Հարցը ինքնահրկիզման չի հասնի
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը հավաստեց, որ Սփյուռքում գործող բարեգործական մի շարք կազմակերպություններ հայ-թուրքական արձանագրության հրապարակումից հետո դադարեցրել են Հայաստանի Հանրապետությանն ուղղված աջակցությունը: Մասնավորապես, ՀԲԸՄ-ի ղեկավարները նախագահի հետ զրույցի ժամանակ հայտնել են, որ դեմ չեն հայ-թուրքական հարբերությունների հաստատմանը, սակայն առավելապես կարևորում են ցեղասպանության ճանաչման հարցը:
Կարևորելով սփյուռքի դերը` ՀՅԴ-ն սեպտեմբերի 22-ին և 27-ին ԱՄՆ-ում նախատեսում է հայ-թուրքական հարաբերությունների լայնածավալ քննարկում, իսկ Երևանում անցկացվող նստացույցն ու հացադուլը հավանաբար կշարունակվեն մինչև հոկտեմբերի 13-ը: Կիրո Մանոյանը նշեց, որ ինքնահրկիզում չի լինի, այլ հարցի լուծմանը կհասնեն այլ ճանապարհներով: Նա հավաստեց, որ ամեն միջոց օգտագործում են նախաստորագրված արձանագրությունները հաստատել պատրաստվողներին համոզելու եթե ոչ չստորագրել, ապա գոնե փոփոխություններ կատարել արձանագրությունում: Փոփոխությունների փաթեթը ՀՅԴ-ն արդեն հրապարակել է:
Ա.Կ.












