Գլխավոր » Լրահոս

Նալբանդյանը փախնելու տեղ չունի

Սեպտեմբեր 16, 2009թ. 19:50

miting dashnakՀայ Հեղափոխական Դաշնակցության ակտիվիստները գիշերն անցկացնելու են Հանրապետության հրապարակում: Նրանք  շարունակում են երեկվանից հայտարարված հացադուլն ու նստացույցը:

Հացադուլավորները ԱԳ նախարարության հարակից տարածքում են, իսկ նստացույց մասնակիցները կենտրոնացել են  Կառավարության շենքի մոտակայքում: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն իր բողոքն արտահայտում է հայ-թուրքական համագործակցության մասին նախաստորագրված արձանագրությունների դեմ:

Հացադուլ հայտարարած Դաշնակցականների թիվը  24-ն է, ասենք, որ  այդ թիվն ամենևին էլ պատահական չի ընտրվել ու խորհրդանշում է Ապրիլի 24-ը:

Նստացույցի մասնակիցների թիվն անընդհատ աճում է:

ՀՅԴ-ն միաժամանակ,կազմակերպել է  ստորագրահավաք: Արդեն 1700 հոգի իրենց ստորագրությամբ «ոչ» են ասել երկկողմ արձանագրություններին: Անցորդներից մեկը` տարեց մի տղամարդ, մոտենալով բողոքի ակցիայի մասնակիցներին, նկատեց, որ դաշնակցականները պետք է այն ժամանակ ստորագրություն հավաքեին, երբ կոալիցիոն կառավարության անդամ էին, իսկ այսօր, ՀՅԴ-ն  պետք է պահանջի ոչ միայն ԱԳՆ նախարարի, այլ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Երեկվանից հացադուլավորներին չեն այցելել, ոչ Շտապ օգնության աշխտակիցները, ոչ էլ ոստիկաններ են փորձում «անհանգստացնել»:

Հացադուլավոր Արթուր Ղազարյանի խոսքերով` ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանը իրենցով բոլորովին էլ չի հետաքրքրվել:«Մենք ուրիշ կոչ չենք անելու, միայն պահանջելու ենք նրա հրաժարականը»,-նշեց նա:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն առավոտյան այցելել էր հացադուլավորներին: Նա նկատեց, որ եթե հույս չունենային, որ ինչ որ բան հնարավոր է փոխել` չէին կազմակերպի բողոքի նման ակցիաներ: «Ստորագրահավաքը բավականին արագ տեմպերով ընթանում է, իսկ սա դեռ քաղաքի միայն մեկ անկյունում է, և ես կարծում եմ, որ այսպես կոչված, քաղաքական քննարկման ընթացքում մենք կկարողանանք արթնացնել մեր ժողովրդի  ոգին»,-ասում է Վահան Հովհաննիսյանը:

Իսկ ինչ վերաբերում այն փաստին, որ Էդվարդ Նալբանդյանը, դաշնակցության կազմակերպած բողոքի ակցիաների առաջին իսկ օրից  ԱԳՆ կենտրոնական մուտքով անցուդարձ չի անում` Վահան Հովհաննիսյանը նկատեց. «Մի գեղեցիկ օր կարող է այնպես ստացվել, որ շենքը շրջապատված լինի բոլոր կողմերից,  վստահ չեմ, որ այս տարածքում կա ուղղաթիռից օգտվելու հնարավորություն, այնպես որ սեփական ժողովրդի հետ առնչվելը նախարարի համար անխուսափելի է, առավելապես այսօր խորհրդարանում հարց ու պատասխանի օր է և  պետք է որ նախարարը այնտեղ լինի»:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`