Բարոնուհի Քերոլայն Քոքսի և ուխտագնացների այցելությունը Արցախ
Անգլիական Պառլամենտի Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսի ուղեկցությամբ Արցախ էր ժամանել այցելուների հերթական խումբը: Խմբի անդամներն անգլիական եկեղեցու ներկայացուցիչներն են` Անգլիայից, ԱՄՆ-ից եւ Ավստրալիայից: Խումբը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում կլինի սեպտեմբերի 10-17-ը: Հյուրերն այս այցելությունը համարում են ուխտագնացություն:
Երկօրյա այցով Արցախ ժամանած ուխտագնացների խումբն այցելեց արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների թանգարան: Սա խմբի անդամների առաջին ծանոթությունն էր Արցախի ու արցախցիների հետ:
Նախաձեռնության հեղինակը խոստովանում է, որ վաղուց էր հետաքրքրված Հայաստանով ու հայությամբ:
«Դուք` հայերդ, հին ու գեղեցիկ պատմություն ունեք: Ցավոք, ձեր պատմությունը, որ այդքան կարևոր է համայն աշխարհի քրիստոնյաների համար, այսօր շատ քիչ է ներկայացված, և միջազգային հանրությունը շատ քիչ բան գիտի աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունած ազգի մասին»,- նկատում է Չարլզ Բրադշոուն:
«Պատահական չի ընտրվել նաև ուխտագնացության վայրը: Անշուշտ, այստեղ մեծ դեր է կատարել նաև բարոնուհի Քոքսը», խոստովանում է խմբի ղեկավար Չարլզ Բրադշոուն. «Երկար տարիներ երազում էի Հայաստան ու Ղարաբաղ այցելել հենց բարոնուհու ուղեկցությամբ, քանի որ նրա ուղեկցությամբ այս երկիրը ճանաչելու ավելի մեծ հնարավորություն կունենանք, և դա կլինի ավելին, քան զբոսաշրջությունը»:
Սա արցախցիների վաղեմի բարեկամի արդեն 69-րդ այցն է: Անգլիական Պառլամենտի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը հյուրերի հերթական այցը հենց այս թանգարանից սկսելը օրինաչափ է համարում:«Արցախի հետ ծանոթությունը պետք սկսել հենց այս թանգարանից: Այս տղաներն իրենց կյանքն են նվիրաբերել Արցախի անկախության համար»:
Հյուրերը կլինեն նաև Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում:
«Ես միշտ էլ ասել եմ, որ դուք ունեք մոխիրներից հառնելու զարմանալի կարողություն»,- նշեց Քերոլայն Քոքսը,- «դրա լավագույն խորհրդանիշը հենց վերականգնողական կենտրոնն է, որն իր ձեռքբերումներով կարող է օրինակ ծառայել շատ երկրների համար»:
Ուխտավորները կայցելեն նաև Գանձասար: Նախատեսվում է հանդիպում Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ստեփանակերտ












