Գնացեք Լևոն Տեր-Պետրոսյանի դռանը ցույց արեք
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանի կարծիքով մարտի 1-ը նորագույն պատմության ամենաաողբերգական էջերից մեկն էր: Նա հիշեցրեց, որ հանձնաժողովը ստեղծվեց բռնությունների բացահայտման, զոհվածների մահվան հանգամանքների ճշտման նպատակով: «Շատ կարևոր է այն վերլուծությունը, որը կբացառի հետագայում նմանատիպ երևույթները մեր երկրում»: Ըստ պատգամավորի արմատական ընդդիմությունը չի մասնակցել ԱԺ հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ ստեղծել էր սեփական հանձնաժողովը, որը գործում էր`«ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով: ՀՀկ-ական մեկ այլ պատգամավոր` Սուքիաս Ավետիսյանի կարծիքով, լավ եղավ, որ ընդդիմությունը հրաժարվեց մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ իրենց կուսակցություններում առկա շիլա-փլավը տեղի կունենար նաև այս հանձնաժողովում: Ըստ նրա, գործում էր հստակ սխեմայով, թե ինչպես անի, որ երկրի վարկանիշը մի քայլ հետ գցի, ուստի այն մարդիկ, ովքեր այսօր ցույց են անում ԱԺ-ի մոտ, պետք է հավաքվեին Լևոն Տեր-Պետրոսյանի տան առջև և նրանից պահանջեն այն` ինչ պահանջում են պատգամավորներից:
ԱԺ դատաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի կարծիքով, այսքանով մարտյան դեպքերի էջը չի փակվում, հակառակը` նոր էջ է բացվում: Նրա կարծիքով ԱԺ-ն ցույց տվեց, որ կարող է արդյունավետ աշխատել` հանձնաժողովներ ստեղծելու ձևաչափով, անկախ այն հանգամանքից, թե ինչ թերություններ կան արձանագրությունում: «Մենք շատ անելիքներ ունենք դատաիրավական համակարգը բարելավելու համար»,-եզրակացրեց Դավիթ Հարությունյանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի կարծիքով հանձնաժողովը չի կարողացել տալ հասարակությանը հուզող հարցերի պատասխանը, որովհետև չէր կարող իրավական հարցերի պատասխանել: « Փոխարենը պատասխանում է բարոյահոգեբանական շատ հարցերի, որից հստակ երևում է, որ չեն հավատում դատաիրավական հսմակարգին»: Ըստ նրա, հանձնաժողովն աշխատել է բաց և թափանցիկ ու հետևողական վերաբերմունք է ցուցաբերել ցանկացած հարցի նկատմամբ: «Ժամանակավոր հանձնաժողովի գլխավոր առաքելությունը ստի բացահայտումն էր, օրինակ, հղի կնոջը մեքենայի տակ գցելու, կամ տղային պատի տակ գնադակահարելու դեպքը: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդպիսի լեգենդները հորինվել են մարդկանց նյարդերն ավելի լարելու համար:
Ա.Գ.












