Դինքը չէր վախենում խոսել
Եթե նա կենդանի լիներ, ապա այսօր կդառնար 55 տարեկան:
Հրանտ Դինքը ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 15-ին Մալաթիայում: 1961թ. տեղափոխվել է Ստամբուլ: Միջնակարգ կրթություն ստանալուց հետո, սովորել Ստամբուլի համալսարանի կենդանաբանության ֆակուլտետում: Սակայն ճակատագիրը նրան այլ ընթացք էր վերապահել:
Դինքը լրագրությամբ սկսել է զբաղվել զինվորական ծառայությունից հետո: Եվ արդեն 1996 թվականից ի վեր` «Ակոս» երկլեզու թերթի գլխավոր խմբագիրն էր:
«Հրանտ Դինքը Թուրքիայի այն գործիչներից էր, որ չէր վախենում խոսել»,- այսպես են Դինքին բնութագրում նրա ընկերներն ու համախոհները: Քանզի Թուրքիայի նման երկրում խոսել «փակ» թեմաների շուրջ` արդեն իսկ հերոսություն է: Իսկ Հայոց Ցեղասպանության թեման Թուրքիայում եղել ու շարունակում է մնալ արգելված թեմա:
Հրանտի խիզախ հայտարարությունները առաջացնում էին թուրք գործիչների զայրութն ու վրդովմունքը: Ցեղասպանության մասին իր հայտարարությունների պատճառով` դեռևս 2005 թվականին, թուրքական դատարանը նրան դատապարտեց վեց ամսվա պայմանական ազատազրկման: Հիմնվելով երկրում գործող Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի վրա` դատարանը թրքության նկատմամբ վիրավորանք համարել Հայոց Ցեղասպանության փաստի մասին նրա հրապարակումները:
Դինքն բազմիցս է հայտարարել է, որ պայմանավորված իր մասնագիտական գործունեությամբ` բազմիցս սպառնալիքներ է ստանում թուրքական ազգայնական խմբավորումների կողմից, փորձել գրավել երկրի անվտանգության մարմինների ուշադրությունը: Սակայն նրա հնչեցրած մտահոգությունները թուրքական իշխանություններն ամենևին չկարևորեցին…և տեղի ունեցավ ողբերգականը:
2007թ. հունվարի 19-ը Հրանտի համար եղավ վերջին այցը` իր հարազատ «Ակոս»-ի խմբագրատուն, և ազնիվ հայը սպանվեց թուրք ազգայնականի ձեռքով:
Ո՞վ է հայազգի լրագրողի սպանության մեղավորը. հարցի պատասխանը միանշանակ է` Թուրքայի կառավարությունը, օրենսդրությունը, ԶԼՄ-ներն ու անվտանգության ուժերը: Եթե այդ երկրի կառավարությունը ժամանակին կանխեր Դինքի դեմ հարուցված դատական գործընթացները, լրատվամիջոցներում տեղ չգտնեին ազգայնամոլական հրապարակումներ, իսկ անվտանգության մարմիններն ականջալու լինեին Հրանտի հայտարարությունների ու կատարեին իրենց պարտականությունները, ապա Հրանտ Դինքն այսօր մեզ հետ կլիներ:
Քրիստինե ՄԵԼՔՈՆՅԱՆ
Թեգեր` Թուրքիա, Հրանտ Դինկ












