Դավութօղլուն մերժում են թուրք ընդդիմադիրները
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայ-թուրքական արձանագրությունների շուրջ Թուրքիայում պետական մակարդակով քննարկումներն արդեն սկսվել են: Այս առիթով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն առաջին հանդիպումն անցկացրեց թուրքական խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինի հետ, որից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ ինչ քայլ էր լինի, միևնույն է` վերջնական հաստատումը խորհրդարանինն է։ Դավութօղլուն նաև հանդիպել և առանձնազրույցներ է ունեցել ընդդիմության որոշ առաջնորդների հետ:
Թուրքիայի մի շարք ընդդիմադիր կուսակցություններ դեմ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ծրագրին, որը, ըստ նրանց, հակասում է Թուրքիայի շահերին և սպառնում է երկրի դաշնակից Ադրբեջանի հետ հարաբերություններին:
Սակայն վերջին օրերի հանդիպումները ցույց են տվել, որ իրավիճակը փոփոխվել է: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր` «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալը, Դավութօղլու հետ հանդիպման ընթացքում նշել է, որ իրենք դրական են գնահատում նախաստորագրված արձանագրությունները։ Կողմերը պայմանավորվել են ևս մեկ անգամ հանդիպել սեպտեմբերի 15-ին և հենց այդ հանդիպման ընթացքում արտգործնախարարը պետք է արձանագրությունների մանրամասները ներկայացնի կուսակցության առաջնորդին։
Բայկալի հետ հանդիպումից հետո Դավութօղլուն զրուցել է «Ազգային շարժում» կուսակցության քարտուղարի տեղակալ Մ. Շահինի հետ, քանի որ կուսակցության ղեկավար Դեվլեթ Բահչելին մերժել էր նրան ընդունել։ Ավելին, Դավութօղլուի մեկ այլ հանդիպում կազմակերպելու փորձը ևս ավարտվել է անհաջողությամբ:
Ըստ Դևլեթ Բահչելիի, այդ արձանագրություններով Թուրքիան հանձնվել է Հայաստանին:
Ք.Մ.
Թեգեր` Ահմեդ Դավութօղլու, Բաքու, Թուրքիա












