Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Եկեղեցի կառուցելն ավելի հեշտ է, քան այն պահպանելը

Սեպտեմբեր 14, 2009թ. 12:30

Շենգավիթ համայնքի Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում և Ներքին Շենգավիթի Սուրբ Խաչ մատուռում Խաչվերացի տոնը կրկնակի ուրախություն էր: Բացի այն, որ համայնքի հավատացյալները տոնում էին Խաչվերացի տոնը, միաժամանակ  Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն օծում էր եկեղեցու զանգակատան խաչը և մատուռի մկրտության ավազանը:

Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է բարերար Խաչատուր Վարդանյանի օժանդակությամբ, ով Մայր Աթոռի կողմից պարգևատրվեց Ներսես Շնորհալի շքանշանով: Սուրբ Խաչի շինարարությունն ավարտվել է 2006թ., իսկ զանգակատանը` 2009-ին: Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը տոնի խորհուրդը մեկնաբանեց ոչ միայն Խաչը գերությունից ազատելով, այլև այն վեր կամ երկինք բարձրացնելով: Չնայած  տոնախմբության ժամանակ հորդառատ անձրև տեղաց,  այն չխանգարեց եկեղեցու բակում հավաքվածներին:  Տոնի խորհրդի համաձայն` հավատացյալների ներկայությամբ զանգակատան Խաչը երկինք «բարձրացավ», որին հաջորդեց տոնախմբությունը: Այսուհետ հավատացյալները եկեղեցի կգան զանգերի ղողանջի ուղեկցությամբ:

«Սուրբ Խաչ Եկեղեցին վստահաբար կդառնա այն նվիրական վայրը, որտեղ յուրաքանչյուրը կգտնի իր հոգու անդորրը և սրտամոտ խոսք կբանա Երկնային Տիրոջ առջև: Եկեղեցի կառուցելն ավելի հեշտ է, քան այն պահպանելը, և այս քարե կառույցը վավերական կդառնա միմիայն ձեր աղոթքներով», – իր խոսքում նշեց Սրբազան Հայրը:

Սուրբ Խաչ եկեղեցու զանգակատան Խաչի օծումից հետո Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հավատացյալների մի մասի հետ ուղևորվեց Սուրբ Խաչ մատուռ, որտեղ օծվելու էր մկրտության ավազանը:

Այս փոքրիկ մատուռի բակը ևս մարդաշատ էր: Հարևանությամբ բնակվողների համար մեծ խորհուրդ ունի մատուռը, որը ժողովրդին առավել հայտնի է որպես Խաչքար: Այսուհետ Սուրբ Խաչ մատուռում ևս հնարավոր է մկրտություն իրականցնել: Մկրտելու է Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տեր Վահան  Առաքելյանը. մկրտվելու ցանկություն հայտնածների թիվն արդեն իսկ հասնում էր տասնյակների:

«Համայնքի հավատացյալների հետ պարբերաբար հանդիպումների ընթացքում հասկացա, թե որքան անհրաժեշտ է մատուռում մկրտության ավազան տեղադրել: Հավատացյալները, հոգեպես կապված լինելով իրենց սրբավայրի հետ, շատ  են ցանկանում  մկրտվել հենց այդտեղ», – պատմեց Տեր  Վահանը:

Անգամ ամպամած օրը և պարբերաբար տեղացող անձրևը չխանգարեց միմյանցից մի քանի հարյուր մետր հեռու գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում և նույնանուն մատուռում անցկացվող Խաչվերացի տոնախմբություններին:

Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ


Թեգեր`

Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`