Գլխավոր » Լրահոս

«Ժառանգության» նամակը վարչապետ Տիգրան Սարգսյանին

Սեպտեմբեր 16, 2009թ. 14:19

sharangutiun1 copyԱրմեն Մարտիրոսյանը եւ Ստյոպա Սաֆարյանը «Ժառանգություն» կուսակցության և համանուն խորհրդարանական խմբակցության անունից պաշտոնական գրություն են ուղարկել վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նամակում մասնավորապես ասվում է.

«Դեռեւս ս.թ. սեպտեմբերի 3-ին Ժառանգություն կուսակցությունը հանդես էր եկել Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի, Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների` 2009թ. օգոստոսի 31-ի մամլո հաղորդագրությանն ու նախաստորագրված երկու արձանագրություններին նվիրված հայտարարությամբ: Ի թիվս հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ պետական-հասարակական-քաղաքական վերաբերմունքի ու տեսակետների վերհանմանն ուղղված և մեր կողմից նպատակահարմար համարվող 10 քայլերի, մենք նշել էինք, մինչև արձանագրությունների վերջնական ստորագրումն ու վավերացումը, առաջիկա մեկ ամսվա ընթացքում հանրաքվեի դնել համաձայնեցված փաստաթղթերը` զուգակցված երկրի արտաքին քաղաքականության համար պատասխանատու ՀՀ նախագահի վստահության հարցով: Քաջատեղյակ եք, որ համաձայն Հանրաքվեի մասին ՀՀ օրենքում 26.12.2008թ, կատարված փոփոխությունների եւ լրացումների` իբրև ժողովրդի կողմից անմիջականորեն իշխանության իրականացման մեխանիզմ հանրաքվեի (համաժողովրդական քվեարկության) կարող են դրվել նաև պետական կյանքի կարևորագույն հարցեր (հոդված 1-ին, 1-ին մաս): Հիշյալ օրենքի 8.1 հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունի կառավարությունը, ով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը եւ հանրաքվեի դրվող հարցերը նախապես քննարկում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ (3-րդ մաս): Վստահ ենք` չեք վիճարկում, որ նաեւ Ազգային անվտանգության ռազմավարությունում պատշաճ ամրագրում եւ պաշտոնական գնահատական ստացած հայ-թուրքական հարաբերությունները համարվում են պետական կյանքի եւ ազգային անվտանգության կարեւորագույն հարց: Ժառանգություն կուսակցության եւ համանուն խմբակցության անունից դիմում ենք Ձեզ` իրացնելու ՀՀ Սահմանադրությամբ, Հանրաքվեի մասին ՀՀ օրենքով Ձեզ վերապահված պատասախանատվությունն ու իրավունքը, այն է` նախաձեռնել եւ առաջիկա 1 ամսվա ընթացքում կազմակերպել համաձայնեցված ու նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե, որը զուգակցված կլինի երկրի արտաքին քաղաքականության համար պատասխանատու ՀՀ նախագահի վստահության հարցով»:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`