Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Հայ-թուրքական արձանագրությունների շուրջ քննարկումները խորհրդարանում շարունակվում են

Սեպտեմբեր 16, 2009թ. 18:51

Armar.am-ն իր ընթերցողին արդեն տեղեկացրել է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն թուրք քաղաքական կուսակցությունների ղեկավարներին սկսել է ծանոթացնել հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակին: Արդեն տեղեկացրել ենք, որ Դավութօղլու- քաղաքական ուժեր հանդիպումների ժամանակ հիմանականում քննարկվում է Կարսի պայմանագրի, Նախիջևանի, Արցախյան հիմնահարցի շուտափույթ կարգավորման, ինչպես նաև Ցեղասպանության ճանաչման գործընթացը սառեցնելու մասին հարցեր: Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նպատակով կազմված արձանագրություններում, ինչպես բազմիցս հիշատակվել է, չկա Արցախյան հիմնահարցի կարգավորման և Հայոց Ցեղասպանությանն առընչվող կետեր, սակայն այն այսօր դարձել է թուրք քաղաքական վերնախավի քննարկման առանցքային հարցերից մեկը: Այս խնդի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնում  ՀՀ ԱԺ պատգամավորները:

«Ոչ Ցեղասպանության ճանաչումը կսառեցվի,  ոչ էլ արցախյան  հարցում վտանգներ կլինեն»

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի կարծիքով

այս պահին Ադրբեջանը լինելով խաղից դուրս իրավիճակում` Թուրքիայի վրա ներազդելու  փորձեր է կատարում, ինչը խիստ մտահոգիչ է: Ըստ պատգամավորի, այսօր գործընթացը   քննարկման փուլում է, հետևապես, երկու երկրներում էլ յուրաքանչյուր հարց կարող է բարձրաձայնվել: «Մենք պետք է փորձենք զերծ մնալ արտաքին շանտաժներից և սառնասրտորեն քննարկենք խնդիրներն ու առաջ գնանք»,- ասում է Հ. Բիշարյանը: Նրա տեղեկացմամբ, Ցեղասպանության ճանաչման հարցի սառեցման, կամ այս փուլում արցախյան հիմնահարցի կարգավորման մասին խոսք լինել չի կարող, որովհետև այն չի կարելի կապել հայ-թուրքական երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացի հետ»: Ինչ վերաբերում է արձանագրություններում տեղ գտած   մյուս մտահոգություններին, ապա հանրապետության նախագահի և քաղաքական  կուսակցությունների միջև առաջիկայում կայանալիք հանդիպումը, ըստ Բիշարյանի, կարող է լավ առիթ հանդիսանալ այդ մտահոգություններն առավել հանգամանորեն ներկայացնելու համար:  «Եթե լուրջ քննարկման արդյունքում   պարզվի, որ արձանագրություններն իսկապես չեն բխում մեր երկրի շահերից, այդ դեպքում, կարծում եմ,   Հանրապետության նախագահը հաշվի կառնի առաջարկները: Սակայն մինչ օրս լուրջ մտահոգություններ չեն արտահայտվել: Ինչ վերաբերում է Ցեղասպանության ճանաչման գործընթացին` դրան մենք դեռ կանդրադառնանք` թե ինչպե՞ս, ցույց կտա ժամանակը: Իսկ այսօր պետք չէ բարդացնել իրավիճակը, հարկավոր է, որ բոլոր քաղաքական ուժերը նպաստեն հարաբերությունների կարգավորմանը»,- ասում է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

«Թուրքիան կարող է քննարկել, ասենք, Ալյասկայի հարցերը, հետո՞ ինչ»

ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կարծիքով թուրքական կողմը կարող է քննարկման դնել, ասենք, Անտարկտիդայի կամ Ալյասկայի հարցերը. «Դա իրենց խնդիրն է»: Պատգամավորը չի բացառում, որ Թուրքիայի ընդդիմությունը իշխանությունների աջակցությամբ կազմակերպի և իրականացնի «լուրջ հանրահավաքներ», ի   ցույց դնելով, թե թուրքական հասարակությունը նախաստորագրված արձանագրությունների բովանդակության հետ  ամենևին համաձայն չէ: Նրա կարծիքով, Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը պետք է իրականացնի` հիմքում դնելով միայն սեփական ազգային շահերը: իսկ թե հարևաններն ինչպիսի «մոտիվացիաներով» հանդես կգան, դա մեզ բացարձակապես չի հետաքրքրում:

«Արցախի հարցը կլուծվի այն սցենարով, որը կկամենա Արցախի բնակչությունը»

«Դա ակնհայտ փաստ է և բոլորը պետք է դա գիտակցեն»,- հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդվարդ Շարմազանովը: «Հանրապետության նախագահն իր` BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ Ցեղասպանության հարցը փոխզիջման առարկա չի կարող լինել, և մեզ համար անթույլատրելի են նախապայմանները: Այդ հարցազրույցից հետո նշված հարցերը չներառվեցին առձանագրության մեջ և դրանից հետո ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Եվրոմիության և Ռուսաստանի ներկայացուցիչները հստակորեն պաշտպանեցին այն տեսակետը, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների»,- ասում է Շարմազանովը: Պատգամավորը նկատեց, թե Թուրքիայում խնդրի շուրջ առաջացած բուռն արձագանքները պայմանավորված են նրանով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցն առաջին անգամ է դրվել հանրային քննարկման: «Սակայն Հայաստանի և Թուքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը բխում է երկու պետությունների շահերից: Տարածաշջանի բոլոր երկրները կողմ են արտահայտվել այս հարաբերությունների հաստատմանը, բացի Ադրբեջանից, ինչը հասկանալի է»,-ասաց պատգամավորը` հավելելով, այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ Ադրբեջան կոչվող չարորակ ուռուցքից Թուրքիան ևս փորձում է ազատվել, որովհետև ինքն էլ իր հերթին բազում խնդիրներ ունի լուծելու»:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`