Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի վերջնական զեկույցը ներկայացվեց պատգամավորների դատին
Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այսօր պատգամավորներին ներկայացրեց հանձնաժողովի եզրակացությունը:
Այն բավականին ստվարածավալ փաստաթուղթ է ստացվել: «Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը 16 ամիս աշխատել և ուսումնասիրել է ներկայացված բոլոր փաստերի մանրամասները: Բացի այդ, նիստերն անցկացվել են բաց և դրանց մասնակցելու հնարավորություն են ունեցել բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկացել են»,- իր ելույթի սկզբում տեղեկացրեց ԱԺ փոխխոսնակ, հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Նա ափսոսանքով նշեց, որ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի պատճառով հնարավոր չեղավ ազատզրկվածներին ավելի վաղ համաներում շնորհելը, սակայն, «լավ է ուշ, քան երբեք»,- եզրակացրեց Նիկոյանը:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ էլեկտրոնային և տպագիր ԶԼՄ-ի կողմից իրականացված սև քարոզչության հետևանքով առավել սրվեց ներքաղաքական իրավիճակը, որին հաջորդեց մարտի 1-ը: «Մարդկանց մեջ ձևավորվեց` մարդկանց պատժելու հոգեբանություն: Լարվածության մեծացմանը նպաստեց երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակի շահարկումը»,- ասվում է արձանագրության մեջ: Հանձնաժողովի կարծիքով ոստիկանության աշխատակիցները պետք է վերապատրաստում անցնեն` ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ արդյունավետ աշխատելու փորձ ձեռք բերելու համար: Արձանագրվել են նաև բռնությունների դեպքեր, որոնք իրականացրել են ոստիկանները` հանրահավաքի մասնակիցների նկատմամբ: Հասարակության մեջ քաղաքացիական հագուստով ոստիկաններ լինելու փաստը հանձնաժողովը անընդունելի է համարել, ինչը սադրանքների առիթ է հանդիսացել: Բացի այդ, հանրահավաքներին մասնակցել են անչափահասներ ինչը կազմակերպությունների կողմից` մարդկանց վրա հոգեբանորեն ներազդելու նպատակ է հետապնդել:
Անընդունելի քայլերի շարքը բավականին երկար էր, իսկ եզրակացությունը բավական ծավալուն, ուստի ժամանակի սղության պատճառով հանձնաժողովն այսօր չկարողացավ այն ամբողջությամբ ներկայացնել պատգամավորների դատին:
Այն կշարունակվի ԱԺ վաղվա նիստի ընթացքում:
Ա.Գ.












