Եզրակացություններ ադրբեջանական վերջին տեղեղեկատվական ակցիայի վերաբերյալ
Սեպտեմբերի 10-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել էին տեղեկատվություն, թե իբր հայկական ԶՈՒ ստորաբաժանումները անհաջող գրոհ են ձեռնարկել Աղդամի ուղղությամբ: Նույն օրը երեկոյան ադրբեջանական vesti.az կայքը տեղադրել էր իբր զոհված հայ զինվորի լուսանկար: Կարճ ժամանակ անց հայ բլոգեր` kornelij.livejournal.com օրագրի հեղինակը հայտնաբերեց, որ «զոհված հայ զինվորի» լուսանկարը իրականում վրացի զինվորի լուսանկար է, վերցված kprf.ru կայքից: Բլոգերի հայտնաբերած ադրբեջանական ապատեղեկատվությունը կարճ ժամանակ անց տարածվեց հայկական ԶԼՄ-ով, իսկ vesti.az կայքի լուսանկարը փոխվեց: Հետաքրքրական է, որ այս ապատեղեկատվությունը արագ տարածվեց ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներով և իր արձագանքը գտավ նաև միջազգային ԶԼՄ-ներում` չնայած տեղեկատվական որևէ աղբյուրի հղում չէ արված:
Ցանկացած նմանատիպ տեղեկատվական ակցիայից հետո անհրաժեշ է վերլուծել, թե ի՞նչ նպատակներ էր այն հետապնդում, ի՞նչ լսարանի համար էր նախատեսված և ի՞նչ քայլեր է պետք ձեռք առնել, որպեսզի հաջորդ անգամ նման գործողությունների ազդեցությունը առավելագույնս չեզոքացվի:
Ստորև մենք կփորձենք հասկանալ ադրբեջանական տեղեկատվական ակցիայի նպատակները:
Տարբերակ Ա
Բարձրացնել ադրբեջանական բանակի մարտական ոգին և ադրբեջանցիների հավատը բանակի նկատմամբ:
Նրանց այս նպատակի մասին հաղորդվում էր նաև ՀՀ ՊՆ տարածած հայտարարությունում. «Ադրբեջանական ԶԼՄ-ը հերթական անգամ իրենց էժանագին քայլերով փորձում են միաժամանակ բարձրացնել իրենց զորքերի մարտական ոգին…»:
Իսկ որքանո՞վ նրանց հաջողվեց իրականացնել այս նպատակը: Հայկական զորքերի գրոհը «հերոսաբար» կասեցնելու մասին տեղեկատվությունը տարածվեց էլեկտրոնային գրեթե բոլոր ադրբեջանական լրատվամիջոցներով: Կարելի է ենթադրել, որ այդ լուրը հաղորդվել է նաև ադրբեջանական հեռուստա-ռադիոընկերություններով, ինչի հետևանքով այդ ապատեղեկատվությունը առավելագույնս տարածվել է ադրբեջանական լսարանում: Միևնույն ժամանակ, քանի որ չկա որևէ հայկական լրատվամիջոց, որն ունենա զգալի լսարան Ադրբեջանում` հայկական հերքման մասին տեղեկատվությունը ադրբեջանական լսարանին գրեթե չի հասել:
Այսպիսով եթե ելնենք այն տեսանկյունից, որ այս տեղեկատվական ակցիան նպատակ ուներ ազդելու ադրբեջանական ներքին լսարանի վրա` այն լիովին կարելի է համարել հաջողված:
Տարբերակ Բ
Գցել հայկական բանակի մարտական ոգին և Հայաստանի բնակչության հավատը բանակի նկատմամբ:
Ապատեղեկատվության տարածումից անմիջապես հետո ՀՀ-ն և ԼՂՀ-ն հերքեցին այն, որը հաղորդեցին հայկական լրատվամիջոցների զգալի մասը: Հայտնաբերվեց նաև ադրբեջանցիների կողմից որպես գրոհի ապացույց ցուցադրվող «հայ զինվորի» լուսանկարի իրական աղբյուրը: Կարելի է եզրակացնել, որ եթե ադրբեջանական այս ակցիան նպատակ ուներ ազդելու հայկական լսարանի վրա` դա նրանց չհաջողվեց:
Տարբերակ Գ
Ապակայունացնել տարածաշրջանը կամ միջազգային հանրությանը ցուցադրել, թե իբր հայկական կողմն է ապակայունացնում իրավիճակը:
Չնայած նրան, որ ադրբեջանական ապատեղեկատվությանը չի հետևել որևէ միջազգային արձագանք` ապատեղեկությունը սկսում են տարածել օտարերկրյա ԶԼՄ-ները: Սեպտեմբերի 10-ի երեկոյան, համապատասխան բովանդակությամբ տեղեկություն են տարածում «BBC»-ն, «Reuters»-ն «Aljazeera»-ն: Ճիշտ է, նրանցից ոմանք տեղեկացրեցին նաև հայկական կողմի հերքման մասին, բայց դա արդեն այդքան էլ կարևոր չէր, քանի որ հերքումը նման դեպքերում նորմալ է, որովհետև ոչ ոք չի խոստովանի, թե փորձել է խախտել խաղաղությունը:
Այսքանով կարելի է եզրակացնել, որ եթե ադրբեջանցիները նպատակ են ունեցել միջազգային հանրությանը ցուցադրել, թե իբր հայկական կողմն ապակայունացրել է իրավիճակը` դա նրանց հաջողվել է, որովհետև նրանց ապատեղեկատվությանն անդրադարձել են միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներ, որոնք հետագայում հերքում չհրատարակեցին, քանի որ հայկական կողմից պաշտոնապես նման պահանջ չի ներկայացվել:
Հետագայի համար պետք է հաշվի առնել նաև միջազգային տեղեկատվական դաշտում ադրբեջանական ապատեղեկատվության տարածման վտանգը: Քանի որ հայկական հերքումը ընդգրկում էր միայն տեղական տեղեկատվական դաշտը` անհրաժեշտ է մտածել ուղիներ նաև միջազգային ասպարեզում ապատեղեկատվության չեզոքացման վերաբերյալ:
Կարելի է եզրակացնել, որ սեպտեմբերի 10-ի ապատեղեկատվության տարածումով գոնե երկու նպատակ (Ա. բարձրացնել ադրբեջանական բանակի մարտական ոգին և ադրբեջանցիների հավատը բանակի նկատմամբ, Բ. միջազգային հանրությանը ցույց տալ, թե իբր հայկական կողմն է ապակայունացնում իրավիճակը) նրանց հաջողվել է իրականացնել: Իսկ հայկական լրատվական դաշտի ձևակերպումներն ակցիայի վերաբերյալ («էժանագին քարոզչական ակցիա», «հիմար քաղաքականություն» և այլն) չեն համապատասխանում իրականությանը և իրենց մեջ հայ հանրության զգոնության բթացման վտանգ են պարունակում:
Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ
Թեգեր` kornelij.livejournal.com, kprf.ru, vesti.az, Ադրբեջան, հայ բլոգերներ












