ԼՂՀ կառավարությունը բարելավում է երթուղային կապը
«2010 թվականին հանրապետության բոլոր բնակավայրերը կանոնավոր երթուղային կապով պետք է կապված լինեն շրջկենտրոնի և մայրաքաղաքի հետ»: ԼՂ Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այս հանձնարարականն այսօր կառավարության նիստում հրապարակեց վարչապետ Արա Հարությունյանը:
Այդ հանձնարարականի ոգուն համապատասխան են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:
Կառավարությունը առաջարկում է ստեղծել երթուղիների փաթեթ, որը կընդգրկի ոչ միայն այսպես կոչված «եկամտաբեր», այլև «ոչ եկամտաբեր» երթուղիները: Բանն այն է, որ ուղևորափոխադրումներ իրականացնողները հիմնականում խուսափում են ոչ շահավետ երթուղիներից, ինչի արդյունքում տուժում են ծայրամասային շրջանների բնակիչները:
Վարչապետ Արա Հարությունյանը նկատել է, որ տրանսպորտի ոլորտի մասնավորեցումը նոր խնդիրներ է ստեղծել, ինչից խուսափելու նպատակով ԼՂՀ կառավարությունը որոշել է պետական միջոցներով ձեռք բերել երթուղային միջոցներ` Քաշաթաղի և Շահումյանի շրջանների ուղևորափոխադրումը կանոնավոր կազմակերպելու նպատակով:
armar.
Թեգեր` Բակո Սահակյան, ԼՂՀ












