Թուրք գործարարները ոգևորված չեն հայկական շուկայով
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Թուրքիայում հայ-թուրքական արձանագրությունների շուրջ անցկացվող քննարկումներն առավել ակտիվ համարեց, սակայն միաժամանակ կանխատեսեց, որ այսուհետ Հայաստանում անցկացվող քննարկումները ևս չեն զիջի իրենց ակտիվությամբ:
Թուրքիայի ոչ միատարր հասարակությունը միանշանակ չի մոտենում հայ-թուրքական հարաբերությունների հաստատման խնդրին: Դա պայմանավորված է նրանց բնակության վայրով, հետաքրքրություններով և գործունեությամբ: Օրինակ` Հայաստանի Հանրապետության սահմանի մոտ բնակվողները հիմնականում Նախիջևանից Կարս, Իգդիր տեղափոխված ադրբեջանցիներն են, ովքեր հակահայկական տրամադրություններ են տարածում և, ինչպես հաստատեց Ռ. Մելքոնյանը, պատճառաբանելով Կարսի թույլ տնտեսական մակարդակը, դեմ են արտահայտվում հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը: Իսկ թուրք գործարարների մի մասը հայաստանյան շուկան դիտարկում է որպես թուրքական մի նահանգի շուկա, քանի որ Հայաստանի Հանրապետության բնակչությունը չի գերազանցում թուրքական մի նահանգի բնակչությանը:
Ինչ վերաբերում է սահմանի բացման արդյունքում, այսպես կոչված, ծպտյալ հայերի բացահայտմանը, որոնց թիվը որոշ աղբյուրների հավաստմամբ 4 միլիոնի է հասնում, Ռ. Մելքոնյանն իրատեսական չի համարում: Ինչպես վերջինս նշեց, նրանք կազմակերպված համայնքներում չեն ապրում, տարբեր շերտերի են բաժանված և դեռ հարց է, թե որքանով են իրենց հայ համարում, չնայած որ գիտեն իրենց հայ նախնիների մասին:
Ա. Կ.












