Ադրբեջանցի զինվորն ինքնասպանություն է գործել
Ադրբեջանական բանակում մահվան ելքով հերթական միջադեպն է գրանցվել: Տեղական լրատվամիջոցների ահղորդմամբ, սեպտեմբերի 14-ին ինքնաձիգից արձակված կրակով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող Թոֆիկ Ալիևը:
Զինծառայողը բանակ է զորակոչվել 2008 թվականի աշնանը: Ինքնասպանությունից առաջ զինվորը մեկամսյա արձակուրդ է վերցրել և գտնվել տանը:
Ծառայության վերադառնալուց հետո զինծառայող Ալիևն մահացել է: «Բաքիլիլար.ազ»-ի փոխանցմամբ, զինվորի դին հարազատներին են փոխանցել նրա ծառայակից ընկերները, ովքեր էլ տեղեկացրել են, որ ինքնաձիգի կրակը հենց ինքն է արձակել իր վրա:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս առնչությամբ որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել:
Նշենք, որ ադրբեջանական բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով բազմաթիվ են նմանօրինակ միջադեպերը: Տեղական իրավապաշտպան կազմակերպությունների հաշվարկներով, այս տարվա սկզբից խաղաղ պայմաններում իրենց մահկանացուն են կնքել երկրի զինված ուժերի 50-ից ավելի զինծառայող:
Այս ցուցանիշները որևէ այլ երկրում կարող էին հասարակական ցասման պատճառ դառնալ: Սակայն Ադրբեջանում այդ բանը գրեթե բացառված է: Այստեղ հակված են բանակի և այնտեղ տիրող կարգերի մասին վարդագույն հեքիաթներ պատմել, իսկ նրանք, ովքեր տվյալներ են հայտնում իրական պատկերի մասին, անմիջապես հայտնվում են բանտում կամ դառնում են բռնության զոհ:
Աղբյուր` Panorama.am












