Ադրբեջանի հակահայկական քարոզչությունը
Հայաստանի և Վրաստանի միջև վերջին շրջանում առաջացած լարվածությունը բավական մեծ ոգևորության առիթ է դարձել ադրբեջանական լրատվամիջոցների համար: Հայաստանի դեմ անընդհատ քարոզչական հնարքներ որոնող ադրբեջանցի լրագրողները պարզապես ուրախությունից ցնցվեցին, երբ պարզ դարձավ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտացրել է մեր երկրի քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ: Իսկ երբ ՄԱԿ-ի Վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը դեմ քվեարկեց Վրաստանի կողմից ներկայացված հռչակագրին, ադրբեջանցիները պարզապես խելակորույս եղան և անցան գործի:
Միայն ադրբեջանական 1news.az գործակալությունը մեկ շաբաթվա ընթացքում տպագրեց հայ-վրացական հարաբերություններին նվիրված մի քանի հոդվածներ և հարցազրույցներ: Նշված լրատվամիջոցը մեկնաբանություններ և հարցազրույցներ վերցրեց մի շարք վրացի քաղաքական գործիչներից, որոնց թվում էին նաև քաղաքագետ Սոսո Ցինցաձեն, Վրաստանի «Լեյբորսիտական կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին, վրացական ընդդիմության առաջնորդներից Գեորգի Խաինդրավան և այլն: Ադրբեջանցի լրագրողների հարցերը կազմված են այնպես, որ իրենց զրուցակիցները ստիպված լինեն պախարակել Հայաստանի արտաքին քաղաքականությունն ու հայ ժողովրդին:
Կարծում եմ, որ ադրբեջանցիների նպատակներն ակնհայտ են: Նրանք պարզապես փորձում են հնարավորինս հայերի համար հնարավորինս շատ խնդիրներ ստեղծել տարածաշրջանում:
Ընդհանրապես, պետք է նշել, որ նմանատիպ տեղեկատվական գրոհները ադրբեջանական քարոզչական մեքենայի չնչին մասն են կազմում միայն: Պաշտոնական Բաքուն բավական մեծ գումարներ է ծախսում հակահայկական բովանդակության հրապարակումներ պատրաստելու համար: Մոսկվայի Միջազգային Հարաբերությունների Պետական Ինստիտուտի դասախոս Վլադիմիր Զախարովի վկայությամբ, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը գրեթե ամեն ամիս նոր գրքեր է տպագրում և բաժանում դրանք Ռուսաստանի քաղաքական, հասարակական և գիտական էլիտայի շրջանակում: «Ակնհայտ է, որ քարոզչության նման ծավալներն ուշ թե շուտ անելու են իրենց գործը: Միայն այն ուշադրությունը, որին արժանանում են մեր դասախոսներն ադրբեջանցի դիվանագետների կողմից, բավական է, որպեսզի նրանք սկսեն սիրել Ադրբեջանը», – մի առիթով տողերիս հեղինակին ասել է Զախարովը: Բայց Ռուսաստանի ուղղությունն ադրբեջանական քարոզչության մի չնչին մասն է կազմում միայն: Ադրբեջանա-արցախյան հակամարտության «իրական փաստերին» վերաբերող գրքեր են ստանում նաև ԱՄՆ-ի, եվրոպական երկրների, միջազգային կազմակերպությունների և այլ պետությունների բոլոր պատգամավորներն ու քաղաքական ակտիվիստները:
Հակահայկական գրքերի հրապարակումն Ադրբեջանում ապահովում են հիմնականում երեք մարմիններ` Արտաքին գործերի նախարարությունը, Գիտությունների ազգային ակադեմիան և Հեյդար Ալիևի անունը կրող հիմնադրամը, որը ղեկավարում է Իլհամ Ալիևի կին Մեհրիբան Ալիևան:
Ադրբեջանում մեծ ուշադրություն է դարձվում նաև էլեկտրոնային միջոցներով տեղեկատվության տարածման ձևերին: Համացանցային տեխնոլոգիաների ոլորտում ադրբեջանցիների մեծաքանակ ներդրումները հանգեցրին նրան, որ այսօր Հարավային Կովկասի խոշորագույն 5 էլեկտրոնային լրատվամիջոցներից առնվազն երեքն ադրբեջանական են: Ընդ որում, հետաքրքիր է, որ այդ ադրբեջանական լրատվական գործակալությունների լրահոսում ավելի շատ Հայաստանը «սևացնող» նյութեր կան, քան զուտ Ադրբեջանի ներքին և արտաքին կյանքին վերաբերվող նյութեր:
Վերոնշյալ իրողությունները ցույց են տալիս, թե ինչ ահռելի աշխատանք է կատարվում Հայաստանի դեմ հարևան Ադրբեջանում: Սա պարզապես ադրբեջանա-արցախյան հակամարտության զինված փուլի շարունակությունն է քարոզչական դաշտում: Եվ որպեսզի ադրբեջանական այս ագրեսիային արժանի հակահարված տրվի, անհրաժեշտ է հասկանալ մի պարզ ճշմարտություն. 21-րդ դարում պատերազմի ավանդական ձևերին ավելացել են նորերը, որոնք հիմնովին ձևափոխել են ժամանակակից պատերազմի էությունն ու ռազմավարությունը:
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Թեգեր` Հայաստան, Սերժ Սարգսյան, Վրաստան












