Գլխավոր » Լրահոս

Դեռևս պարզ չէ Թուրքիայի քաղաքական էլիտայի դիրքորոշումը

Սեպտեմբեր 17, 2009թ. 17:11

«Եթե արձանագրությունները  Հայաստանի և Թուրքիայի հիմնական քաղաքական էլիտայի համաձայնությանն արժանանան, ըստ երևույթին, կստորագրվեն երկու երկրների արտգործնախարարների կողմից, իսկ դրանց վավերացման ժամանակ կարող են ծագել խնդիրներ»,- տեսակետ է հայտնում  ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ:

 Հայ-թուրքական երկկողմ դիվանագիտական հարաբերություններին միտված բանակցային գործընթացների  արդյունքում երկու երկրների արտգործնախարարները նախաստորագրեցին արձանագրություններ, որոնք ներկայումս քննարկվում  են քաղաքական ուժերի ու հասարակության  կողմից: Երկու երկրների քաղաքական ուժերն իրենց երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ բազմակողմանի հարցադրումներով փորձում են ստանալ իրենց մտահոգող հարցերի պատասխանները: Սակայն ինչպես բազմիցս հայտարարվել է  միջազգային դիտորդների, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից, հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման հիմքում չկան նախապայմաններ: Այնուամենայնիվ, հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները կարծիք են հայտնում, թե փաստաթղթում ամրագրված դրույթները  պարունակում են նախապայմաններ և որ այն առանձնապես այն վերաբերում է : Արդյո՞ք, այսօրինակ մեկնաբանություններով չենք նպաստում թուրք-ադրբեջանական քարոզչությանը,   տեղին են արդյոք այն մտահոգությունները, թե թուրքական կողմն ինչքան էլ ցանկանա քաղաքակիրթ կեցվածք ընդունել և միջազգային կազմակերպություններին փորձել համոզել, որ իրենք առաջվանը չեն, այնուամենայնիվ շարունակում են մնալ  հնի արհեստավարժ շարունակողները:   

ԱԺ պատգամավոր, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հարցի առնչությամբ նկատեց, թե    արդեն մեկ տարուց ավել է, որ իրենք ուսումնասիրվում  են թուրքական մամուլի հրապարակումները և Թուրքիայի հասարակական-քաղաքական  շրջանակներում հայ-թուրքական երկխոսության զարգացման միտումները: Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել են երկու հանգամանք. նախ այն է, որ հայերը Թուրքիայի պատմության վերջին 18 տարիների ընթացքում առաջին անգամ դադարել են դիտարկվել որպես թշնամի կամ հակառակորդ և թուրքական մամուլում այսօր ավելի հանդուրժողական վերաբերմունք է դրսևորվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը քննարկելիս: Սակայն, ըստ Ա.Սաֆարյանի, սա ամենևին էլ չի նշանակում, որ թուրքական սկզբունքային ազգային շահերը մոռացված են, կամ` երկրորդացված են:

Երկրորդ. ուշագրավ հանգամանքը պատգամավորի կարծիքով այն է, որ  մինչև օգոստոսի վերջին օրերը թուրքական պաշտոնատար անձանց հայտարարություններից ակնհայտորեն երևում էր, որ նրանք ոչ թե այս արձանագրությունների, այլ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում, այնուամենայնիվ, ակնկալիքներ ունեն: «Նրանք սպասում են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կզուգակցվի Լեռնային Ղարաբաղի բանակցություններում առաջընթացի գաղափարի հետ, որի մասին մի քանի անգամ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ա.Դավուդօղլուն: Այստեղից մենք եզրահանգում ենք, որ Թուրքիայի քաղաքական կյանքում տեղի է ունենում բավականին բարդ և դժվարին փնտրտուքի գործընթաց: Մի կողմից   գիտակցում են, որ տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման, տարածաշրջանային գորընթացներին նպաստելու համար  անհրաժեշտ է հարևան Հայաստանի հետ բարելավել հարաբերությունները, բայց մյուս կողմից, և հատկապես, ընդդիմադիր ուժերի կողմից, շարունակ հնչեցվում են` այս և ղարաբաղյան բանակցությունների գործընթացներն իրար հետ պայմանավորելու կոչեր: Սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչպիսին է իշխող կուսակցության դիրքորոշումը, քանի որ Թուրքիայում խորհրդարանական մեծամասնություն կազմող ուժերն են որոշելու, թե այս գործընթացն ինչ ինտենսիվությամբ է շարունակվելու»,-ասում է Արամ Սաֆարյանը: Պատգամավորի փորձագիտական գնահատականի համաձայն, արձանագրությունները ստորագրելուց հետո անգամ, երբ կսկսվի դրանց վավերացման գործընթացը երկու երկրների խորհրդարաններում, հարկավոր է  աչքի առաջ ունենալ, որ Թուրքիայում միշտ կլինեն զինվորականության հետ համագործակցող քաղաքական ուժեր, որոնք կշարունակեն  հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերը պայմանավորել Լեռնային Ղարաբաղի   բանակցային գործընթով: Բայց դա մեզ ամենևին չպետք է անհանգստացնի, քանզի մեր երկիրը  ընթանում է այն քաղաքական ուղեգծով, որը բխում է մեր իսկ շահերից: 

Արմինե Գրիգորյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`