Գլխավոր » Լրահոս

ՀՀ նախագահը շնորհավորել է ՌԴ նախագահին

Սեպտեմբեր 14, 2009թ. 16:15

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Ըստ նախագահի մամլո գրասենյակի, կայացած հեռախոսազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևին ծննդյան օրվա կապակցությամբ:

Դմիտրի Մեդվեդևին ուղղված շնորհավորական հեռագրում նախագահ Սերժ Սարգսյանը գրել է.

«Մեծարգո Դմիտրի Անատոլիի, Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:

Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն, աշխատանքային հաջողություններ, Ձեր բոլոր ծրագրերի ու նախաձեռնությունների շուտափույթ իրականացում, և իհարկե, հնարավորինս շատ հավատարիմ ու նվիրված բարեկամներ:

Ուրախ եմ, որ մեր միջև ձևավորված վստահարժան երկխոսությունը, անձնական ընկերական հարաբերությունները նպաստում են հայ-ռուսական փոխգործակցության ներկապնակի բոլոր հարցերի հաջող կարգավորմանը, միջազգային անվտանգության խնդիրների շուրջ համաձայնեցված դիրքորոշումների մշակմանը, ինչպես նաև մեր երկրների միջև հարաբերությունների դինամիկ և հետևողական զարգացմանը:

Անկեղծորեն հավատացած եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային գործընկերությունը եղել և մնում է Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության կարևոր գրավական:

Թույլ տվեք խորին երախտագիտություն հայտնել մեր երկրների միջև համագործակցության բազմակողմ զարգացման և ամրապնդման գործում Ձեր մեծ և անգնահատելի ներդրման համար:

Հարգելի Դմիտրի Անատոլիի, ևս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթում երջանկություն ու ամենայն բարիք»:

Աղբյուր` Panorama.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`