Գլխավոր » Լրահոս

Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ընդառաջ

Սեպտեմբեր 15, 2009թ. 15:03

Serj SargsyanՊարզեցինք, որ բոլորը փաթեթներով են

Սեպտեմբերի 17-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայաստանյան քաղաքական կուսակցությունների կուսակցապետերի հետ համատեղ անցկացնելու է հանդիպում-քննարկում` նվիրված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլին: Նկատենք, որ նման ձևաչափով Հայաստանի նախագահն արդեն երրորդ անգամ է հանդիպում կուսակցության ղեկավարներին:

Հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ մինչ օրս հնչել են  տարաբնույթ գնահատականներ ու մեկնաբանություններ, շատ հաճախ ոչ բավարար հիմնավորված ու փաստարկված: Քիչ չէին և պարզաբանելուց  խուսանավող կուսակցապետերը: Սակայն սեպտեմբերի 17-ին   սպասվելիք քննարկման ընթացքում պարզ կդառնա, թե քաղաքական որ ուժն ինչ «պաշարով»  է  ներկայացել` առաջարկություններ, փաստարկներ, հիմնավորումներ և այլն:   Թե մերժման, թե ընդունման դեպքում յուրաքանչյուր քաղաքական ուժ պարտավոր է մեկնաբանել իր մոտեցումները`հիմնավորելով դրանք:

Թերևս այս առումով հիշյալ հավաքը  լակմուսի թղթի դեր է կատարելու:

Եվ այսպես, armar,am-ը, պարզելու համար, թե հայաստանյան որ կուսակցությունը ինչ առաջարկներով է ներկայանալու վերոնշյալ հավաքին, զրուցեցինք տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Զրուցակիցները հավաստեցին, որ անհամբերությամբ են սպասում հանդիպմանը, քանի որ ներկայացնելու և քննարկելու շատ բան ունեն:

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ասաց.

«Մենք չենք պատրաստվում սպասողական վիճակում լինել և երբ ասում ենք առանց նախապայմանների, չի նշանակում, որ մոռանում ենք, թե այս սահմանը, որը ներկայացվում է որպես միջազգային ճանաչման սահման,  ինչպես է գծվել: Սահմանը պետք է լինի Սևրի պայմանագրում ներկայացվածով: Մենք դեռ չենք խոսում 1.5 միլիոն հայերից, չենք խոսում Արևմտյան Հայաստանը վերադարձնելուց,  Նախիջևանը Ադրբեջանին նվիրելուց: Նախապայման թելադրողը պետք է Հայաստանը լինի: Նախագահը պետք  է հայտարարի, որ  չնայած ներքին ճնշմանը, այնուամենայնիվ, գնում է դիվանագիտական հարաբերությունների, բայց առանց նախապայմանների ու ոչ թե պարտվողի, այլ թելադրողի դիրքերից: Սա է ԱԻՄ-ի մոտեցումը»:

Դեմկուսի լրատվական բաժնի պետ Ռուբեն Բախշյանը հայտնեց. «Սա պատմական պահ է:Մենք պետք  է լսենք նախագահի մեկնաբանությունը` արձանագրության հետ կապված, ապա որոշ եզրակացություններ անենք և ներկայացնենք մեր դիրքորոշումը: Տարիներ առաջ մենք ներկայացրել էինք ոչ թե պատմաբանների հանձնաժողով, այլ միջպետական հանձնաժողով ստեղծելու նախագիծ, որը կքննարկեր  հայ-թուրք դարավոր շփմանն առնչվող կնճռոտ խնդիրները, մշակութային խնդիրները: Չէ՞ որ միայն 1915թ. չէ մեր պատմության մեջ կարևորվում»: Նա նաև հիշեցրեց, որ ունեցել են մշակված 10 վտանգավոր կետեր, որոնցից խոսեց միայն դեմոգրաֆիական պատկերի փոփոխումից, ինչպես նաև ձեռնպահ մնաց որևէ մեկնաբանություն տալուց` ասելով, որ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը լրատվամիջոցները յուրովի են ներկայացնում: Իսկ այն հարցին, թե ինչպես իրենք կմեկնաբանեն հայ—թուրքական արձանագրությունն, ասաց, որ այսօր չի կարող մեկնաբանել, սեպտեմբերի 17-ից հետո ամեն ինչ պարզ կլինի:

Իսկ Կոալիցիան միակարծիք է հայ-թուրքական արձանագրության հարցում.

«Կոալիցիայի շրջանակներում ունենք մշակումներ, որոնք կներկայացվեն, կքննարկվեն: Հայ-թուրքական արձանագրության հարցում ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն տարաձայնություններ չունեն»,- ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:

Ազգային Միաբանություն կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը որևէ հստակ անհամաձայնության մասին չխոսեց, միայն ասաց.

«Անտարակույս անհամաձայնություններ և ներկայացնելու փաթեթ ունենք: Այդ փաթեթը բազմիցս տպագրվել է Հայոց Աշխարհում, որտեղ բոլոր կետերն էլ էական են և շատ կարևոր»:

Անհամաձայնությունների և տարբեր կուսակցությունների կողմից ներկայացված փաթեթների մասին առավել մանրամասն կիմանանք սեպտեմբերի 17-ի երրորդ միջկուսակցական խորհրդակցությունից հետո:

Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ


Թեգեր` , ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`