կնքած հայազգի հայտնի երգիչ Արամ Տիգրանն իր կտակում ցանկություն էր հայտնել` հուղարկավորվել իր նախնիների քաղաք Տիգրանակերտի (ներկայումս` Դիարբեքիր) հայկական գերեզմանատանը: Սակայն երգչի ընտանիքը, որը դիմել էր Թուրքիայի կառավարությանը թույլտվություն ստանալու համար, մերժում ստացավ: Թուրքական կառավարության այս անօրինական քայլը ստիպեց Թուրքիայի հայերին բաց նամակով դիմել վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին: Նամակում գրված է. «Պետք է թույլ տալ, որ մարդիկ ծնվեն իրենց հողում, մահանան և թաղվեն այնտեղ: Յուրաքանչյուր մարդու համար` լինի դա հայ, քուրդ, հույն թե թուրք, ով կարող է ապացուցել Թուրքիայի հետ կապված իր արմատները, պետք է գործի թուրքական քաղաքացիության իրավունքը»: Այլ կերպ ասած, դա հնարավորութուն կտա ցանկացողներին թաղվել իրենց պապերի հողում, ինչն այդպես էլ թույլ չտրվեց Արամ Տիգրանին:
Նամակում թուրքահայերը վարչապետին ակնարկել են, որ իրենք աջակցում են նրան` վերջին ժամանակաշրջանում նրա կողմից սկսված ժողովրդավարացման գործընթացին` շեշտելով, որ 36 լեզուներով խոսող բնակչություն ունեցող երկրում նման բարեփոխումներն անհրաժեշտություն են: Սակայն միաժամանակ հիշեցրել են, որ Թուրքիայի ազգային փոքրամասնությունները շատ խնդիրներ ունեն: Նրանք գրել են. «Պետք է հարգվի մահացողի կամքը, պետք է հարգել և թույլ տալ, որ մարդիկ թաղվեն իրենց հայրերի ծննդավայրում: Մենք նաև սպասում ենք, որ կլուծվի պետականացված գույքը վերադարձնելու կամ փոխատուցում վճարելու խնդիրը, հայ մանկավարժներին ու հոգևոր ներկայացուցիչներին կրթության գործն իրականացնելու հնարավորություն կտրվի, դասագրքերից և պաշտոնական վեբ կայքերից կհանվեն ազգային փոքրամասնությունների դեմ թշնամանք, ատելություն հրահրող հատվածները»:
Վերոհիշյալ նամակը ստորագրել են ոչ միայն թուրքահայեր, այլև թուրքեր:
Քրիստինե ՄԵԼՔՈՆՅԱՆ












